Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու ավագանու կազմում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում «Բալասանյան դաշինքի» հետ հուշագիր խզած ու նախորդ անգամ (2023 թվականի դեկտեմբերի 29-ին) բյուջեի նախագծի հաստատումը ձախողած «Քաղաքացիական պայմանագիրը» կողմ քվեարկեցին թե՛ քաղաքի գլխավոր փաստաթղթի նախագծին և թե՛ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանին։
Ավագանու խմբակցությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով։
Առաջինը ձայն խնդրեց «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը՝ ասելով․ «Բոլորիս էլ պարզ է, որ այսօր արտահերթ նիստ անցկացնելու կարիք չէր լինի, եթե 2023 թվականի դեկտեմբերի 29-ին արտահերթ նիստին ներկայացված 2024 թվականի բյուջեի և տարեկան աշխատանքային պլանի նախագծերը հավանության արժանանային ավագանու կողմից։ Սակայն ունենք այն, ինչ ունենք, բյուջեն չի հաստատվել․ տարեկան աշխատանքային պլանը՝ նույնպես։
Բայց ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի։ Ինչո՞ւ ունենք այս իրավիճակը․ 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Գյումրու կառավարումը հուշագրի համաձայն ստանձնեցին «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները մինչև 2023 թվականի ավարտը։ Այս երկու տարիների ընթացքում փաստացի Գյումրին ունեցավ համայնքի ղեկավարի 5 տեղակալներ, ինչքանով էր արդյունավետ այս երկու տարվա ընթացքում ունենալ համայնքի ղեկավարի հինգ տեղակալ, կարծում եմ՝ բոլորիս էլ պարզ է։
Կարդացեք նաև
Կարծում եմ՝ նման պարագայում արդյունավետ աշխատանքի մասին խոսք լինել չի կարող։ Երկու խմբակցությունների նախանշած կարևոր ծրագրերն ի կատար չածվեցին։
Կնշեմ մի քանիսը․ «Մուշ» թաղամասի բնակելի շենքերին կից աղբադաշտի հարթեցում, նոր աղբավայրի հիմնում, թափառող շների խնդրի կարգավորման համար ապաստանների կառուցում։ Բարելավվելու էր երթուղային ցանցը՝ ապահովելով քաղաքային տրանսպորտի լիարժեք հասանելիություն մինչև կեսգիշեր, այնինչ տրանսպորտը հասանելի չէ մինչև կեսգիշեր։
Մեքենաներում տեղադրված ուղեվարձ ընդունող սարքերն արդյունավետ չեն գործում, եթե չասենք, որ ընդհանրապես չեն ծառայում իրենց նպատակին, որի համար համայնքի բյուջեից տրամադրվել է 16 միլիոն դրամ։
Հարգելի գործընկերներ, 2023 թվականի ընթացքում դուք չկարողացաք կազմակերպել, հայտարարել աճուրդ նախատեսված ավտոբուսները ձեռք բերելու համար։
Քաղաքի կենտրոնում մշակութային, ճարտարապետական արժեքներ արարելու փոխարեն օր օրի անկանոն դասավորությամբ ավելանում են սրճեփ սարքերը, գովազդային վահանակները և վճարային տերմինալները։ Երկու տարվա ընթացքում հնարավոր չեղավ լուծել Անի թաղամասի փողոցների ասֆալտապատման խնդիրը; Մի խոսքով ի կատար չածված ծրագրերը և խնդիրները բազմաթիվ են և այս ելույթի համար նախատեսված ժամանակահատվածում հնարավոր չէ թվարկել ամբողջությամբ»։
Բանախոսը հայտարարեց, որ այս ամենի պատասխանատուն ինչպես «Բալասանյան դաշինքն» է, այնպես էլ ՔՊ-ն է։
Կարեն Մալխասյանը միաժամանակ նշեց, որ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին բյուջեի չհաստատումը մի իրավիճակ ստեղծեց, որ Գյումրու ավագանիում նշմարվեցին ժողովրդավարության նշաններ։
Նա հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին, քանի որ գյումրեցին չպիտի տուժի կուսակցական անհամաձայնություններից։
«Մեր ցանկացած գործողություն բխելու է Գյումրիի և գյումրեցու շահից և քաղաքի բարօրությունից։ Քաղաքական, կուսակցական անհամաձայնությունների արդյունքում Գյումրին և գյումրեցին չպիտի տուժեն»,-ասաց Կարեն Մալխասյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ