Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա բազմաքայլ օպերացիա է, գործակալները գործի են անցել». Հայկ Դեմոյանը Հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմության փոխելու մասին

Հունվար 23,2024 19:36

Aravot.am-ը Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանից մեկնաբանություն խնդրեց կառավարության հերթական աղմկոտ նախաձեռնության վերաբերյալ, որով նախատեսվում է Հայոց պատմություն առարկան դարձնել Հայաստանի պատմություն:

«Ներկա իշխանությունները ամեն անգամ առիթ են ստեղծում հանրային լարվածության, կրքերի եւ տեսակետների ոչ առողջ բախման: Դա արվում է հատուկ, նպատակադրված: Այս դեպքում պետք է հասկանանք, թե ինչու հենց հինգ տարի անց որոշեցին՝ ոչ թե Հայոց պատմություն, այլ Հայաստանի պատմություն:

Պատճառները դիտարկենք մի քանի համատեքստերում:

Նախ, եթե նկատեցիք, զուգահեռ Սահմանադրության փոփոխման Պանդորայի արկղը բացեցին: Թե ո՞րն է նպատակը, շատ պարզ բացատրություն ունի՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը թուրքական հնչեցված նախապայմաններից մեկն է եղել, որովհետեւ ՀՀ Սահմանադրության ներածական դրույթների մեջ հղում կա Անկախության հռչակագրին, իսկ այնտեղ էլ՝ երկու կետ կա Արցախի եւ Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին; Այնպես որ, հանձնարարությունը ստացված է, գործակալներն անցել են գործի»,-ասաց պատմաբանը:

Գիտնականը հավելեց, որ զուգահեռ այս թեման բացելը 2 բացատրություն ունի. «Մեկն այն է, որ իշխող ուժը՝ իշխանություն բանեցնող, կատարյալ ֆիասկոյի է ենթարկել եւ տապալել է Հայ ժողովրդի պատմության 7-րդ դասարանի դասագրքի եւ ընդհանրապես դասագրքեր պատրաստելու իրենց ռազմավարությունը: Դասագրքերից ակնհայտ է, թե իրենք ինչ են անցկացնելու՝ նախապայմաններ թաքցված կամ վատ քողարկված ձեւով:

Հիմա ինչու այսպես, եւ ոչ թե այլ կերպ… «հանճարեղ պատմագիտական» մտագալարումների հետեւում իրականում 29,8-ի մոգական մանտրաներն են (նկատի ունի Նիկոլ Փաշինյանի նշած 29.800 քառակուսի կիլոմետր ՀՀ տարածքը –Գ.Հ.), որը հնչեցվում է պետականության, պետականության գիտակցման, պետականության հանդեպ քաղաքացիական գիտակցության  փաթեթավորմամբ, ու այսպիսի պսպղուն մտքերի տակ թաքցվում է այլանդակ գործելաոճը՝ այդ թվում նաեւ պատմաբանների դեմ իրականացվող:

Հիշենք 2-3 դրվագ: Մեկը ես հնչեցրել եմ եւ հրապարակել եմ ԱԱԾ-ին ուղղված նամակ, թե ինչպես են գաղտնի տեսագրել (եւ դա Հայոց ցեղասպանության թանգարանի ներկայիս տնօրեն Հարություն Մարությանն է կազմակերպել կամ ինքը տեղյակ է) հարցաքննել  աշխատակիցներից մեկին՝ ինձ հետ երկու անգամ հանդիպելու դրվագով: Իհարկե, ստացա պատասխան, որ նման բան չի եղել, բայց դա համոզիչ պատասխան չէր, որովհետեւ սրանք յուրայիններին կամ համակիրներին հենց այնպես չեն հանձնում: Ընտրովի  արդարադատությունը, ընտրովի պատժելը բնորոշ է ներկայիս իշխանություններին, իշխանություն բանեցնողներին:

Մյուսը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի դեմ գործողություններն էին, ոստիկանական հաշվարկ էր ուղարկվել բնակության վայր, հարց ու փորձ էին արել, հնչեցրել էին, թե այստեղ ե՞ն ղալմաղալ անում պատմության դասագրքի հետ կապված: Սա է բնութագիրը եւ դիմագիծը այսօրվա իշխանությունների, որոնց բնորոշ է այլանդակ գործելաոճը եւ իրենց թիմում կան նաեւ ակադեմիականներ, այսպես կոչված գիտնականներ, որոնց համար կա զուգահեռ իրականություն: Այսինք, եթե ասում ես՝ փաստ հանցանքների, զանցանքների դրվագով, իրենք չեն տեսնում,ու դա կապ չունի գիտական օբյեկտիվության հետ, անցնում են դրա կողքով եւ անցնում են խուլ պաշտպանության: Ինչ այլանդակություն անում են իշխանությունները, իրենք պետք է լծվեն եւ ֆեյսբուքը ողողեն իրենց նման նույնքան այլանդակ գրառումներով: Այս  զավեշտի վերածված իրականություն է՝ ողբերգության հասած, որի մեջ ապրում ենք:

Մանիպուլյացիաների վարպետները, որոնք այդ միջոցով են եկել իշխանության, որոշել են ուշադրություն շեղել: Ինչպես արդեն նշեցի՝ դասագիրքը տապալվել է, նախարարը  դեկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ խոստացել էր, որ անկախ փորձագիտական խումբը պետք է այլ տեսակետ ներկայացնի, մինչեւ հիմա չկա այդ տեսակետը, միգուցե եւ չի լինի, որովհետեւ բոլորը հասկանում են, թե ինչի հետ գործ ունեն եւ ինչ պետք է պաշտպանել, հավանաբար հենց դա էլ պատճառներից մեկն է:

Ինքս հակված եմ կարծելու, որ այս համաժամանակյա որոշումը պայմանավորված էր նրանով, որ Սահմանադրության փոփոխության հետ մեկտեղ նաեւ այսպիսի բան կլինի, որը պետք է չեզոքացներ Սահմանադրության հետ կապված հարցադրումները, պարարտ հող ստեղծեր նոր քննարկումների համար, զուգահեռ նաեւ մեղմացներ հանրային բողոքը՝ կապված դասագրքերի ֆիասկոյի հետ կապված»,-ասաց Հայկ Դեմոյանը:

Նաեւ  ընդգծեց. «Սա մշակված բազմաքայլ օպերացիա է՝ հստակ կերպով իրականացնում են բոլոր այն նախապայմանները, որ ներկայացնում է թուրք-ադրբեջանական տանդեմը, չէ՞ որ իրենց դրա համար են բերել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. Մի քանի պատմաբաններ այս պահին ձեռնպահ մնացին թեմայի վերաբերյալ մեկնաբանություն անելուց, ոմանք չպատասխանեցին հեռախոսազանգերի, իսկ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արմեն Մարուքյանն ասաց, որ չի ցանկանում թեմային անդրադառնալ այն չլեգիտիմացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031