Որեւէ ողջախոհ հանրույթ մշտապես պետք է ջանքեր գործադրի նոր աջակիցներ եւ դաշնակիցներ փնտրելու ուղղությամբ, առավել եւս մեզ համար դա հրամայական է 2020 թվականի պատերազմից հետո եւ դրան հաջորդած գործընթացներից հետո։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով հարցին՝ ինչ փուլում է ՀՀ-ն նոր դաշնակիցների փնտրտուքի հարցում։
Նախարարի խոսքով՝ նոր դաշնակիցներ փնտրելը հրամայական է հատկապես այն պարագայում, երբ 2020-ից հետո դաշնակցային ակնկալիքները չարդարացվեցին, այն դեպքում, երբ դրանք ամրագրված էին։
«Բնականաբար, մեր երկիրը պետք է փորձի գտնել նոր դաշնակիցներ, առաջին հերթի անվտանգության կարիքները լուծելու ուղղությամբ»,-ասաց Միրզոյանը։ Նա նաեւ նշեց, որ ռազմաքաղաքական դաշնակցային փաստաթուղթ չի կնքվել․ «Բայց եթե հարցին նայենք ոչ ֆորմալ, ապա գործարկվել են մեխանիզմներ, որոնք բարձրացրել են անվտանգության մակարդակը՝ՀՀ-Ադրբեջան սահմանին, եւ մենք այդպես ենք գնահատում ԵՄ առաքելությունը»։
Նա նաեւ հիշեցրեց Իրանից հնչող հայտարարությունը՝ ՀՀ ամբողջականության մասին, դա, ըստ Միրզոյանի, իր նշած մեխանիզմների գործարկման արդյունք է․ «Մեզ համար չափազանց կարեւոր են տարածաշրջանում նոր սահմաններ գծելու փորձերի դեմ հայտարարությունները»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ