Արտակարգ իրավիճակներից որևէ մեկն ապահովագրված չէ, սակայն կանխատեսելի դժվարություններին նախապատրաստվելը դեռ ոչ մեկին չի վնասել։ Օրինակ՝ այս մի քանի պարզ քայլերի և խորհուրդների շնորհիվ կարելի է ձմռանն անվտանգ դարձնել անբարենպաստ եղանակային պայմաններում մեքենայով երթևեկությունը և դուրս գալ արտակարգ իրավիճակներից հնարավորինս անվնաս։
Ավտոմեքենան ձմեռային երթևեկությանը նախապատրաստելու համար՝
- Տեղադրեք ձմեռային անվադողեր։
- Ստուգեք «անտիֆրիզի» (հակասառիչ) մակարդակը՝ համոզվելով, որ այն բավարար է սառեցումից խուսափելու համար։
- Ստուգեք մարտկոցն ու գործարկման համակարգը. դրանք պետք է լինեն գերազանց վիճակում, իսկ մարտկոցի սեղմակները՝ մաքուր։
- Ուշադրություն դարձրեք վառելիքի և օդի զտիչներին՝ թույլ չտալով ջրի ներհոսքը համակարգ։ Բենզինով լի բաքը կպահպանի համակարգը սառչելուց։
- Ստուգեք յուղի մակարդակը։
Եթե ձմռանը ստիպված եք երկար ճանապարհ անցնել, ապա մեքենայի մեջ ունեցեք վթարային իրավիճակների համար նախատեսված հետևյալ իրերի հավաքածուն՝
Կարդացեք նաև
- Բահ,
- ապակու քերիչ և փոքր ավել,
- լապտեր,
- մարտկոցով աշխատող ռադիո,
- ջուր,
- չոր սնունդ,
- լուցկի,
- լրացուցիչ գլխարկներ, գուլպաներ ու ձեռնոցներ,
- առաջին օգնության պարագաների դեղատուփ, ձեզ անհրաժեշտ դեղամիջոցները,
- գրպանի դանակ,
- ծածկոց,
- պարան կամ բուքսիրային շղթա, մալուխներ,
- ճանապարհի աղ կամ ավազ,
- լուսազդանշանային միջոցներ։
Ձմռանը ճանապարհին կարող են ստեղծվել այնպիսի վիճակներ, երբ այլևս անհնարին է լինում մեքենան վարելը, այդ դեպքում սպասե՞լ մեքենայում, թե՞ դուրս գալ և փորձել օգնություն փնտրել։
Խորհուրդ է տրվում սպասել ավտոմեքենայի մեջ, քանի որ այդպես ավելի մեծ է հավանականությունը, որ ձեզ կգտնեն, և դուք անվտանգ կլինեք, ինչպես նաև եթե՝
- հաջողվել է կապ հաստատել փրկարար ծառայության հետ,
- եթե մոտակայքում չի երևում կամ չկա անվտանգ վայր,
- եթե հագնված չեք եղանակին համապատասխան,
- եթե չունեք օգնություն կանչելու հնարավորություն։
Ճանապարհին մնալու դեպքում կարելի է թողնել մեքենան ու գնալ այն դեպքում, եթե՝
- համոզված եք, որ շուրջն անվտանգ է, և կարող եք օգնություն ակնկալել մոտակայքում,
- եթե դրսում կա լավ տեսանելիություն և բարենպաստ պայմաններ,
- եթե հագնված եք եղանակին համապատասխան։
Ի՞նչ անել, եթե ձմռանը ճանապարհին մեքենան խափանվել է
Հնարավորության դեպքում հեռացրեք մեքենան ճանապարհից և միացրեք վթարային ազդանշան։
Եթե չի հաջողվում կապվել փրկարար ծառայության հետ, ապա օգտագործեք հնարավոր այլ միջոցները՝ ուշադրություն գրավելու համար, ասենք՝ թաշկինակ կամ որևէ վառ գույնի կտոր կախեք ապակուց։
Մնացեք մեքենայի մեջ, անջատեք մեքենան, եթե կարող եք և ժամը մեկ 10 րոպեով միացրեք տաքացուցիչը՝ տաքանալու համար՝ երբեմն-երբեմն օդափոխելով մեքենայի սրահը։
Մաքրեք այն հատվածի ձյունը, որը կարող է արգելափակել արտանետման խողովակը՝ շմոլ գազից թունավորումը կանխելու համար։
Եթե մեքենայի մեջ մենակ չեք, քնեք հերթափոխով։
Խնայողաբար օգտագործեք մեքենայի մարտկոցը, սակայն գիշերը լույսը միացրած թողեք․ այդպես ձեզ ավելի հեշտ կգտնեն։
Ի՞նչ անել ցրտահարության դեպքում
Ցրտահարությունը լուրջ հիվանդություն է, որն առաջանում է մաշկի և հյուսվածքների սառեցման ժամանակ։ Ցրտահարության նախանշաններն ու ախտանշաններն են՝ վերջույթների, մասնավորապես ձեռքերի ու ոտքերի մատների, քթի, դեմքի, ականջների զգայունակության կորուստը, մաշկի գույնի փոփոխությունը։ Վնասված հատվածները սովորաբար գունատ կամ անգամ սպիտակ են լինում։
Աննշան ցրտահարության դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես շփել ու տաքացնել ցրտահարված հատվածը՝ անոթների կծկումը կանխելու համար։
Զգայունակության կորստի, մաշկային ծածկույթների սպիտակեցման դեպքում խորհուրդ է տրվում ծածկել վնասված հատվածն ու չտրորել այն՝ արագ տաքացումից խուսափելու համար։ Եթե կա հնարավորություն՝ վնասված հատվածները պատել ջերմամեկուսիչ վիրակապերով (բամբակյա, բրդյա)։
Ապահովել մարմնի ցրտահարված հատվածների անշարժությունը։
Ջերմամեկուսիչ վիրակապը թողնել այնքան, մինչև հայտնվի տաքության զգացումն ու վերականգնվի ցրտահարված հատվածի զգայունակությունը, այնուհետև տուժածին տաք թեյ տալ։
Չի կարելի պոկել կամ ծակել մաշկի վրա առաջացած բշտիկները։
Ի՞նչ անել հիպոթերմիայի դեպքում
Հիպոթերմիան (մարմնի ջերմաստիճանի նվազեցում) առաջանում է, երբ մարմինը ջերմությունն ավելի արագ է կորցնում, քան կարող է ջերմություն արտադրել՝ առաջացնելով մարմնի վտանգավոր ցածր ջերմաստիճան (35° C-ից ցածր): Հիպոթերմիայի նախանշաններն են հիշողության կորուստը, ուժեղ դողը, անհասկանալի խոսքը, քնկոտությունը և այլն։
Հիպոթերմիան անհետաձգելի բուժօգնություն պահանջող իրավիճակ է, որի առաջնային բուժումը մարմինը նորմալ ջերմաստիճանի վերադարձնելու մեթոդներն են՝ պետք է փորձել բարձրացնել տուժածի մարմնի ջերմաստիճանը տաք հագուստի, ծածկոցների միջոցով, նրան տաք ըմպելիք տալ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ MedicineNet