ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Վեդու նստավայրում դատավոր Գագիկ Բալյանի նախագահությամբ այսօր կայացավ Ալեն Սիմոնյանն ընդդեմ Էդգար Ղազարյանի՝ զրպարտություն պարունակող արտահայտությունների համար ներողություն խնդրելու եւ դրամական հատուցում տալու պահանջով երկրորդ դատական նիստը։
Առաջին նիստում հայցվորի ներկայացուցիչ Վարդան Հարությունյանը ներկայացրել էր հայցադիմումի առարկան, որից հետո պատասխանող կողմը հարցեր տալու, իր դիրքորոշումներn առավել ծավալուն ներկայացնելու հնարավորություն էր ունեցել։
Այսօրվա դատական նիստում արդեն պատասխանող Էդգար Ղազարյանը ներկայացրեց իր առարկությունները։ Նա բանավոր ճառով անդրադարձավ այլ ասպեկտների եւ լրացուցիչ հանգամանքների՝ պնդելով մինչ այդ գրավոր ներկայացրած իր բոլոր դիրքորոշումները եւ վստահություն հայտնեց, որ իրեն ներկայացված մեղադրանքը բացարձակ անհիմն է եւ ենթակա է ամբողջությամբ մերժման։
Նիստը նախագահող դատավոր Գագիկ Բալյանը հայցվորի ներկայացուցիչ Վարդան Հարությունյանին պատասխանող կողմին հարցեր տալու հնարավորություն ընձեռեց։ Վերջինը նախ հետաքրքրվեց, թե ըստ պատասխանողի, որ վկայակոչելով Սահմանադրության համապատասխան հոդվածը, հայտնեց, որ օգտվել է ազատ արտահայտվելու` Սահմանադրությամբ վերապահված իրավունքից, ցանկանում է իմանալ, թե ըստ պատասխանողի ազատ արտահայտվելու իրավունքը գերակա իրավունք է եւ սահմանափակման ենթակա չէ՞։ Ապա նաեւ մատնանշելով տեսանյութում տեղ գտած երկու արտահայտություն, հետաքրքրվեց, թե մամուլում համանման ձեւակերպումներով հրապարակումներ եղել են, որից նա օգտվե՞լ է, թե՞ այլ բովանդակությամբ հրապարակումներ են եղել, որոնց հիման վրա արված հայտարարությունները իր հեղինակային արտահայտություններն են։ Ստանալով Էդգար Ղազարյանի պատասխանները՝ հայցվորի ներկայացուցիչը ասաց, որ այլ հարցեր չունի։
Կարդացեք նաև
Դատարանը կողմերից տեղեկացավ, թե արդյոք կա՞ն հաշտության հնարավոր եզրեր եւ ստանալով բացասական պատասխան՝ անցավ ապացույցների բաշխման փուլին եւ հաջորդ դատական նիստը նշանակեց փետրվարի 26-ին, ժամը 14։00-ին։
Նիստի ավարտին Aravot.am-ը հայցվոր եւ պատասխանող կողմերին խնդրեց պատասխանել մի քանի հարցի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչը հրաժարվեց՝ ասելով, որ իրենք հարցազրույցներ չեն տալիս։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ