Օրերս Առաջին բիզնես դպրոցում վարպետության դասի ընթացքում White Raven ընկերության համահիմնադիրներ Արմինե Ուդումյանը եւ Ավետիս Հարությունյանը հայտարարեցին Sustainable Event Management-ի պրակտիկան լայնորեն ու պրոֆեսիոնալ մակարդակով Հայաստան ներմուծելու մասին: White Raven-ը PR-ի եւ միջոցառումների կազմակերպման ընկերություն է: Հիմնադիրները սկսնակ գործարարների հետ հանդիպմանը դիրքավորեցին իրենց ընկերությունը որպես «կանաչ» եւ կայուն միջոցառումների կազմակերպման առաջին ընկերությունը Հայաստանում:
«Եթե տեսնեք White Raven-ի վառ կանաչ լոգոն, ապա, իմացեք, որ մենք արել ենք առավելագույնը՝ միջոցառումը հնարավորին չափ էկոլոգիապես անվնաս դարձնելու համար»,- նշել էր Արմինե Ուդումյանը, ով ներկայացրեց, թե ինչ է նշանակում էկոլոգիապես անվնաս միջոցառումը կամ ինչով է դա տարբերվում:
Արմինեն օրինակ վերցրեց 1000 հոգանոց 5-ժամյա մի միջոցառում. «Օրինակ, կարելի է ցերեկային ժամերի նշանակել միջոցառումը՝ էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախսից խուսափելու համար: Կամ այնպիսի վայր ընտրել, որտեղ մոտենալը հնարավոր լինի ոտքով կամ հասարակական տրանսպորտով եւ հասանելի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Այդպիսով կխուսափենք շատ ավտոմեքենաների կուտակումից մեկ վայրում, ավելորդ վառելիքի ծախսից ու արտանետումներից: Կամ հասկանում ենք չէ՞, որ հիմնական ծրագրից բացի, սուրճի ընդմիջում պետք է կազմակերպես, ընդմիջման հյուրասիրություն եւ այլն: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան պլաստիկ սպասք պետք է օգտագործեք: Մինչդեռ, երբ մենք ստանձնում ենք միջոցառումը կազմակերպել «կանաչ», պլաստիկ բոլոր նյութերը փոխարինում ենք կամ վերամշակվող, կամ բազմակի օգտագործման սպասքով, նույնիսկ ջուրը, մենք պահանջում ենք, որ գործընկեր կազմակերպությունները մատակարարեն ապակե շշերով»:
Պարզվում է, 2020 թվականին աշխարհում 2,24 միլիարդ տոննա կոշտ թափոններ են հաշվարկվել, սա կազմում է օրական 0,79 կիլոգրամ՝ մեկ անձի համար: Ստացվում է, որ եթե նույնիսկ կես կիլոգրամով հաշվենք, մեկ միջոցառման ընթացքում կլինի 500 կգ թափոն, որը տեսակավորելն, ի դեպ, նույնպես քայլ է միջոցառումը «կանաչ» կազմակերպելիս:
Ավետիսը նշեց, որ sustainable event management-ն իրենց ծառայությունների պրոֆեսիոնալ ուղղություններից մեկն է: Նա նշեց, որ այս ուղղությունն առավել արագ է առաջ գնում զարգացած տնտեսություններ ունեցող երկրներում. ԱՄՆ, Եվրոպա, Կանադա: Միեւնույն ժամանակ, համաշխարհային խոշոր ընկերությունները մեծ ներդրումներ են անում միջոցառումները բնության համար ավելի անվնաս կազմակերպելու համար: Օրինակ, միջոցառումների կազմակերպման իրենց տարածքները հագեցնում են արեւային վահանակներով՝ էլեկտրաէներգիայի օգտագործման բնապահպանական աղբյուր ունենալու համար: Google-ն իր առցանց գրադարանում մի շարք գրքեր է ավելացրել այս թեմայով եւ ինքն էլ առաջադեմ քայլեր է անում խոշորամասշտաբ միջոցառումները բնության համար անվնաս դարձնելու ուղղությամբ:
«Փորձագետները մինչեւ վերջ չեն գծում սահմանները, թե որտեղ են խաթարվում «կանաչ» միջոցառման քայլերը: Մինչդեռ շատ միջոցառումներ կազմակերպելիս ուշադրություն ենք դարձնում այնպես կազմակերպել պրոցեսները, որ մեր ծրագրերը, հաղորդակցությունը տեղի ունենա բացարձակապես առցանց՝ բացառելով թղթի օգտագործումը»,- նշեց Արմինեն եւ ավելացրեց, որ սա մի ուղղություն է, որ առաջադեմ աշխարհը եւ մեր ընկերությունն այնքան ժամանակ նոր միջոցներ կգտնի, առաջնահերթություն կտա կանաչ պրակտիկային՝ ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու, թափոնները նվազագույնի հասցնելու եւ կայուն ապրելակերպը խթանելու համար, մինչեւ դա դառնա բնականոն կյանք:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.01.2024