Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա դուք ի՞նչ եք առաջարկում»

Հունվար 24,2024 10:00

Իմ նյութերի արձագանքները լինում են «զուտ ՔՊ-ական»՝ անգրագետ, տրանսլիտով եւ հայհոյանքներով (չգիտեմ՝ արդյոք դա ամբողջությամբ «ֆեյքերի ֆաբրիկայի» փայլուն մտքի արգասի՞քն է), եւ «կիսա-ՔՊ-ական»՝ «բա դուք ի՞նչ եք առաջարկում»: Առաջինին, բնականաբար, բան չունեմ պատասխանելու՝ հուսամ, հայհոյողները գոնե ստանում են ինչ-որ բարոյական կամ նյութական բավարարվածություն: Երկրորդին, կարծում եմ, արժե անդրադառնալ:

Ընդհանուր առմամբ՝ համոզված եմ, որ առաջարկներ պիտի անեն իշխանության ներկայացուցիչները եւ իշխանության հավակնորդները (ընդդիմությունը): Քանի որ ես երկուսից էլ, ինչպես ասում են, կիլոմետրերով հեռու եմ, իմ իրավասությունների մեջ է մտնում միայն արձանագրել իրավիճակը: Եթե ես տեսնում եմ, որ տունը վառվում է, ապա, որոշակի լսարան ունենալով, կարծում եմ, պարտավոր եմ այդ լսարանի ուշադրությունը դարձնել տվյալ հանգամանքի վրա: Բայց թե՝ ինչպես հանգցնել այդ հրդեհը, այդ հարցի պատասխանը պետք է տան հրշեջ պաշտպանության մասնագետները: Ավելին ասեմ՝ եթե «մեր տան» բնակիչներն ասում են, որ ամեն ինչ հոյակապ է, ոչ մի հրդեհ չկա, ամբողջ աշխարհում պատերազմ է, իսկ մեզ մոտ «խաղաղության խաչմերուկ», ուրեմն, ավելի լավ՝ ես սխալվում եմ, եւ մենք գնում ենք դեպի շողշողացող, պայծառ ապագա: «Եվ ուրեմն, կեցցեն մեր երեխաները, որոնք ապրելու են…»:

Բայց եթե կա մտավախություն, որ մենք գնում ենք սխալ ուղղությամբ, եւ «դուք ի՞նչ եք առաջարկում» հարցը քողարկում է ճակատագրապաշտությունը՝ «միեւնույն է, ոչինչ հնարավոր չէ անել», ապա դրան պետք է հակադրվել, եւ եթե ոչ՝ առաջարկները, ապա ակնկալիքներն արժե ձեւակերպել: Անձամբ ես Հայաստանի իշխանություններից ակնկալում եմ, որ նրանք

ա/ դադարեցնեն քաղաքական հետապնդումները,

բ/ դադարեցնեն որեւէ չափանիշով («ներկա-նախկին», «հայաստանցի-ղարաբաղցի» եւ այլ) հասարակության պառակտումը,

գ/ դադարեցնեն իրենց արբանյակների միջոցով հրահրվող հակառուսական հիստերիան (դա չի նշանակում՝ արդարացնել Կրեմլի ցինիզմը՝ խոսքը պետական հավասարակշիռ քաղաքականության մասին է):

Արդյոք այդ ակնկալիքների իրականացումը մեզ փրկելո՞ւ է: Ոչ, դա, կարծում եմ, պարտադիր, բայց ոչ բավարար պայման է: Սակայն դա հասարակության մեջ կստեղծի ավելի հանգիստ, մեղմ, կասեի՝ ավելի ադեկվատ մթնոլորտ, որը թույլ կտա մտածելու «մեր տան հրդեհի» մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Կան բիւրաւոր մարդիկ, որոնք ստանձնած են ուղղակի, բառացիօրէն՝ պարտականութի՛ւնը, այժմու ՀՀ վարչակարգը փոխելու: Ի պաշտօնէ: Կուսակցական, եկեղեցական, միութենական, համայնքային պաշտօններով: Ոմանք աշխատավարձ են ստանում դրա համար, ոմանք՝այլ, անձնական ինչ-ոդ «բարոյական» շահագրգռութիւն մը ունին այդ պաշտօնների կապակցութեամբ, իսկ ոմանք ալ՝ երկուքը:

    Որեւէ մէկը իրենց չէ ստիպած որ այդ պաշտօններն ու այդ պարտականութիւնը ստանձնեն: Իրենք, շատ, շատ ուզած են այդ պաշտօնները: Տարիներով, ինչեր ըրած են ու չեն ըրած, հասնելու համար այդ պաշտօններուն:

    Նախ եւ առաջ, այս մարդիկն են որ պիտի ծրագրէին, կազմակերպէին եւ ղեկավարէին այն շարժումը, որ վերջ պիտի դնէր Հայոց այժմու վիճակին: Գոնէ կասեցնէր, կամ միայն դանդաղեցնէ՛ր՝ Հայոց ընթացքը դէպի վերջնական Անդունդ:

    Ասիկա, այժմու եւ ընթացիկ, ի պաշտօնէ ազգային ղեկավարներու մասին է:

    Ասոնց վրայ կ’աւելնան անցեալ քսան տարիներու ղեկավարները. այս պարագային, նամանաւանդ քաղաքական եւ կուսակցական ղեկավարները. որոնց յանցանքով է ուրեմն որ այս վիճակին հասանճք, որ Փաշինյանի նման արարած մը, դարձաւ Հայոց Ճակատագրի նաւապետը… Անոնք, ի՞նչ են անում: Ստորագրեալին համար ամենամեծ շօ՛քը, այս մէկն է: Քանզի անոնցմէ շատերը, բան մը կը կարծէի. կարող եւ ուժեղ են, կը կարծէի. եւ իրենք ալ իրենց այդպէս կը ներկայացնէին, կը ծախէին. մէջտեղ ելաւ որ՝ ֆսսսսս. բարակ պալօններ են եղեր. սոսկալի պլաֆճիներ: Եւ ուրեմն, այսպէս ալ, պիտի հասնինք Աղէտի յաջորդ հանգրուանին:

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Լավատես says:

    Պարույր Սևակ

    ՕՐՎԱ ԵՐԳԸ
    Մենք հասկանալով՝ հաճախ չենք զգում
    Մեր ապրած օրվա իմաստը խորին.
    Հաճախ մեզ օրը թվում է անգույն,
    Թվում է՝ ոչինչ չփոխեց կյանքում
    Ու չպարգևեց ոչինչ աշխարհին:

    Նա ի՞նչ է արել. այգի է ջրել,
    Առու է հանել, քաշել է ածու:
    Սա՛ ի՞նչ է արել. լոկ սերմ է ցրել:
    Ե՛ս ի՞նչ եմ արել. մի երգ եմ գրել,
    Մի երգ եմ գրել, ոչ ժողովածու:

    Ամեն օրվա պես պաստառ է գործել
    Ամեն օրվա պես աղջիկն այս ժպտուն:
    Ամեն օրվա պես դրել է փորձեր,
    Ո՛չ գյուտ է արել, ո՛չ հրաշք գործել
    Այս գիտնականը իր փորձադաշտում:

    Ամեն օրվա պես քաջ վիետնամցին
    Կռիվ է մղել դիրքերից խոնավ:
    Իր ատամներից, բռունցքից բացի
    Այլ բան չի սեղմել դեռ եգիպտացին՝
    Տեսնելով զինված թշնամու նոր նավ…

    Մենք հասկանալով՝ հաճախ չենք զգում
    Մեր ապրած օրվա իմաստը խորին.
    Հաճախ մեզ օրը թվում է անգույն,
    Թվում է՝ ոչինչ չփոխեց կյանքում
    Եվ չպարգևեց ոչինչ աշխարհին:

    Բայց օրը ունի իր լիցքը ներքին,
    Իր լիցքը անտես՝ ատոմի նման:
    Ձայնակցում են ի՛մ, քո՛ գրած երգին
    Ամբո՜ղջ մի աշխարհ, ամբո՜ղջ մի երկիր,
    Եվ – նա հնչում է աշխարհում համայն:

    Ջահել աղջկա պաստառը գործած
    Առագաստ դարձած՝ նավեր է վարում,
    Նավե՛ր, որ հացի հակերը բարձած,
    Խեղճ հնդիկներին սոված ու քաղցած
    Հացի հետ նաև հավա՜տ են տանում:

    Ոռոգված այգին իր բերքն է տալիս.
    Եվ բերքից բացի՝ նույն այգում դրած
    Համեստ փորձերով, դեռ չանցած տարին
    Ցուրտ հյուսիսն անգամ նույն բերքն է տալիս
    Աշխարհի ապշած աչքերի առաջ:

    Մենք հասկանալով՝ հաճախ չենք զգում
    Մեր ապրած օրվա իմաստը խորին,
    Հաճախ մեզ օրը թվում է անգույն,
    Թվում է՝ ոչինչ չփոխեց կյանքում
    Եվ չպարգևեց ոչինչ աշխարհին:

    Բայց չմոռանա՛նք, հիշե՜նք հավիտյան,
    Որ օրերով է դարն ամենազոր,
    Եվ որ ամեն օր մեր կամքով հզոր
    Ատամնանիվը համառ պատմության
    Առաջ է գնում և՛ս մի խազով:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031