ՀՀ հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Թեեւ Վահե Դոլմազյանը որոշում կայացրեց՝ Գալինա Հարությունյանի, որպես տուժողի հատուկ ներկայացուցչի լիազորությունները դադարեցնելու մասին, բայց ԵՊԲՀ «Մխիթար Հերացու» անվան արհեստակցական միությունը կշարունակի մնալ տուժող, քանի որ, ըստ Վահե Դոլմազյանի, լուծարումից հետո նրա գույքի սեփականության իրավունքը պետք է փոխանցվեր պետությանը:
Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը առարկեց, քանի որ լուծարումից հետո «մնացած գույքը օգտագործվում է արհեստակցական կազմակերպության նպատակների իրականացման համար, իսկ եթե դա հնարավոր չէ, փոխանցվում է պետական բյուջե»: Դատավորի որոշման դեմ առարկեց պաշտպաններից Տիգրան Աթանեսյանն էլ, քանի որ այդպիսով տուժող է մնում իրավաբանական անձը, որը գոյություն չունի: Նա նկատեց նաեւ, որ տուժողը պետք է ունենա օրինական ներկայացուցիչ ու եթե չկա տուժողի օրինական ներկայացուցիչ, ապա այս դատական նիստերը չեն կարող շարունակվել:
«Դուք բերեցիք իրավական կոլապսի, հարգարժան դատարան»,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով, որ այլեւս կայանալիք բոլոր նիստերը կլինեն անօրինական:
Գալինա Հարությունյանի պաշտպանը նույնպես առարկեց՝ հայտարարելով, որ իր այդ որոշմամբ, դատարանը ներկայացավ իբրեւ մեղադրանքի կողմ, ինչը կանխորոշում է նաեւ այս գործի հետագա ընթացքը: Նա նկատեց, որ հավաքագրված եւ վիճելի 186 միլիոնը չի եղել արհեստակցական միության սեփականությունը, քանի որ կոմիտեն՝ կազմակերպության ղեկավար մարմինը, չի տիրապետել, տնօրինել եւ օգտագործել այդ գումարը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
«Արդարադատության, բարոյականության, բանականության, Սահմանադրության դեմ բարբարոսությունները ուղիղ եթերում շարունակվում են: Այս դատական նիստերը վերածվել են ուղիղ եթերում տեղի ունեցող վանդալիզմի ակտերի: Ակնհայտորեն, ուղիղ եթերում բռնաբարվում են Սահմանադրությունը, օրենսդրությունը, օրինականությունը…»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը:
Դատավորը ընդհատեց նրան՝ դատարանի նկատմամբ անհարգալից որակելով դատարանի գործողությունների որակումն իբրեւ «օրենքի բռնաբարություն»: Նա զգուշացրեց Արմեն Աշոտյանի դեմ սանկցիա կիրառելու մասին:
Այսօր դատարանում կատարվածն, Արմեն Աշոտյանի գնահատմամբ, ապացուցում է մեկ բան՝ ոչ միայն քննիչին է քաղաքական հանձնարարություն տրված, այլ նաեւ դատարաններին:
Վահե Դոլմազյանն էլ հայտարարեց՝ Արմեն Աշոտյանի սույն հայտարարությունները կարող են դիտվել որպես սուտ մատնություն, քանի որ դատարանին մեղադրելով քաղաքական պատվեր կատարելու մեջ, նույնն է՝ դատավորին մեղադրել:
«Խնդրում եմ, բարոյախրատական զրույցների դաշտ մի մտեք, դրա իրավասությունը դուք չունեք, բարոյախրատական զրույցների դասընթաց չկազմակերպել»,- հակադարձեց Արմեն Աշոտյանը՝ շարունակելով, որ ոչ միայն քննչական խմբի ղեկավարը, քննչական մարմինները, այլ նաեւ այլ ատյաններ քաղաքական պատվեր են կատարում: Իր խոսքում նկարագրելով Վահե Դոլմազյանի հայտարարությունն այն մասին, որ Արմեն Աշոտյանի համար երաշխավորագիր ներկայացրած պատգամավորները կարող են դառնալ նրա ազդեցության գործիք, Արմեն Աշոտյանն ասաց՝ մի հեղինակ ասեք, որն այսքան սյուրռեալիստական լինի:
«Իոնեսկուն»,- դատարանի դահլիճից բղավեց Նաիրա Զոհրաբյանը, որին Վահե Դոլմազյանը հեռացրեց դահլիճից:
-Ինչի՞ համար, հարցրեց Նաիրա Զոհրաբյանը:
-Մի րոպե, կանգնեք ոտքի, «Իոնես» արտաբերողը դուք չե՞ք:
– «Իոնես» չի, Էժեն Իոնեսկո: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, սա օրենքի ու օրինականության բռնաբարություն է: Ու դուք չեք մարսելու, ոչ մեկդ,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ դահլիճից դուրս գալով:
Մանրամասները՝ տեսանյութում
Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաեւ Վահե Դոլմազյանի՝ իր կալանքը երկարացնելու որոշման առիթով դատական դեպարտամենտի պարզաբանմանը՝ ասելով, որ այդ կառույցը իրավասություն չունի դատարանի որոշումը մեկնաբանելու, բայց ստիպված են դա արել, քանի որ հանրային հնչեղություն ունեցող գործ է: Ի դեպ, մեկնաբանման պահին Արմեն Աշոտյանի պաշտպանները որոշումն անգամ ստացած չեն եղել:
Պաշտպան Տիգրան Աթանեսյանն էլ հետաքրքրվեց՝ արդյո՞ք դատարանն է որոշումը տրամադրել Դատական դեպարտամենտին, քանի որ մտադիր են առարկել, պարզելու համար, թե ինչի՞ հիման վրա է Դատական դեպարտամենտը մեկնաբանություններ արել:
Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ իրենք դատարանին բացարկի միջնորդություն են ներկայացնելու:
Մանրամասները՝ տեսանյութում
Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում պաշտպան Տիգրան Աթանեսյանը հեգնեց՝ ասելով, որ այսօրվա Հայաստանում փաստաբանը՝ դատարանի կամ դատախազության որոշումները մեկնաբանելու համար, պետք է նաեւ հոգեբույժի որակավորում ստանա: Ըստ նրա, քաղաքական առումով իրենք հաղթել են, իսկ այս գործը՝ քաղաքական է: Ռուբեն Մելիքյանն էլ հավելեց, որ դեռ փորձում է իրավական տարրեր գտնել անգամ այնտեղ, որտեղ դա անգամ չկա:
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը մեղադրվում է իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ փողերի վատնում, փողերի լվացում կատարելու մեջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ