Շատերը տարակուսում են, թե ինչ եղան մարդու իրավունքների բազմաթիվ պաշտպանները, 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո։ Իսկ գուցե, այդ նույն հեղափոխությունից հետո, Հայաստանում այլևս չե՞ն խախտվում մարդու իրավունքները, կամ ուղղակի համեմատելի չեն, այսօրվա և նախկինների ժամանակ մարդու իրավունքների խախտումները։
Փորձենք սահմանել, նախ՝ թե ինչ է մարդու իրավունքը, համեմատական գնահատական տալ մինչև ստի և կեղծիքի հեղափոխությունը և դրանից հետո մարդու իրավունքների վիճակին, ինչպես նաև ինչու են լռում իրավապաշտպանները։
Այսպես, մարդու իրավունքն ուղղահայաց հարաբերությունն է մարդու և պետության միջև։ Այսինքն` մարդու իրավունքի խախտում, նշանակում է մարդու նկատմամբ զանցանք կամ հանցագործություն պետական որևէ մարմնի կողմից։
Արձանագրենք նաև մի կարևոր հանգամանք ևս՝ առանց իրական անկախ դատաիրավական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանությունը եռակի, քառակի, տասնապատիկ անգամ ավելի բարդ է, եթե ոչ՝ անհնար։ Այսպիսով, մարդու իրավունքների պաշտպանները պետք է պայքարեն, իրական դատաիրավական համակարգի անկախության համար և անհանդուրժող լինեն համակարգին՝ գործադիր իշխանության կողմից ցանկացած միջամտության։
Կարդացեք նաև
Բնական է, որ աշխարհի բոլոր մարդիկ ոմանց նկատմամբ ունենում են սեր և համակրանք, ոմանց՝ հակակրանք և ատելություն։ Իհարկե,սա վերաբերում է նաև մարդու իրավունքների պաշտպաններին նույնպես։ Սակայն, մարդու իրավունքների սկզբունքից հետևում է, որ մարդու իրավունքների պաշտպանները պետք է իրենց մեջ ուժ գտնեն և կարողանան վեր կանգնել անձնական վերաբերմունքից և պաշտպանել նաև իրենց կողմից հակակրանքի և ատելության արժանացած մարդկանց իրավունքները, եթե դրանք խախտվում են պետական մարմինների կողմից։ Դժվա՞ր է, իհարկե դժվար է։
Եվ ընդհանրապես, շատ դժվար, այո՛ դժվար առաքելություն է մարդու իրավունքների իրական պաշտպան լինելը։ Ինչպես ասում էր իրավապաշտպանության ակունքներում գտնվող «Մոսկովյան հելսինկյան խմբի» համահիմնադիր և նախագահ Լյուդմիլա Ալեքսեևան` «Եթե քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, ապա իրավապաշտպանությունը՝ անհնարինի»։
Կրկնեմ՝ իրավապաշտպանը պետք է իր մեջ ուժ գտնի և հաղթահարի իր հակակրանքը և նույնիսկ ատելությունն այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ հանցագործություն են կատարել պետական մարմինները՝ պաշտպանելով նրանց իրավունքները։
Արձանագրենք, որ մինչև 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունը, Հայաստանում պարբերաբար խախտվում էին մարդու իրավունքները, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ Հայաստանում ունենում էինք քաղբանտարկյալներ։ Սակայն, Հայաստանում առկա էր, ինչպես ասում են քաղաքացիական հասարակություն՝ մարդու իրավունքների զգալի թվով պաշտպաններով, որոնք պայքարում էին մարդու իրավունքների խախտումների դեմ, ինչպես հայտարարություններով, այնպես էլ տարբեր քննարկումներով և այլ գործողություններով։ Արդյոք, այդ գործողությունները արդյունավե՞տ էին։ Հավանաբար, ոչ միշտ։ Ամեն դեպքում, Հայաստանը չլինելով ժողովրդավարական, իրավական պետություն՝ բռնապետություն նույնպես չէր, ինչպես նաև Հայաստանի ոչ մի ղեկավար չի ունեցել ընդգծված բռնապետական հակումներ։ Նրանք հաշվի էին առնում ոչ միայն միջազգային կառույցների գնահատականները՝ ստանձնած պարտավորությունների վերաբերյալ, այլև ներսի՝ քաղաքացիական հասարակության և իրավապաշտպանների կարծիքը նույնպես։ Որքան էլ նրանց համար տհաճ լիներ, նրանք հանդուրժում էին իրենց նկատմամբ քննադատությունները և երբեմն ընդառաջ էին գնում և կատարում քաղաքացիական հասարակության պահանջները։ Պատահական չէր, որ իշխանությանը ամենաթունդ քննադատող իրավապաշտպաններն անդամակցում էին տարբեր նախարարությունների հասարակական խորհուրդներին։ Անձամբ ես և մեր կազմակերպության անդամները անդամակցել ենք ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խմբին, ինչպես նաև Արդարադատության և Պաշտպանության նախարարությունների հասարակական խորհուրդներին։
Արդ, ի՞նչ փոխվեց 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո։ Իրականացավ ընդամենը մեկ բան՝ բացահայտում, կամ այն անվանենք, նույն քաղաքացիական հասարակության սիրելի բառով՝ լյուստրացիա։ Բացահայտում, այն բանի, որ Հայաստանում գործող իրավապաշտպանների համար մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ թե առաքելություն էր, համոզմունք, արժեք, այլ ընդամենը, մեղմ ասած՝ աշխատանք, հանուն աշխատավարձի, այն է՝ դրամաշնորհների։
Կփորձեմ, կոնկրետ օրինակներով ցույց տալ, թե ինչպես էին 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո ճանաչված իրավապաշտպանները կամ խուսափում գնահատականներ տալ մարդու իրավունքների աղաղակող խախտումներին կամ դրանք ողջունում։
Մի կողմ դնենք 2018 թվականին Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ժամանակ հնչած «սևեր և սպիտակներ», «ասֆալտին փռելու» կոչերը, որոնց լայն ժպիտը դեմքին հավանություն էր տալիս նախկին լրագրող, ապա իրավապաշտպանությամբ զբաղվող գեղեցկադեմ տիկինը։ Նույն 2018 թվականին, իրավապաշտպանների համար թիվ մեկ փորձությունը եղավ վարչապետ-ԱԱԾ պետ-ՀՔԾ պետ հեռախոսային խոսակցությունների հրապարակումը։ Սա այն դեպքն էր, որ ինչպես վերևում նշեցի, համոզմունքով իրավապաշտպանը, անկախ Ռ․ Քոչարյանի նկատմամբ ունեցած իր անձնական վերաբերմունքից, պետք է պահանջեր երեք պաշտոնյաների անհապաղ հրաժարականը և Ռ․ Քոչարյանի ազատ արձակումը։ Բայց՝ ոչ, ոչ միայն մարդու իրավունքների այդպիսի աղաղակող խախտումի գնահատական չտվեցին, այլ ամենաճանաչված իրավապաշտպաններից մեկն ինձ բառացիորեն հետևյալն ասաց․ «Սրանով իզուր տեղը Քոչարյանին ՄԻԵԴ դիմելու հնարավորություն են տալիս»։
Իրավապաշտպանական թեմաներով հոդվածներ, հարցազրույցներ հրապարակող լրատվամիջոցը Ռ․ Քոչարյանի պաշտպաններին անվանեց «սատանայի փաստաբաններ», որը հավանության արժանացավ իրավապաշտպանների կողմից։ Այսինքն, սույն իրավապաշտպաններն ուրացան իրենց «սուրբ գիրքը»՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի 6-րդ հոդված՝ Արդար դատաքննության իրավունքի Գ․ կետի համաձայն, ցանկացած մարդ իրավունք ունի ունենալ դատապաշտպաններ։ Այլ իրավիճակում նրանք գերազանցիկի պես անգիր կկրկնեին ողջ կոնվենցիան։ Իսկ իմ քննադատությունը վերոնշյալ եռախոսությանը մեկ այլ իրավապաշտպանի կողմից գնահատվեց որպես «նախկինների» պաշտպան։
Անկեղծ ասած, իհարկե, առանց արդարացման, մտածում էի, որ իմ գործընկեր իրավապաշտպանները դեռևս գտնվում են հեղափոխության էյֆորիայի տակ և որոշակի ժամանակ անց նորից, ինչպես նախկինում, կսկսեն իրենց անզիջում իրավապաշտպանական գործունեությունը։
Եկավ 2019 թվականը, երբ արդեն տեղի էին ունեցել արտահերթ ԱԺ ընտրությունները և ստի և կեղծիքի հեղափոխության մարտիկներն իրենց տիրակալի գլխավորությամբ ամրապնդել էին իրենց արդեն անսահմանափակ իշխանությունը։ Ինչպես ամեն տարի, 2019 թվականի հունվարին նույնպես, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներով հավաքվել էինք Աղվերանի հանգստյան տներից մեկում, քննարկելու նոր՝ 2019 տարվա առաջնահերթությունները։
Տարբեր թեմաների քննարկումներից մեկի ժամանակ ձայն խնդրեցի և ասացի մոտավորապես հետևյալը․
-Կարծում եմ, որ կես տարուց ավելի է, որ նոր իշխանություններին մենք, ինչպես պետք է՝ չենք քննադատում։ Լավ, ընդունենք, որ ինչպես ասում են, նրանց որոշակի ժամանակ քարտ բլանշ էինք տվել։ Կարծում եմ, որ արդեն բավական է և պետք է արդեն խստորեն քննադատենք նրանց կողմից մարդու իրավունքների խախտումները։
Ելույթիս ընթացքում և հատկապես ավարտից հետո, բոլոր ներկաները հայացքներն ուղղեցին հանդիպմանը ներկա, դրամաշնորհներ տվող կազմակերպության տնօրենին։ Տեսնելով նրա դեմքի զայրացած արտահայտությունը, բոլոր ներկաները լռեցին և ինձնից հայացքները փախցրեցին։
Այդ օրերին էր, երբ հացադուլից մահացավ քաղբանտարկյալ Մհեր Եղիազարյանը։ Աղվերանի հավաքի մասնակիցներին առաջարկեցի հայտարարությամբ դատապարտենք ինչպես Մհեր Եղիազարյանին կալանքի որոշում տված դատավորին, այնպես էլ պատվիրատուներին։ Եվ նորից բոլորի հայացքն ուղղվեց դեպի նույն անձին։ Եվ ինչպես նախորդ անգամ, ոչ մեկը հավանություն չտվեց առաջարկիս։
Աղվերանի հավաքույթից հետո, որն էլ պարզվեց ինձ համար վերջինն էր, բավականին հիասթափություն ապրեցի իմ գործընկերներից։ Ամեն դեպքում, դեռևս հույս ունեի, որ նրանք, այնուամենայնիվ, հավատարիմ կմնան իրենց դավանած արժեքներին և որոշակի ժամանակ անց նորից կանցնեն գործի։ Պարզվեց, որ ես լավատեսորեն սխալվում էի։
Հետագա տարիներին, նրանք կամ չնկատեցին, կամ ողջունեցին դատարանների շրջափակումը, դատավոր Դավիթ Գրիգորյանին շինծու մեղադրանքի առաջադրումը, Սահմանադրական դատարանի կազմաքանդումը, ինչպես նաև քաղաքական հալածանքները։
Բայց նրանց բոլորից վերջնականապես հիասթափվեցի 2020 թվականի պարտությունից հետո։
Այս անգամ արդեն պատռվեցին նրանց բոլորի իրավապաշտպանական կեղծ դիմակները։ Պարզվեց, որ նրանց համար ոչ միայն ժողովրդավարությունը, իրավական պետությունը, մարդու իրավունքները արժեքներ չեն, այլև՝ հայրենիքը։
Փաստորեն, քաղաքացիական հասարակության և իրավապաշտպանների կարկառուն ներկայացուցիչները ոչ թե դավանում էին և են այն արժեքներին, որոնք հռչակել են, փորձելով իրենց երկիրը համապատասխանեցնել դրանց, այլ ենթարկվում են միմիայն իրենց փող՝ դրամաշնորհ տվողների ցուցումներին։
Այո՛, համոզված եմ, որ ցուցումով նրանք շարունակեցին իրենց հավատարմությունը պարտված, Արցախն ուրացած իշխանությանը։ Այդ մասին է վկայում նրանց բոլորի կողմից 2021 թվականի արտահերթ ԱԺ ընտրությունների գնահատականը, որպես ազատ, արդար, չնկատելով ոչ վարչական ռեսուրսի կիրառումը, ոչ քաղաքական հետապնդումները, ոչ զինվորների ուղղորդված քվեարկությունները։
2022 թվականին հիշում եմ Հ1-ով մի քննարկում՝ հավաքների ժամանակ ոստիկանների գործողությունների վերաբերյալ։ Տաղավարում ներկա էին բոլոր ճանաչված իրավապաշտպանները։ Եվ ի՞նչ․․․ Նրանք հաճախ ժպտալով արդարացնում էին ոստիկանության վայրագությունները։
Մի խոսքով, 2018, իսկ հատկապես՝ 2020 թվականից հետո, վարչապետ կոչեցյալի կողմից դատաիրավական համակարգի յուրացման և հպատակեցման, ինչպես նաև մարդու իրավունքների աղաղակող խախտումների մասին բազմաթիվ օրինակներ կարելի է բերել։
Միայն մեկ փաստ արձանագրենք՝ այսքան քաղաքական հետապնդվողներ և քաղբանտարկյալներ չեն եղել մինչև 2018 թվականը։
Վարչապետ կոչեցյալի պատվերով մարդկանց մեղադրում և կալանավորում են որևէ գրառման համար կամ քրքրում են տարիներ առաջվա մարդու գործունեությունը և՝ էվրիկա․ պարոն վարչապետ, վերջապես , կարծես թե մի բան գտանք։ Երբ կարդում ես, թե ինչում են մեղադրվում, օրինակ Արմեն Աշոտյանը, Գրիգորի Խաչատուրովը, իրավաբանական գիտելիքներ բացարձակապեսանհրաժեշտ չէ ունենալ, նրանց քաղբանտարկյալներ համարելու համար։ Կամ, հոր հանդեպ, ատելությունից կուրացած, Ռ․ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին մեղադրանք առաջադրելն ու կալանելը։ Բայց․․․ հայրենի իրավապաշտպանները լռում են։
Նրանք լռեցին, երբ 2022 թվականից սկսած, վարչապետ կոչեցյալը մի քանի անգամ ուրացավ Արցախը։ Նրանք լռեցին նաև Արցախի ցեղասպանությունից հետո։ Մի պահ մոռանանք այն, որ Արցախը պատմական Հայաստանի մասն է և դիտարկենք խնդիրը զուտ մարդու իրավունքների տեսակետից։ Այն ոչ միայն ժողովուրդների ինքնորոշման, այլև արցախցիների կյանքի իրավունքի հարցն էր, ուստի և, վարչապետ կոչեցյալի կողմից Արցախի ուրացումը, պետք է արժանանար իրավապաշտպանների ընդվզմանը։
Նրանք շարունակում են սերտ համագործակցությունն իրենց գլոբալիստ գործընկերոջ հետ, որը 2021 թվականին թուրքական Անադոլու գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ տարածաշրջանում Թուրքիան պետք է փոխարինի Ռուսաստանին, նաև կողմ արտահայտվեց Զանգեզուրի միջանցքին։ Սա միայն մեկ բացատրություն կարող է ունենալ՝ համաձայն լինել այդ թեզերի հետ։ Նրանցից ոմանք անդամ են սահմանադրական հանձնաժողովին, այն է՝ համաձայն են և՛ Արցախի, և՛ հայոց ցեղասպանության և՛ հայոց խորհրդանիշ Արարատ լեռան ուրացմանը։
Քաղհասարակության որոշ կազմակերպությունների առաքելությունը պայքարն էր ընդդեմ կոռուպցիայի։ Դեռ մի կողմ դնենք, որ այդ կազմակերպությունները, նույն 2018 թվականից հետո այլևս չնկատեցին համատարած ծաղկող կոռուպցիան բոլոր բնագավառներում։ Հետաքրքիր է, արդյոք կոռուպցիա չէ՞ այն երևույթը, երբ դրամաշնորհ ես ստանում, դիցուք՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարելու համար, բայց կամ լռում ես կամ գովերգում ու պաշտպանում մարդու իրավունքները ոտնահարող կոռուպցիոներներին։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ