Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էին տարեկան աշխատանքային պլանն ու բյուջեի նախագիծը, «Բալասանյան դաշինքի» հետ հուշագիրը խզած ու այս երկու փաստաթղթերի հաստատումը մեկ անգամ ձախողած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը իր ելույթում նշեց, որ նոր ավանդույթ է ձևավորվում Գյումրիում։ Ըստ նրա, ավագանու անդամները կարող են շատ ավելի ակտիվ լինել, ամբիոնից խոսք հնչեցնել և քաղաքի կառավարմանը մասնակցել։
«Ես շնորհակալ եմ և շատ ուրախ եմ այս արձանագրման համար, որ մեզանում վերջապես ավագանու նիստերը կարևորվում են։ Ես ի սկզբանե այդպիսի մեծ ցանկություն եմ ունեցել, որպեսզի մեր ավագանին չլինի գրպանային, այլ ունենանք ավագանի, որոնք իսկապես իրենց մանդատը կարող են ծառայեցնել ժողովրդի շահերին»,-ասաց Քնարիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ նախորդ անգամ դեմ են քվեարկել աշխատանքային տարեկան պլանին ու բյուջեի նախագծին, այժմ փոփոխություններ են արվել, ճիշտ է՝ իդեալական տարբերակով չեն, որոշակի թերություններ կան, սակայն կողմ են քվեարկելու՝ հաշվի անելով այն հանգամանքը, որ կառավարությունը և՛ դոտացիայի չափն է ավելացրել Գյումրիի համար, և իրականացնում է սուբվենցիոն ծրագրեր, ամեն կերպ նպաստում է Գյումրիի զարգացմանը։ Եվ իրենք, լինելով այդ ամենի կրողն ու շարունակողը, նպաստելու են, որ բոլոր այդ ծրագրերը իրականանան։
«Մեր մղումները քաղաքի և գյումրեցու շահի հետ շատ օրգանիկ կապ ունեն, դա է պատճառը, որ մենք համագործակցային տարբերակով փորձելու ենք հնարավորություն տալ «Բալասանյան դաշինքին», որպեսզի իրենք կարողանան կառավարումը հավուր պատշաճի իրականացնել, որպեսզի գյումրեցիները չտուժեն և ամենակարևորը՝ քաղաքը ոտքի կանգնեցնենք՝ հնարավոր բոլոր ջանքերով»,-ասաց բանախոսը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ