Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստի ժամանակ, երբ ավագանու հաստատմանն էին ներկայացվել քաղաքի գլխավոր փաստաթղթի՝ բյուջեի նախագիծն ու 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը, «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանն իր ելույթում ասաց՝ ներկաները բոլորը Գյումրիից են և գիտեն, թե ով ով է և ինչ է արվել այս երկու տարվա ընթացքում։
«Խոսքս անձնական դաշտ չեմ տանում, խոսքս աշխատանքային գործառնական ունակությունների և իր երկու տարվա վարած գործողությունների մասին է, բոլորն էլ տեսնում ու հասկանում են։
Ինչևիցե, մենք երկու տարվա ընթացքում տարբեր հարթություններում բարձրաձայնել ու քննադատել ենք դրական աշխատանք կամ լավ ծրագրեր չանելու, խնդիրներին ընդառաջ չգնալու համար, բայց ունենք այն, ինչ ունենք։
Բյուջեի ու տարեկան աշխատանքային պլանի հետ կապված ասեմ՝ շնորհակալություն պարոն Սուլթանյան (ի նկատի ունի Գյումրու քաղաքապետի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանին, որը ներկայացրեց տարեկան աշխատանքային պլանը` Ն․Ա․), շատ բարի եք, գիտենայինք էսքան բարի էիք, մի տաս առաջարկ, կետ էլ կմտցնեինք։ Բոլորս միասին չէինք պատկերացնում, որ ընդառաջ կգնայիք, էդ էլ լավ կողմ է ՔՊ-ի հետ հուշագիր խզելու։
Կարդացեք նաև
Մենք հանուն քաղաքի զարգացման, հանուն նոր ծրագրերը չձախողելու, ոչ թե «Բալասանյան դաշինքի» կամ որևէ մյուս, չգիտեմ, մարդկանց կամ քննադատությունների կամ առաջարկությունների՝ հաշվի առնելով նաև այն, որ մեր առաջարկությունները տարեկան աշխատանքային պլանի ու բյուջեի մեջ ներառվել են, որոնք բոլորիս խնդիրներ են, կողմ կքվեարկենք»,-ասաց Վարդևան Հակոբյանը։
Նա նշեց, որ քաղաքում կան լուրջ խնդիրներ, որոնց իրագործման համար այսօր ունենք նոր իրողություն Գյումրիում և այդ խնդիրների լուծմանը պետք է նայել նոր ձևաչափով, նոր մոտեցումներ կիրառել։
Բանախոսը նաև ասաց, որ այսուհետ մասնակցելու են բոլոր պայմանագրերի կնքմանը ու օրինակ բերեց այն, որ «Զարթոնքը», մասնակցություն ունենալով ամանորյա պարկերի տրամադրման գործընթացին, օգնեց, որ համայնքային բյուջեն 1 միլիոն 300 հազար դրամի չափով տնտեսում ունենա։
«Մեր մասնակցությունն անձնական շահի չի բերել, այլ համայնքային շահի է բերել։ Սուբվենցիոն ծրագրերի հետ կապված, մյուս ծրագրերի հետ կապված՝ առաջարկում ենք և պատրաստ ենք և պետք է մենք մեր մասնակցությունն ունենաք համայնքապետի հետ ներդրումային և այլ ծրագրերի հետ կապված կարևորագույն որոշումների ընդունմանը, նույն ձեր աշխատասենյակում պատրաստ ենք։ Եվ այս ամենն ապահովելու է, որպեսզի բաց, թափանցիկ և հաշվետվողական լինի համայնքի համար։ Դուք պատրա՞ստ եք պարոն Սամսոնյան»։
Վարդգես Սամսոնյանը պատասխանեց․ «Մենք միշտ պատրաստ ենք եղել, մեր դռները բաց է, ցանկացած առաջարկ, որը մեր գյումրեցու, մեր քաղաքի համար կբերի բարեկեցիկ վիճակի, մենք միշտ էլ ընդունել ենք, պատրաստ ենք ընդունելու։
Խնդրեմ, մեր դռները միշտ բաց են եղել և կլինեն, համեցեք, ձեր առաջարկությունները ներկայացրեք, կարողանանք թև թևի տալով՝ բոլորս միասին, միայն ոչ թե մենք ու դուք, այլ այստեղ ներկա գտնվողները կարողանանք մեր քաղաքի բնակչության սպասելիքներն արդարացնենք։ Գիշեր-ցերեկ աշխատենք, ինչ-որ ակնկալում են մեր բնակիչները, կարողանանք պարզ ճակատով, նրանց աչքերի մեջ նայելով՝ փողոցները ման գանք, թե որս ինչ ենք արել»։
Վարդևան Հակոբյանը հակադարձեց, թե այլ պատասխանի էր սպասում, քանի որ երկու տարվա մեջ նույնը հնչեց, թե դռները բաց են։
Նա նաև նշեց, թե դուք եք համայնքապետը, դուք պիտի տաք հնարավորությունը։
«Բոլորին տալու ենք էդ հնարավորությունը»,-ասաց քաղաքապետը։
Ավագանու խմբակցության ղեկավարը շարունակեց․ «Դե պատրաստ եղեք, լավ եղեք»։
«Լավ ենք»,- ասաց Վարդգես Սամսոնյանը, որին ի պատասխան՝ Վարդևան Հակոբյանը հակադարձեց․ «Եթե լավ լինեիք, ինչի պիտի խզեին, գնային, բաց ենք խոսում»։
Քաղաքապետը կատակեց․ «Լավ եք սկսել, լավ ավարտեք, պարոն Հակոբյան»։
Ներկաները սկսեցին ծիծաղել։
Վարդևան Հակոբյանն իր խոսքն ավարտեց թափառող շների խնդրով։
«Ժամ առաջ կանգնեցվելու է այդ խայտառակ պրոցեսը, ինչ որ հիմա արվում է ստերջացման գործընթացում։ Սրանից հետո կպայմանավորվենք, կհանդիպենք, ինքներս բերել ենք, ինքներս էլ կվերահսկենք, տեսել եք երևի, թե ֆեյսբուքյան էջերում ինչ է տարածվում կամ ինչ է տեղի ունենում։
Մյուսը՝ մենք բոլոր շինությունների՝ «Ճերմակ հիվանդանոցի», մյուսների հետ կապված պիտի հասկանանք՝ ինչո՞ւ է օտարվում, էլ չի լինելու «Մենք որոշեցինք, արեցինք», այս ձևաչափն այլևս չի գործելու։ Բոլորս պիտի քննարկենք, Շիրակացի փողոցի, Անի թաղամասի հետ կապված, շատ գործեր ունենք անելու հանուն մեր քաղաքի»,-ասաց Վարդևան Հակոբյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ