Փարիզը «Հայաստանին առնչվող պատմական ընտրություն» է կատարել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անցյալ շաբաթվա վերջին զինված ուժերին հղած ամենամյա ուղերձում անդրադարձավ նաեւ Հայաստանին՝ ազդարարելով ֆրանսիական պետության կողմից իրականացրած «պատմական ընտրության» մասին։
«Բալկանները, Հայաստանը […] գրավել են մեր ուշադրությունը եւ հանգեցրել մեր դիրքորոշման ամրապնդմանն ու պատմական ընտրություններ կատարելուն՝ հատկապես ինչ վերաբերում է Հայաստանին», – ասաց Մակրոնը՝ առանց այլ մանրամասների։
Իսկ դիվանագիտական կորպուսին հղված իր ուղերձում Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն արձանագրեց Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Հայաստանին` արդար եւ տեւական խաղաղության հասնելու ուղիները՝ հիմնված օրենքի եւ տարածքային ամբողջականության հարգման վրա, ինչպես նաեւ բնակչության արժանապատիվ կյանքի իրավունքը՝ հարգելով նրանց հիշողությունը, պատմությունն ու մշակույթը։
Կարդացեք նաև
Պաշտոնական Փարիզի կողմից վերոնշյալ արձանագրումներից ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիայի Սենատն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման եւ Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ պահանջող բանաձեւ էր ընդունել, որով դատապարտեց Արցախում Ադրբեջանի ռազմական հարձակումն ու ագրեսիան, Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնահարման հետագա փորձերը։ Նշյալ բանաձեւով վերահաստատվեց Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը եւ կոչ արվեց անհապաղ եւ անվերապահ դուրս բերել ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։
Սենատն ընդունեց այս բանաձեւը 336 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Բանաձեւը համահեղինակել էին Սենատի բոլոր քաղաքական խմբակցությունների ղեկավարները` Բրունո Ռըտայոն, Մարիզ Կարրերը, Սեսիլ Սուկիերմանը, Գիյոմ Գոնտարը, Պատրիկ Կաները, Հերվե Մարսելը, Կլոդ Մալյուրեն եւ Ֆրանսուա Պատրիան, ինչպես նաեւ Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը: Նիստը նախագահում էր Սենատի փոխնախագահ Սոֆի Պրիմասը։ Նիստին ներկա էր նաեւ Ֆրանսիայի՝ Եվրոպայի եւ արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն։
Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձեւով Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պաշտպանության արձանագրմամբ խիստ ուշագրավ էին երկու կետերի ձեւակերպումներ: Ահա դրանցից մեկում հստակ դատապարտվեց` «Ադրբեջանի կողմից իր դաշնակիցների աջակցությամբ 2023թ. սեպտեմբերի 19-ին եւ 20-ին իրականացված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում», իսկ մյուս կետում կոչ էր արվում` «ադրբեջանական զորքերի եւ նրանց դաշնակիցների անհապաղ եւ անվերապահ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից»:
Ադրբեջանի եւ «նրա դաշնակիցների» մասին հստակ արձանագրումը Ֆրանսիայի կողմից բավական հետաքրքրական հանգամանք է: Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է, այստեղ ամեն ինչ պարզ է: Սակայն Ադրբեջանի դաշնակիցն է նաեւ Ռուսաստանը: Պուտինը ոչ մեկ անգամ է Ադրբեջանին անվանել` «ռազմավարական դաշնակից»: Բացի այդ, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ 44-օրյա պատերազմից հետո ստորագրված համաձայնագրերը վկայում են ռուս-ադրբեջանական իրապես ռազմավարական բնույթի դաշնակցային հարաբերությունների մասին:
Հետեւաբար, Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձեւում Ադրբեջանի եւ «նրա դաշնակիցների» մասին հիշատակումը երկու կետում նշանակալի փաստ է: Այս արձանագրումներով Փարիզը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ Ռուսաստանին է համարում ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության գործող պետություն եւ ըստ էության, պատասխանատու համարում 2023թ. սեպտեմբերի 19-ին եւ 20-ին Արցախում իրականացված ռազմական ագրեսիայի եւ դրան հետեւած իրադարձությունների համատեքստում:
Հատկանշական է նաեւ ընդգծումը, որ Հայաստանն իրավունք ունի պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը եւ ունենալու միջոցներ՝ ապահովելու իր անվտանգությունը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով:
Հաջորդ կարեւոր կոչն ուղղված Ադրբեջանին` հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ երաշխավորելու պահանջն է, այնպիսի պայմաններով, որոնք` «կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը»:
Բանաձեւը դատապարտեց Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալությունները, կոչ արվեց հեռացնել Ադրբեջանին Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեից, կարեւորվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում փորձագետների միջազգային խմբի ստեղծումը եւ գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային եւ կրոնական ժառանգության վիճակի վերաբերյալ տեղեկատվական զեկույց պատրաստելու համար:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, ապա բանաձեւում կարեւորվեց` «ամենախիստ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ակտիվների առգրավումը եւ Ադրբեջանից գազի եւ նավթի ներմուծման էմբարգոն՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար»:
Ֆրանսիան միջուկային պետություն է, Ֆրանսիան` ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր է, պաշտոնական Փարիզը ցույց է տալիս, որ հնարավոր ամեն ինչ անում է՝ ճնշելու Ադրբեջանի գործողություններն ընդդեմ Հայաստան պետության: Փարիզը ներկայացնում է պայմանները, գծում է սահմանները, որոնցով Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա խաղաղ կերպով, դիվանագիտական ուղիներով բանակցային գործընթացը շարունակելու համար:
Ֆրանսիան նաեւ գործընկեր պետություններին հուշում է, թե ինչպես պետք է աջակցել Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու խաղաղության հաստատմանը. կայուն խաղաղությունը հնարավոր է միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ երկու պետությունների սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում:
Ալիեւի զայրույթը միանգամայն սպասելի էր: Ի պատասխան Ֆրանսիայի Սենատի բանաձեւի՝ Բաքվում առաջարկեցին «պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ»:
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն ընդունեց Ֆրանսիայի Սենատի երեկվա բանաձեւի կապակցությամբ՝ կոչ անելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ակտիվները, դադարեցնել տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ, ֆրանսիական բոլոր ընկերությունները դուրս բերել Ադրբեջանից։ Հանձնաժողովը հակաադրբեջանական գնահատեց Ֆրանսիայի վարած քաղաքականությունը։ Ընդգծելով Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձեւերը՝ հանձնաժողովն արձանագրեց, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա, «ըստ էության, կարող են համարվել կասեցված»։
Ադրբեջանի սպառնալիքներով համեմված «պատասխանը» միջուկային պետությանն, իհարկե, զավեշտալի է: Թե ինչպես է սրանից հետո Ֆրանսիան «գոյատեւելու» առանց Ադրբեջանի, թերեւս, միայն Ադրբեջանում գիտեն: Ալիեւի ռեժիմի պահվածքը խիստ օրինաչափ է: 2023 թվականին Հայաստանը եւ Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության պայմանագիր կնքեցին, որով Փարիզը մասնավորապես GM-200 հակաօդային պաշտպանության համակարգեր է վաճառում Երեւանին։ Ֆրանսիան Հայաստանին նաեւ Bastion զրահամեքենաներ մատակարարեց։
Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունից խիստ դժգոհ Ադրբեջանի եւ Ռուսաստանի քննադատության առանցքում Ֆրանսիան արդեն տեւական ժամանակ է, ինչ հայտնվել է:
Մեկ շաբաթ առաջ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան արձագանքելով ֆրանսիական Le Figaro թերթում հրապարակված` «Բաքվի կողմից Ֆրանսիային վարկաբեկելու նպատակով լայնածավալ հարձակում» վերտառությամբ հոդվածին, նշել էր. «Մեր տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու փոխարեն ավելի լավ է օգնել խաղաղության հաստատմանը»։ «Դուք շարունակում եք գործել այնպես, կարծես չգիտեք, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մաս։ Տարածաշրջանում երկար ժամանակ անց առաջին անգամ հնարավոր է արդար եւ կայուն խաղաղություն։ Աշխարհին ճշմարտություն է պետք, ոչ թե կեղծ պատմություններ»,- X-ի իր էջում գրել էր Աբդուլաեւան։
Le Figaro-ն, հիշեցնենք, գրել էր, որ կովկասյան երկիրն՝ ավտոկրատ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ, մեծացնում է իր տեղեկատվական մանիպուլյացիաները՝ վարկաբեկելու Փարիզի հեղինակությունը, որը նա չի կարողանում ընդունել հայերին աջակցելու համար: Պարբերականն ընդգծել էր, որ Բաքուն վհուկների որս է սկսել Ֆրանսիայի դեմ՝ հիշեցնելով Բաքվում լրտեսության կասկածով ֆրանսիացի գործարար Մարտին Ռայանի կալանքը։ Ֆրանսիան «կամայական» էր որակել Ռայանի կալանքը, ի պատասխան՝ Բաքուն Փարիզին մեղադրեց Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու մեջ եւ կոչ արեց դադարեցնել այդ քայլերը։
Փարիզի եւ Բաքվի միջեւ դիվանագիտական լարվածությունը սրվեց այն աստիճան, որ Ադրբեջանի իշխանությունները երկրից արտաքսեցին երկու ֆրանսիացի դիվանագետների։ Ի պատասխան՝ Ֆրանսիան իր հերթին արտաքսեց ադրբեջանական դեսպանատան երկու աշխատակիցների։
Երկու շաբաթ առաջ Բաքուն հայտարարեց, թե իբր «Ֆրանսիան դուրս է մնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացից»։ Նման հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։ Մեկնաբանելով Բաքվում Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի ձերբակալությունը՝ Էլչին Ամիրբեկովը քննադատել է Ֆրանսիային հայամետ դիրքորոշման համար։ «Ֆրանսիան այժմ հեռացված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իր միջնորդի դերից եւ նույնիսկ վնասում է ԵՄ-ի դերն այս հարցում»,-ասել էր նա։
Փարիզ-Բաքու դիվանագիտական վերջին շաբաթների լարվածության հիմքերը, սակայն, ամիսներ առաջ արդեն իսկ սկսել էին արտահայտվել: Ալիեւն անձամբ էր իրականացնում արշավն ընդդեմ ֆրանսիական պետության:
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.01.2024