Լրահոս
Օրվա լրահոսը

Սա փորձադաշտ չէ, խաղուպար չէ՝ այսօր այսքան գումար ծախսենք, վաղը՝ նորից այդքան՝ ինչ-որ բաներ փոփոխելու համար. Ատոմ Մխիթարյան. «Ազգ»

Հունվար 24,2024 11:08

Azg.am-ի զրուցակիցն է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Պարո՛ն Մխիթարյան, ԿԳՄՍն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։ Արդյոք նույն տրամաբանությամբ «Հայոց լեզու» առարկան էլ պետք է վերանվանվի «Հայաստանի լեզու»։

-Նախևառաջ ասեմ, որ շատ տարակուսած եմ այն արագությունից, որը հետևեց քաղաքական գործչի (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝խմբ.) կողմից նշված թեմայի արծարծմանը։  Այդ հարցը բարձրացնելու հաջորդ օրն իսկ ԿԳՄՍՆ-ն արդեն պատրաստի նախագիծը տեղադրեց իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական https://www.e-draft.am կայքում՝ քննարկման։

Ուղղակի ապշեցուցիչ է. եթե նույն արագությամբ կազմակերպվեին այն բոլոր մտքերը և գաղափարները, որոնք վերաբերում են կրթության ոլորտի բարեփոխումներին, մենք հաստատ այս վիճակում չէինք լինի։ Իսկ այն ամենը, ինչ խաթարում է մեր ազգային մտածողությունն ու արժեքները, շատ մեծ արագությամբ մտնում է գործածության մեջ։

Անդրադառնալով բուն թեմային՝ կարող եմ ասել՝ տրամաբանությունը թելադրում է, որ «հայոց» բառն ավելի լայն է, քան Հայաստանը, որովհետև «հայոց»-ն իր մեջ ներառում է և՛ Հայաստանը, և՛ հայերին։ Արդյոք այն պատմությունը կամ լեզուն, որ ուսումնասիրում ենք, չպետք է ներառի նաև այն հայերին, որոնք Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս են բնակվում։ Ի դեպ, վերջիններս մի քանի անգամ շատ են Հայաստանում բնակվող հայերից։

Իհարկե, սա ընդունելի չէ։ Այդպիսի կեղծ նորամուծություններն օրակարգ բերելով, այդ թեմայի շուրջ քննարկումներ կազմակերպելով՝ ավելի շատ նպատակ կա հիմնական խնդիրներից մարդկանց շեղելու։ Բայց արդյոք հիմա դրա ժամանակն է՝ ընդ որում կեղծ թեզերով։

Ի՞նչ է նշանակում «Հայաստանի պատմություն»։ Այն մարդիկ, որոնք «Հայոց պատմություն»-ը փոխելու են «Հայաստանի պատմության», պետք է ասեն՝ այժմ դպրոցներում ուսումնասիրվող «Հայոց պատմություն»-ից ի՞նչ է դուրս մնալու։ Արդյոք ամեն ինչ պետք է դուրս թողնեն, ինչ չի վերաբերում Հայաստանի Հանրապետությանը, և արդյոք այդ պատմությունն պետք է սկսվի 1918 կամ 1991 թվականներից։ Իսկ այդ ամենից  առաջ ի՞նչ ենք ունեցել։ Այսինքն՝ ամեն ինչ մոռանում ենք, ջնջում ենք և սկսում ենք զրոյից։

Ի դեպ, խորհրդային տարիներին դպրոցներում «Հայոց պատմություն» առարկան կոչվում էր «Հայ ժողովրդի պատմություն», իսկ անկախությունից հետո գիտնականների և ակադեմիկոսների խումբն առաջարկել է այն փոխել «Հայոց պատմությամբ», և այդ մարդիկ էին, որ ավելի խորն էին մտածում և հասկանում՝ Հայաստանի պետականության պատմությանը զուգահեռ՝ մենք պետք է շատ լավ իմանանք նաև հայ ժողովրդի պատմություն, իսկ դրանց միասնությունը կլիներ հենց «Հայոց պատմությունը»։

Այսինքն՝ հիմա ովքե՞ր են որոշելու, որ ակադեմիկոսներ Բարխուդարյանի, Սիմոնյանի կարծիքը պետք է մի կողմ դնել և ինչ-որ նորելուկների կարծիքով՝ ընդ որում քաղաքական մեծ ազդեցության հիմքով, փոխել առարկայի անունը։

Հայտնի է, որ «Հայոց պատմություն-7» դասագրքի միայն տպագրման և առաքման համար պետբյուջեից 33 մլն 712.800 դրամ է ծախսվել։ Դասագրքի հնարավոր հետկանչման պարագայում ինչպե՞ս պետք է ԿԳՄՍՆը բացատրի կամ կոմպենսացնի այդ ծախսերը։

-Գիտեք, այդպիսի այնքան հարցեր կան։ Անցած տարվա ընթացքում տասնյակ միլիոնավոր դոլարներ տրվեցին առաջատար տեխնոլոգիաների այնպիսի կազմակերպությունների, որոնք գումարը ստանալու հաջորդ օրը փակվեցին։ Դրա համար որևէ մեկը մինչև հիմա պատասխանատվության չի ենթարկվել։ Եթե այդպիսի գործընթաց լինի, պետք է բոլորին պատասխանատվության կանչել։ Սա փորձադաշտ չէ, խաղուպար չէ՝ այսօր այսքան գումար ծախսենք, վաղը՝ նորից այդքան՝ ինչ-որ բաներ փոփոխելու համար։

Այս ամենը ջարդվում է կրթության ոլորտի գլխին, որը պետք է լինի ամենապահպանողականը և քիչ փոփոխվողը, որովհետև ցանկացած փոփոխություն շատ մեծ ազդեցություն է ունենում և հետ փոխելու համար ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ պետք է ծախսենք, նաև՝ հսկայական ֆինանսական միջոցներ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031