Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական պատվիրակությունը կարող է մեկ տարով դուրս մնալ ԵԽԽՎ-ից․ այս հարցը կորոշվի վաղը՝ Վեհաժողովի քվեարկությամբ

Հունվար 23,2024 19:50

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության անդամների հավատարմագրերը չհաստատելու գործընթաց է սկսել։

Վաղը՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ադրբեջանական պատվիրակության անդամների հավատարմագրերը չհաստատելու հարցը կդրվի քվեարկության՝ Երևանի ժամանակով երեկոյան։

Ըստ ԵԽԽՎ Կանոնակարգի՝ հավատարմագրերի վիճարկման երկու տարբերակ գոյություն  ունի՝  տեխնիկական և բովանդակային։ Տեխնիկականն այն դեպքերում է, երբ, օրինակ՝ կարծում են, որ տվյալ պատվիրակությունում բավարար թվով կանայք ներգրավված չեն։ Իսկ բովանդակայինի դեպքում համարվում է, որ տվյալ երկիրը խախտել է իր կանոնադրական պարտավորությունները։

Երեկ լիագումար նիստի ընթացքում, երբ Սոցիալիստների խմբի խոսնակ Ֆրանկ Շվաբեն հայտարարեց, որ ցանկանում է վիճարկել ադրբեջանական պատվիրակության անդամների հավատարմագրերը, շեշտեց, որ սա բովանդակային հիմք ունի, քանի որ որպես անդամ պետություն՝ Ադրբեջանը խախտել է իր կանոնադրական պարտավորությունները․ «Միայն ողբերգական ռազմական գործողությունները չեն, քաղաքական բանտարկյալների թվի աճը չէ, այլ նաև ավելի քան 100,000 խաղաղ բնակչության վտարումը Ղարաբաղից կամ Լեռնային Ղարաբաղից։ Ադրբեջանի պատվիրակության անդամները ուղիղ պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ մեր զեկուցողները 2023-ի ընթացքում առնվազն 3 անգամ զրկվել են հնարավորությունից այցելելու Լաչինի միջանցք, կամ քաղաքական բանտարկյալներին։ Նաև բացասական կարելի է համարել ԵԽ-ին չհրավիրելը փետրվարի 7-ի Ադրբեջանի նախագահական ընտրություններին։ Սա հստակ խախտում է բոլոր կանոնակարգերի և փորձ թերագնահատելու ԵԽ դերակատարությունը։ Եվ մենք սրան պետք է հստակ պատասխան տանք»։

Այս առաջարկությունը ստացավ պահանջվող առնվազն 5 ազգային պատվիրակության 30 անդամի պաշտպանությունը, ուստի ուղարկվել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին զեկույցի պատրաստման համար։ Պահանջվող 24-ժամյա ժամկետը լրացել է, ուստի զեկույցը, որի հիման վրա բանաձևը վաղը կդրվի քվեարկության, պատրաստ է։ Զեկուցող է նշանակվել դանիացի պատվիրակ Մոգենս Յենսենը։

Ըստ ԵԽԽՎ Կանոնակարգի՝ Մոնիտորինգի հանձնաժողովը տեսականորեն կարող է երեք տեսակի որոշում կայացնել․ առաջինը՝ հաստատում է հավատարմագրերը, այսինքն՝ համարում, որ անդամ երկիրը չի խախտել կանոնադրական պարտավորությունները, երկրորդը՝ հաստատում է հավատարմագրերը, բայց սահմանափակումներով՝ օրինակ՝ զրկում են հանձնաժողովի նախագահ ընտրվելու իրավունքից կամ որևէ նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքից և երրորդ տարբերակը՝ չեն հաստատում հավատարմագրերը։ Այդ դեպքում տվյալ պատվիրակությունը կարող է մեկ տարով դուրս մնալ ԵԽԽՎ-ից։

Իսկ թե ինչ կորոշի ԵԽԽՎ-ն իր քվեարկությամբ, պարզ կդառնա վաղը՝ Երևանի ժամանակով երեկոյան։ Ադրբեջանի պատվիրակության անդամները իրավունք ունեն մասնակցելու իրենց պատվիրակության հավատարմագրերի հարցով քննարկմանը, բայց քվեարկության իրավունք չունեն։

Տեղեկացնենք նաև, որ երեկ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031