Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի գործով Գալինա Հարությունյանի դատավարական կարգավիճակը դադարեցվեց. լեզվակռիվ Տիգրան Աթանեսյանի եւ Վահե Դոլմազյանի միջեւ

Հունվար 23,2024 20:08

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Վահե Դոլմազյանը որոշում կայացրեց՝ Գալինա Հարությունյանի, որպես տուժողի հատուկ ներկայացուցչի լիազորությունները դադարեցնելու մասին:

Նիստը սկսվեց ԵՊԲՀ արհմիության նախկին ղեկավար Գալինա Հարությունյանի՝ տուժողի հատուկ ներկայացուցիչ ճանաչելու հարցի քննարկման շարունակությամբ: Հիշեցնենք, Գալինա Հարությունյանն առհասարակ հրաժարվում է սույն գործով նիստերին մասնակցել, քանի որ վիճելի ժամանակահատվածում ինքը չի հանդիսացել ԵՊԲՀ արհմիության ղեկավար: Գալինա Հարությունյանի պաշտպանը միջնորդեց՝ դադարեցնել ԵՊԲՀ «Մխիթար Հերացու» անվան արհեստակցական կազմակերպության՝ տուժողի կարգավիճակը,  քանի որ կազմակերպությանը տուժող ճանաչելու օրվա դրությամբ արհեստակցական միության գործունեությունը դադարեցված է եղել եւ նախաքննական մարմինը սա ընդունել է:

Պաշտպանը միջնորդեց նաեւ դադարեցնել Գալինա Հարությունյանի՝ տուժողի լիազոր ներկայացուցչի կարգավիճակը: Հարցի մասին որոշման կայացումը դատավորը հետաձգեց:

Մինչ որոշման հրապարակելը, Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանի եւ դատավոր Վահե Դոլմազյանի միջեւ ոչ հաճելի խոսակցություն եղավ:

«Նիստ վարելու ձեր ձեւն անսովոր է, այս երկար զրույցները հետաքրքիր են, իհարկե, բայց կանխորոշում են ձեր որոշումները»,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ Վահե Դոլմազյանին խորհուրդ տալով Մնացական Մարտիրոսյանի փորձից օգտվել, որը բոլորին ուշադիր լսում է, բոլոր միջնորդությունները բավարարում է, բայց վերջում այնպես է հարցը դնում, որ բոլոր իշխանությունների օրոք մնում է դատավոր:

«Իմ պաշտպանյալին հարցեր եք տալիս՝ փաստական հանգամանքներից… ախր դուք քննիչ չեք, դատախազ չեք, դուք հակակոռուպցիոն դատարանի դատավոր եք»,- շարունակեց Տիգրան Աթանեսյանը:

Իր կարծիքով, տուժողի այս հարցը քննարկվում է շատ երկար, բայց այն երկու րոպեում լուծվող է, ու որ այս գործը քաղաքական հետապնդում է՝ հիմնավորվում է նաեւ գործերի այսպիսի քննությամբ:

«Դուք մեզ չեք համոզի, որ սա քաղաքական հետապնդում չէ, եկեք ձեր որոշումներն ավելի արագ կայացրեք»,- առաջարկեց Տիգրան Աթանեսյանը՝ նկատելով, որ չկա արհմիության որեւէ անդամ, որը եկել ու բողոք է գրել ու իր տոկոսներն է ուզում, ուստի, նման հարց հնչեցնելը եւ քննարկելը, անիմաստ է:

Վահե Դոլմազյանն առաջարկեց դատարանի գործողությունների հետ անհամաձայնության պարագայում, իրավական ընթացակարգեր կկիրառել եւ չփորձել խորհուրդներ տալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը մեղադրվում է իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ փողերի վատնում, փողերի լվացում կատարելու մեջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031