Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան․ «Հորդորում եմ ռուսաստանցի իմ գործընկերներին պատճառահետեւանքային կապերն ու ժամանակագրական  հաջորդականությունը ճիշտ վերարտադրել»

Հունվար 23,2024 19:43

2022 թվականի օգոստոսին Ռուսաստանը ներկայացրել է առաջարկներ, որոնք ներառում էին հետեւյալը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը հետաձգվում է անորոշ ժամանակով, իսկ օգոստոսի վերջին հայկական կողմը հայտնում է իր համաձայնությունը ռուսական կողմի այս առաջարկներով շարունակել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ ի պատասխան հարցի՝ ռուսական կողմից  հնչում է, որ Փաշինյանը ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, եւ դրանով Փաշինյանը փակեց ՌԴ բոլոր հնարավորությունները, նաեւ՝ ԼՂ կարգավիճակի հարցում, Ադրբեջանը հայտարարում  է, որ պատրաստ է ՌԴ-ում ստորագրել խաղաղության պայմանագիրը, արդյոք կա՞ փաստաթուղթ, որը պատրաստ է ստորագրել Ադրբեջանը, ՌԴ-ն ունի՞ ՀՀ-ին առաջարկ։

Միրզոյանը, շարունակելով պատասխանել այս հարցին, ներկայացրեց բանակցությունների հաջորդականությունը ՝ 2022 թվականի օգոստոսի վերջին, երբ ՀՀ-ն համաձայնվեց ՌԴ-ի առաջարկներով (Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը հետաձգվում է անորոշ ժամանակով) շարունակել բանակցությունները, Ադրբեջանը հայտնում է իր անհամաձայնությունը ռուսական բոլոր  առաջարկներին, հետո սեպտեմբերին «Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։

Միրզոյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն դիմել է  ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին՝ ադրբեջանական կողմի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման մասին։

«Այնուհետեւ Հայաստանը դիմեց Ռուսաստանին, որտեղից ստանում է պատասխան՝ ՀՀ առնվազն այդ հատվածում ունեցած սահմանագծերը բավականաչափ հստակ չեն, հետեւաբար Ռուսաստանը դժվարանում է գնահատել՝ որքանով է խախտվել ՀՀ  տարածքային ամբողջականությունը, որքանով է խախտվել Հայաստանի ինքնիշխան տարածքը»,-ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ դրանից հետո՝ 2022 թվականի հոկտեմբերին, Հայաստանն ու Ադրբեջանը Պրահայում ստորագրեցին քառակողմ հայտարարություն, որտեղ նշվում է, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծումը պետք է լինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, որտեղ կա ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ սահման, որը համընկնում է նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ եղած վարչական սահմանների հետ։ Այս ֆորմատով էլ հորդորեմ իմ ռուսաստանցի գործընկերներին  պատճառահետեւանքային կապերն ու  ժամանակագրական  հաջորդականությունը ճիշտ վերարտադրել եւ հայկական կողմին չվերագրել մեղադրանքներ, որոնցում հայկական կողմը որեւէ մեղավորություն չունի, ճիշտ հակառակը, կային ակնկալվելիք գործողություններ այլոց կողմից,  եւ այդ գործողությունների բացակայության պայմաններում՝ ՀՀ կողմից կոնկրետ քայլերի ձեռնարկում, այդ թվում՝ Պրահայի հայտարարության տեսքով»։

Միրզոյանը վստահեցրեց, որ իրեն հայտնի չէ բանակցությունների վերաբերյալ  ռուսական նոր առաջարկ կամ փաստաթուղթ կա, թե՝ ոչ․«Եթե կա առաջարկ կամ փաստաթուղթ ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ, ինձ այդ մասին էլ ոչինչ հայտնի չէ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031