Ոչ միայն քաղաքական գործիչները, այլեւ սահմանադրագետները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Սահմանադրությունն ուզում է փոխել, որ ամրագրի Արցախի կորուստը եւ կատարի Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջը՝ հրաժարվելով նաեւ ցեղասպանության պահանջատիրությունից: Բանն այն է, որ գործող Սահմանադրությամբ ամրագրված է Արցախն այլ պետության կազմում ճանաչելու արգելքը, Սահմանադրության նախաբանը հղում է անում ՀՀ Անկախության հռչակագրին, որն էլ իր հերթին՝ 1989 թ․ դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂ Ազգային խորհրդի համատեղ որոշմանը։
Հռչակագրում ամրագրված է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թ. Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով եղել է նաեւ Գերագույն խորհրդի պատգամավոր եւ Հռչակագիրն ընդունողներից մեկը, մեզ հետ զրույցում ասում է, թե պարտադիր չէ, որ նոր Սահմանադրությունը հղում անի Անկախության հռչակագրին։
– Պարոն Աղազարյան, ինչո՞ւ է Հայաստանին նոր Սահմանադրություն պետք, եթե խորհրդարանական կառավարման մոդելը չի փոխվելու։ Որպես ԳԽ պատգամավոր՝ ինչպե՞ս եք վերաբերվում, որ նոր Սահմանադրության մեջ մեր հարեւանների պահանջով այլեւս հղում չի արվելու Անկախության հռչակագրին, որ հանգիստ ստորագրեն խաղաղության պայմանագիրը։
– Նոր Սահմանադրության ընդունումն ամենեւին չի նշանակում Հռչակագրի չեղարկում։ Եթե հիշում եք՝ հեղափոխությունից ամիսներ հետո նախաձեռնվեց սահմանադրական բարեփոխումների գործընթաց, հանձնաժողով ստեղծվեց, ինքս էլ դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ էի ներկայացրել, բայց կորոնավիրուս, պատերազմական գործողություններ, գործընթացն առկախվեց, հիմա կրկին ակտիվացվում է, եւ անհրաժեշտություն կա նոր Սահմանադրության։ Քանի անգամ է փոխվել Սահմանադրությունը, եթե չեմ սխալվում՝ վերջին փոփոխությունը 2015-ին էր, ինչո՞ւ այդ ժամանակ հարցեր չառաջացան, իսկ հիմա ասում եք՝ Հռչակագրից եք ուզում ազատվել, Ալիեւն է պարտադրում եւ այլն։
Կարդացեք նաև
– Ամենակարեւորը՝ Թուրքիան չի ընդունում, իսկ մենք պիտի այդ հարցում պահանջատեր լինենք։
– Թուրքիան, ինչ-ինչ հարցերից ելնելով, չի ընդունում, վաղը կարող է ընդունել։ Ես համաձայն չեմ պահանջատիրությանը, մենք ո՞վ ենք, որ պահանջատեր լինենք` որպես պետություն: Ինչի՞ պիտի պահանջատեր լինենք ուրիշ պետությունից, որն իր մեջ գտնվող մի ժողովրդի նկատմամբ իրականացրել է ցեղասպանություն, մենք նման պահանջատիրություն, որպես պետություն, չենք կարող ցուցաբերել, նման իրավական հիմք չունենք` դատապարտել, կոչ անել Թուրքիային՝ կարող ենք, բայց ոչ ավելին, Թուրքիան էլ կարող է վաղն ընդունել այդ փաստը։
– Ասում եք՝ մենք ով ենք, որ պահանջենք, բա դուք ո՞վ եք, որ պիտի հրաժարվեք այդ պահանջատիրությունից կամ Արցախի վերամիավորումից, դուք ինչո՞ւ պիտի մեր սերունդների փոխարեն նման որոշում ընդունեք։
– Բայց մենք նման պատասխանատվություն չենք վերցնում, այդ պատմական փաստաթղթերը կան՝ Ալմաթիի հռչակագիրը, այ, որպեսզի եկող սերունդները մեզ քննադատելու լրացուցիչ առիթներ չունենան, մենք ընդամենը Սահմանադրությունը փոխում ենք, որպեսզի պետության կառավարման համակարգն ավելի նպատակահարմար դարձնենք։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: