Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ են վտանգավոր «ձախակողմյան» ծայրահեղությունները

Հունվար 24,2024 13:30

Հակասությունները սրվում են նաեւ Արեւմուտքում

Անցած շաբաթ «Առավոտի» տաղավարում էր Աբու-Դաբիի Նյու-Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը: Ամերիկացի պրոֆեսոր լինելու հանգամանքն ինձ հետաքրքրող թեմաների առումով կարեւոր էր: Իսկ ինձ հուզող, կասեի անգամ՝ մտահոգող թեմաներից մեկն էր ծայրահեղ «ձախ» (այն, ինչ ռուսերեն կոչվում է левацкие) գաղափարների տարածումը Արեւմուտքում:

Նախ ասեմ, թե որ գաղափարների մասին է խոսքը: Այդ «թրենդի» մեջ է, օրինակ, Քրիստոֆոր Կոլումբոսին «ռասիստ» հռչակելը կամ հայտարարելը, որ Բեթհովենը եւ Մոցարտը «սպիտակ կոմպոզիտորներ» էին եւ պահանջել նույն չափով ուսումնասիրել նույն շրջանի «սեւամորթ կոմպոզիտորներին»: Դրանք ինչ-որ հիվանդագին «պոլիտկոռեկտության» եւ գրեթե տրոցկիստական մերժողականության խառնուրդ հանդիսացող գաղափարներ են:

Ինձ համար հատկանշական էր վերջերս ԱՄՆ Կոնգրեսում այդ երկրի առաջատար համալսարանների ռեկտորների «հարցաքննությունը», երբ բուհերի ղեկավարներին «ստուգում էին»՝ արդյո՞ք նրանք համապատասխանում են DEI սկզբունքներին: Այդ հապավումը վերծանվում է որպես diversity, equity, inclusion` բազմազանություն, համահարթեցում, ներառականություն: Ընդ որում, ուշադրություն դարձրեք, որ կիրառվում է ոչ թե equaluty բառը, որը նշանակում է հավասար իրավունքներ եւ միանգամայն ընդունելի գաղափար է, այլ՝ equity, այսինքն՝ հավասար հնարավորություններ եւ ռեսուրսներ:

Պրոֆեսոր Դերլուգյանը դա բացատրում է, մասնավորապես, «վերնախավերի վերարտադրությամբ» եւ համեմատում է 1930-ականների սկզբի խորհրդային մշակութային հոսանքների հետ, երբ նոր վերնախավն ընդգծում էր իր առավելությունները «փտած ինտիլիգենտների» նկատմամբ եւ պարծենում էր իր տգիտությամբ: Ըստ իմ զրուցակցի՝ Արեւմուտքում հնարավոր է ճգնաժամ, որն ինչ-որ չափով նման կլինի 1968 թվականի իրադարձություններին, երբ հիպիական շարժումը ալեկոծեց ամբողջ Արեւմուտքը: Որպես այդ ամենի հետեւանքներից մեկը՝ հիմա, կարծում եմ, ազգայնականության, ինչպես նաեւ կրոնական անհանդուրժողականության ոգով դաստիարակված «Արեւելքի» ներկայացուցիչները որոշակի առավելություններ կունենան:

Ինձ այս իրավիճակն անհանգստացնում է երկու պատճառով: Նախ՝ այդ ծայրահեղ «ձախ» գաղափարների ազդեցության տակ է նաեւ հայաստանյան երիտասարդության մի մասը: Իմ տպավորությամբ՝ ընտանիքի, ազգային ինքնության, կրոնի վրա հարձակումները շատ երիտասարդների սրտով են: Գլոբալացումը, համացանցը, համակարգերի նմանությունը այսօր անհամեմատ ավելի մեծ են դարձնում Արեւմուտքի «ձախակողմյան մասի» ազդեցության չափը, քան դա 1960-ականների վերջում էր, երբ մենք հետաքրքրվում էինք «հիփիներով» եւ ռոք-երաժշտությամբ:

Երկրորդ մտահոգությունս կապված է նրա հետ, որ ԱՄՆ-ում որպես «ձախակողմյան» ծայրահեղության այլընտրանք հանդես է գալիս «թրամփականությունը»՝ սպիտակամորթ «միջին ամերիկացիների» շարժումը, որը պատրաստ է գրողի ծոցն ուղարկել թե՛ «պոլիտկոռեկտությունը», թե՛ DEI-ն եւ թե՛ ամբողջ աշխարհը, բացի Ամերիկայից: (Նման միտումներ նկատվում են նաեւ Եվրոպայում): Դեմոկրատները եւ Բայդենը սիրաշահում են «левак»-ներին, Թրամփը՝ «հասարակ ամերիկացիներին»:

Յուրաքանչյուրի հաղթանակի դեպքում մեր նման երկրները, մեղմ ասած, խնդիրներ են ունենալու: Խոսքը, կարծում եմ, ոչ միայն մեր մասին է, այլեւ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Իսրայելի եւ մի շարք այլ երկրների: Այլ առիթով կբացատրեմ, թե ինչու: Առայժմ չի ձեւավորվում գլոբալացման եւ մեկուսացման միջեւ «ոսկե միջինը»: Իրավիճակն, այսպիսով, լարվում է ոչ միայն գլոբալ Արեւմուտքի եւ գլոբալ «Արեւելքի» («Հարավի») միջեւ, այլեւ, մեծ հաշվով, բուն Արեւմուտքում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այդ «ձախակողմյան» ծայրահեղությունները», զորս «wokeism » կը կոչեն ԱՄՆի մէջ, այդ երկրին մէջ գոյացուցած է քաղաքացիական պատերազմի համազօր ներքին բախում մը: Երկրին կէսը, միւս կէսին դէմ: Եւ երբ խօսքը 330 միլիոն բնակչութեան մասին է, եւ այդ վիճակը լուծում չունի – քանի որ խորապէս քաղաքականացած է -, այն աստիճանի ներքին բեւեռացումը, ամենալուրջ ու մեծ վտանգն է, այդ երկրին համար:

    Փաշինյանիզմի մէջ կան, «wokeism »ի բաղադրիչներ:

    Սակայն ինքը չէ որ արտադրեց, այդ: Ինք օգտուեցաւ դրանից:

    Ի դէպ, որպէս վկայութիւն ասեմ՝ «wokeism »ը նաեւ առկայ էր Արցախի որոշ երիտասարդութեան մը մէջ…

    Պէտք է ըսել որ այդ ուղեղային բարդ շեղումը յատկապէս պարարտ հող գտաւ, յետ-սովետական այն բազմաթիւ երկիրներուն մէջ, որոնց բնակչութեան մի նշանակալից մասը եւրոպացի համարուելու ստորադասութեան բարդոյթից կը տառապի:

    Իսկ դժբախտաբար, Աւանդական Սփիւռքէն Հայաստան տեղափոխուած հայերի մեծամասնութիւնը, վերոնշեալ այն հիւանդագին դաւանանքին թունդ հետեւորդներն են: Միւս տեսակները, արդէն երկար ժամանակ չեն դիմանում այդտեղ, առաջին առիթով մեկնում են ուրիշ երկիրներ: Ուրիշներն ալ արդէն այդ պատճառով երբեք չեն ուզած իրենց ընտանիքը տեղափոխել այդտեղ:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031