Երեկ հայտնի դարձավ, որ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է դաշնակցականներ Մուրադ Փափազյանի եւ Մասիս Աբրահամյանի հայցերը։ Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, ժամանելով Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայանում պարզել էր, որ ինքն արդեն Հայաստանի իշխանությունների համար անցանկալի անձ է՝ «պերսոնա նոն գրատա», եւ Փափազյանին ստիպել էին հենց օդանավակայանից հետ վերադառնալ Ֆրանսիա։ Ավելի ուշ նույն բանը տեղի էր ունեցել այլ սփյուռքահայ դաշնակցականների` Մասիս Աբրահամյանի եւ նրա դստեր՝ Սյունե Աբրահամյանի պարագայում, հետագայում այս ցանկում հայտնվեցին նաեւ այլ դաշնակցականներ, ռուսաստանցի քաղաքագետներ եւ անգամ Պետդումայի անդամ։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր՝ դաշնակցական Քրիստինե Վարդանյանին հարցրինք՝ դատարանի այս որոշումն իրավական գործընթացի արդյո՞ւնք էր, թե՞ քաղաքական որոշում կամ ճնշումներ կային Փափազյանի հետ կապված հարցում։ Հաշվի առնելով Փափազյանի մտերիմ հարաբերությունները Ֆրանսիայի նախագահի հետ, հնարավո՞ր է, որ Էմանուել Մակրոնը ճնշում բանեցրած լինի Փաշինյանի դեմ, որպեսզի վերացնեն այս արգելքը։
«Սա իսկապես ակնհայտ ապօրինի որոշում էր։ Կարծում եմ՝ դատավորը բախվել է այս ակնհայտ փաստին եւ կայացրել է իրավական որոշում, որը շատ կարեւոր է եւ կարող է նախադեպային լինել մյուս դեպքերի համար։ Իհարկե, չեմ կարող կանխատեսել, թե իրավական ինչ գործընթաց կունենան այս գործերը։ Ես պարզապես ցանկանում եմ հիշեցնել, որ նույնանման որոշումներ են կայացվել ոչ միայն Մուրադ Փափազյանի, այլեւ Մասիս Աբրահամյանի գործով։ Հետեւապես կարծում եմ՝ դերակատարն այստեղ եղել է ակնհայտ ապօրինությունը եւ դրա տակ չստորագրելու դատավորի որոշումը»,- պատասխանեց Վարդանյանը։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: