Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անկախ մեր տարակարծություններից՝ ունենք միասնական սպառնալիք: Դա կանխելու համար ամեն մեկը պետք է պատրաստ լինի իր բաժին համագործակցության ու պատասխանատվության. Տաթևիկ Հայրապետյան

Հունվար 24,2024 12:07

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

«Փաշինյանը չարիք է․․․ նա մեզ փորձում է կտրել մեր արմատից, նա մեզ նոր պատերազմի է տանում․․․», այս և այլ՝ որոշակիորեն էմոցիոնալ թվացող, բայց փաստական ճշմարտությունները անպակաս են մեր լրահոսից ու մեր կյանքից։ Բայց միշտ պակասում են ի՞նչ անել ու ինչպե՞ս հարցերի պատասխանները։ Նրանք, ովքեր փորձում են տալ այս հարցերի պատասխաններն իրենց հնարավորության սահմաններում թիրախավորվում են կամ աջակցություն չեն ստանում այս փուլում առնվազն, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ մարդիկ իրապես սպասում են լուծումների։

Ինձ համար մի հետաքրքիր բան եմ բացահայտել՝ մեր հանրային-քաղաքական տիրույթում առանձնանում են պայմանական ու պատկերավոր կերպով ասած՝ «Ցռան Վերգոների» ու «Փոքր Մհերների» խմբերը։ Առաջին խումբը վախկոտ է, անհամարձակ, քանի որ իր դեմ կարող են որոշ կոմպրոմատներ ու անհարմար դրվագներ ի հայտ գալ, իսկ մյուս խումբը՝ դա լավ ժամանակների, հարմար իրավիճակների սպասող մարդկանց խումբն է։

Բայց անկախ մեր խմբային ու անհատական տարբերություններից՝ մենք այդպես էլ չենք ուզում հասկանալ, որ եթե միասին որոշում չկայացնենք որևէ բան փոխելու, կլինի դա Փաշինյանին հեռացնելու, մեր երկիրը ոտքի հանելու կամ էլ նորմալ բանակցություններ վարելու, բարդ հարցեր տալու ու դրանց պատասխանները գտնելու հարցերում, ապա ոչինչ չի փոխվի, ամեն ինչ կբարդանա, բայց դրական փոփոխություն  չի լինի, քանի որ մենք որևէ քայլ այդ ուղղությամբ չենք անում։

Վերջերս գործընկերներից մեկը մի լավ արտահայտություն արեց՝ նշելով, որ նախ պետք է միասին Հայաստանը պահենք, որ մեր ինքնության հավաքական տարածք լինի, որ այդ տարածքում շարունակենք իրար չսիրել, քննադատել, կռվել և չհանդուրժել։

Միտքս այն է, որ անկախ մեր տարակարծություններից, իրար չսիրելուց ու չվստահելուց՝ մենք ունենք միասնական սպառնալիք, ունենք իրավիճակ՝ դաժան ու ծանր, ոչ թե միայն այն պատճառով, որ ագրեսիվ հարևան ունենք, այլ այն պատճառով, որ մեր ղեկավարությունը փաստացի դարձել է այդ հակառակորդի ներկայացրած պահանջների ցուցակի կատարողը։ Նմանները համաշխարհային պատմության մեջ համարվում են կոլաբորացիոնիստներ՝ այսինքն հակառակորդի հետ համագործակցողներ։

Սա ինձ համար շատ ծանր է ընդունել, բայց դե փաստերն ակնհայտ են՝ սահմանադրություն փոխելուց մինչև Հայաստանի «լղոզված սահմաններ» խոսույթները դաշտ են նետվում մեր պետության ղեկավարի կողմից բացառապես Ադրբեջանի պահանջների շնորհիվ։

Դա փոխելու, կանխելու, դրականը բերելու համար ամեն մեկը պետք է պատրաստ լինի իր բաժին հանդուրժողականության, իր բաժին ներողամտության, իր բաժին համագործակցության ու պատասխանատվության, որ պահենք մեր տարածքը, մեր պետությունը, մեր ինքնությունն ու արժանապատվությունը, որ հետո լավ ժամանակներ գան ու էլի անհոգ ձևով շարունակենք կռվել ու քննադատել միմյանց՝ չվախենալով արդեն մեր պետության սահմանների, մեր ինքնիշխանության, մեր արմատների ու մեր արժանապատվության համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031