ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը
«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» անվանափոխելու կառավարության նախաձեռնությունն անչափ մտահոգիչ է: Շատ ավելի մտահոգիչ, քան մինչ օրս լայնորեն ներկայացվում է: Իմ տպավորությամբ, սակայն, լրիվ այլ համատեքստում…
Կասկած չունեմ, որ այս մի նախաձեռնությունը Հայաստանին հարևան պետությունների կողմից պարտադրված քայլ ՉԷ, ինչպես տողատակերով ակնարկում են շատերը: Նույն կերպ, նոր Սահմանադրության մասին բարձրաձայնումը, ենթադրում եմ, ԱՅՍ ԴԵՊՔՈՒՄ Թուրքիայի և/կամ Ադրբեջանի կողմից Հայաստանի կառավարությանը պարտադրված քայլ ՉԷ:
Մնում է կռահել, թե այդ պարագայում, ո՞րն է կառավարության մոտիվացիան՝ բարձրաձայնելու այս երկու, առաջին հայացքից, ոչ պոպուլյար նախաձեռնությունները:
Համոզված եմ, որ իրական երկու պատճառներից առաջինը Հայաստանի շուրջ բյուրեղացած անվտանգային ԾԱՅՐԱՀԵՂ վտանգավոր իրավիճակն է և գալիք նոր փորձանքի կանխատեսելիությունը:
Կառավարությունը, տեսնելով, որ և՛ Ադրբեջանի և՛ Թուրքիայի ուղղությամբ մինչ օրս կատարված աներևակայելի միակողմանի զիջումներն այդպես էլ չեն հանգեցրել այդ պետությունների կողմից Հայաստանի ուղղությամբ քաղաքականության իրական փոփոխության, ինքն իրեն հարց է տալիս. ո՞րն է պատճառը, որ այսքանից հետո Ադրբեջանը չի շտապում օգտվել ընձեռնված հնարավորությունից ու Հայաստանի հետ արագ չի ստորագրում «խաղաղության» համաձայնագիրը կամ ինչո՞ւԹուրքիան այսքանից հետո գոնե իրական կես քայլ չի կատարում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Հարցի պատասխանը կառավարության համար ակնհայտ է. ուրեմն կա զարգացումների մի այնպիսի հաշվարկ, որտեղ այդ երկրները ծրագրել են հասնել ավելիին, քան Հայաստանի կառավարության կողմից նրանց առաջարկվում է այսօր: Ինքներդ դատեք, թե այս պարագայում Ադրբեջանի և Թուրքիայի համար ինչ է նշանակում «ավելին»:
Ահա, այս մեծ մտահոգությունն է առաջին պատճառը, որը Հայաստանի գործող կառավարությանը, որպես հուսահատության ճիչ, մղում է առաջին հայացքից արտասովոր ու անհեթեթ, միակողմանի նոր նախաձեռնությունների, այն հաշվարկով, որ Թուրքիային ու Ադրբեջանին առաջարկվող այս նոր՝ գոտկատեղից ներքև, զիջումները և՛ երկկողմ հարթությունում և՛ միջազգային միջնորդների աչքում կզրկեն վերջիններիս հնարավոր ԲՈԼՈՐ փաստարկներից, թե ինչու չեն գնում Հայաստանի հետ համաձայնությունների կայացմանը և կմղեն նրանց կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ, այդպիսով տարածաշրջանում ուրվագծվող նոր սրացումների համատեքստում զերծ պահելով վերջիններիս Հայաստանից ավելին պոկելու վտանգից: Ավելորդ է արձանագրել, որ դա ինքնախաբեություն է՝ քաղաքական սնանկ մտայնություն, քանի որ դու կարող ես անել ԱՄԵՆ ԻՆՉ, սակայն դիմացինը միշտ էլ կձևակերպի «ԱՄԵՆ ԻՆՉ»-ի սեփական՝ ավելի մեծ ճաշացանկը, եթե ռեալ ուժերի հարաբերակցությունը դա թույլ է տալիս:
Երկրորդ պատճառն արդեն առնչվում է 2018 թ. ի վեր Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների ՄԱՅՐ տրամաբանությանը. գործող կառավարության քաղաքականության բուն ԷՈՒԹՅՈՒՆԸ՝ դենացիֆիկացիան է, հայ ժողովրդի դենացիֆիկացիան: Այն, ինչ Ուկրաինայում արվում է պատերազմի միջոցով, Հայաստանում արվում է այլ եղանակով: Ի՞նչ է դա: Հայ ժողովրդի հավաքական ինքնության կառուցվածքում ազգայինի բաղադրիչի հետևողական փոխակեպում/դուրս մղումը: Իսկ դա հնարավո՞ր է: Ոչ միայն. այն արդեն գրեթե անդառնալի, բայց և փնթիությամբ կարվող ու խնդրահարույց ընթացքի մեջ է: