Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասել, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառ, չափազանցություն կլինի»․ ԱԳ նախարար

Հունվար 23,2024 19:58

Երկու կողմն էլ՝ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ իրավական խնդիրներ տեսել են, եւ դրանք ներկայացրել են մյուս կողմին, երկու կողմն էլ տվել են համապատասխան բացատրություններ, եւ որքան Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել այդ խնդրին՝ սկսած իրենց Սահմանադրությունից։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին՝ Բաքուն պահանջում է ՀՀ Սահմանադրությունից հեռացնել Անկախության հռչակագրին հղումը, որտեղ հիշատակում կա ԼՂ-ի մասին, եթե այդպես է, եւ եթե Բաքուն նման խնդիր է տեսնում, արդյո՞ք Հայաստանն Ադրբեջանի Սահմանադրությունում, որտեղ հղում կա իրենց անկախության ակտին, եւ որտեղ հայտարարվում է, որ առաջին հանրապետության ժառանգն է այսօրվա Ադրբեջանը, այլ սահմաններով պետություն է։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը՝ «Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության, որը ՀՀ-ն ավելի մրցունակ եւ ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ նոր պայմաններում․․․», Միրզոյանն ասաց՝ իմ ընկալմամբ, սա մի փաստաթուղթ է, որը բացի կոնկրետ իրավահարաբերություններ եւ մեխանիզմներ ամրագրելուց, առաջին հերթին փիլիսոփայական հենքն է, որով կառուցվում են հասարակության,պետության ներսում իրավահարաբերությունները, քաղաքացի-քաղաքացի, քաղաքացի-պետություն եւ այլն։

«Սա, առաջին հերթին ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է։ Չեմ ուզում ամբողջովին մերժել, որ, ներքին նշանակություն ունենալով հանդերձ, ինչպես ցանկացած սահմանադրություն, ավելի լայն ազդեցություն ունի եւ ավելի լայն կապեր ունի, այսինքն, անդրադառնում է նաեւ արտաքին հարաբերությունների վրա։ Այս առումով, մեր Սահմանադրությունը բացառություն չէ, Ադրբեջանի Սահմանադրությունն էլ բացառություն չէ։ Բայց ասել, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառ, չափազանցություն կլինի»։

Պատասխանելով հարցին՝ արդյոք գործող Սահմանադրությունն է արգելակում  խաղաղության գործընթացը,Միրզոյանն ասաց՝ ամենեւին ոչ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031