Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն պետք է կա՛մ Անդրանիկ Քոչարյանի, կա՛մ Գեւորգ Պապոյանի պաշտոնները տա ընդդիմությանը. ինչ է որոշել ՍԴ-ն, ում են պարտադրելու հրաժարական տալ

Հունվար 23,2024 19:02

ՍԴ-ն օրերս հրապարակեց իր որոշումը՝ Արթուր Ղազինյանի հետ կապված չարչրկված հարցից սկիզբ առած ընդդիմադիրների դիմումի հետ կապված: Ընդդիմությունը որոշումից գոհ չէ, այն որակում է թույլ, լղոզված:

Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցներ ընդդիմությունը, բայց ավելի քան տասնյակ անգամ «Հայաստան» խմբակցությունն առաջադրում էր այդ պաշտոնում նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, ՔՊ-ականները քվեարկությամբ համառորեն մերժում էին, մինչեւ որ օրենսդրական լուծում գտան ու իրենցով արեցին այդ պաշտոնները, Ղազինյանին էլ ճանապարհեցին խորհրդարանից:

Ընդդիմությունը, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, պատգամավորների ստորագրությամբ դիմել էր ՍԴ՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 138-րդ հոդվածի, ինչպես նաեւ այլ դրույթների սահմանադրականությանը համապատասխանության հարցը որոշելու համար:

ՍԴ-ն էլ որոշել է, որ վիճարկվող դրույթը սահմանադրությանը չի հակասում այն մեկնաբանությամբ, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի՝ իրեն վերապահված պաշտոններում թեկնածուներ առաջադրելն իրավասու խմբակցության ոչ թե իրավունքն է, այլ պարտադիր լիազորությունը:

ՍԴ-ն նաեւ գտել է, որ Սահմանադրությանը հակասում է ԱԺ կանոնակարգ օրենքի 138-րդ հոդվածի 5-րդ մասը, որը նախատեսում է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո փոխհամաձայնությամբ մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրենց իրավունքը միմյանց զիջելու հնարավորություն: Այդ հակասահմանադրական դրույթը վերացնելու համար ՍԴ-ն ԱԺ-ին մինչեւ մայիսի 31-ը ժամանակ է տվել:

Aravot.am-ի հետ զրույցում Արծվիկ Մինասյանն այսպես մեկնաբանեց ՍԴ-ի որոշումը. «Ինչպես տեսնում եք, ՔՊ-ն ոչ միայն ապօրինաբար պաշտոնազրկում է ընդդիմությանը Սահմանադրությամբ երաշխավորված հանձնաժողովների նախագահների, ԱԺ փոխնախագահի պաշտոններից, այլ նաեւ զավթում է այդ պաշտոնները: Խնդիր առաջացավ, որ այնուամենայնիվ, քանի որ Սահմանադրության 106 հոդվածը երաշխավորում է ԱԺ բոլոր խմբակցությունների՝ իրենց թվի համամասնությամբ ունենալ հանձնաժողովներում նախագահություններ, ինչպես նաեւ փոխնախագահների պաշտոններ, հենց այդպես էլ գրված է, պաշտոննե՛րն են բաժանում, ոչ թե պաշտոններում առաջադրման իրավունք են վերապահում, խնդիր առաջացավ դիմել ՍԴ, որ հստակեցում մտցվի: Ընդդիմադիր խմբակցությունները, որոնք փոքրաթիվ են՝ համեմատած մեծամասնության հետ, նրանք չպետք է կախվածության մեջ ընկնեն մեծամասնության կամաարտահայտությունից, որովհետեւ իրենք, ինչպես ցույց տվեց ՔՊ-ի վարքագիծը, կարող են ոչ միայն չընտրել ընդդիմության առաջադրած թեկնածուներին, այլ նաեւ այնպես անել, որ հետագայում այդ պաշտոններն իրենք զավթեն: Տարբեր սխեմաներ կարող են գործի դնել՝ սկսած նրանից, որ չեն ընտրում հանձնաժողովի նախագահ կամ ապօրինաբար պաշտոնանկ են անում եւ լիազորություններն անցնում են փոխնախագահին, որը հիմնականում մեծամասնության ներկայացուցիչ է, կամ ուղղակի ընտրում են հենց փոխնախագահին իրենց խմբակցությունից, մինչդեռ դա վերապահված է ընդդիմությանը, ինչպես Ղազինյանի դեպքում եղավ: Դիմումի նպատակը մեծամասնության վարքագծի գնահատումն էր՝ որպես հակասահմանադրական:

ՍԴ-ն երկար դեգերումներից հետո, որովհետեւ դիմումը ներկայացվել էր դեռեւս 2023-ի մարտին, մի քանի անգամ նշանակեց նիստ, հետաձգվեց, փոխեցին զեկուցող դատավոր, հետո անհասկանալի կերպով ՍԴ-ն սկսեց կասկածել՝ արդյոք պատգամավորնե՞րն են ստորագրել այդ դիմումը, ի վերջո դեկտեմբերի 19-ին կայացրեց իր որոշումը: Դատավորներից Վաղարշյանը իր հատուկ կարծիքը ներկայացրեց:

ՍԴ-ն այս որոշմամբ ասում է՝ քանի որ ԱԺ-ն ձեւավորվում է ժողովրդի քվեարկությամբ եւ համամասնությունն, ըստ էության, արտահայտում է ժողովրդի կամքը, հետեւաբար բոլոր այդ հնարավորությունները պետք է համապատասխանեն այդ համամասնությանը, ուստի երբ որեւէ խմբակցության վերապահված է որեւէ պաշտոնում իրավունք, դա ոչ թե իրավունք է, այլ՝ պարտադիր լիազորություն, այսինքն, դու չես կարող ժողովրդի կամքը անտեսել, մյուս խմբակցություններն էլ պարտավոր են դա ընկալել, ոչ թե ինքնիրավչությամբ մերժեն որեւէ թեկնածուի, պետք է ձգտեն, որ հանձնաժողովի նախագահությունը ձեւավորվի: Հետեւաբար,  դուք չեք կարող հրաժարվել որեւէ պաշտոնում առաջադրվելու նորմից, ՍԴ-ն ուղիղ չի ասում, որ մյուս խմբակցությունները պարտավոր են քվեարկել, բայց «պարտավոր են ցուցաբերել համարժեք վարքագիծ» արտահայտությունը ենթադրում է, որ այդպես է: ՍԴ այս որոշումը թույլ է, լղոզված: Ի՞նչ է նշանակում, եթե ՔՊ-ն չի քվեարկում քո ներկայացրած թեկնածուին կամ ապօրինաբար պաշտոնանկ են անում, ապա որտե՞ղ մնաց իրենց պարտավորվածությունը եւ եթե խախտում են դա, ի՞նչ հետեւանք է ունենում, սրա պատասխանը չի տվել ՍԴ-ն: Ենթադրվում է, որ քաղաքական պատասխանատվությունը պետք է դիտարկել ու հաջորդ ընտրություններին արդեն ժողովուրդը պետք է գնահատի այդ վարքագիծը, ինչը մեր իրականության մեջ  հավասար է «զրո» պատասխանատվության»:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ ՍԴ-ն իր որոշման մեջ երկու կարեւոր նորմ է նաեւ ամրագրել. «Առաջինն այն է, որ քաղաքական մեծամասնությանը ասել է, որ դու չես կարող զավթել որեւէ պաշտոն, հետեւաբար այդ նորմը, որը նախատեսված էր, որ եթե խմբակցությունը չի առաջադրում թեկնածու, ապա մեծամասնությանն է անցնում առաջադրելու իրավունքը, դա ճանաչել է Սահմանադրությանը հակասող: Ներկայումս բոլոր այն պաշտոնները, որոնք ՔՊ-ն, իր քանակական ուժով ընդդիմությանը վերապահված տեղերում նշանակել է անձինք, նրանք պետք է հրաժարական տան: Եվ երկրորդ կարեւոր նորմը, որը սկզբունքային նշանակություն ունի այս որոշման մեջ, հետեւյալն է՝ վկայակոչելով Վենետիկի հանձնաժողովի, ինչպես նաեւ մի շարք այլ կարեւորագույն միջազգային վերլուծական նյութեր՝ ՍԴ-ն ամրագրել է, որ խորհրդարանական ընդդիմությունը ոչ միայն պետք է ունենա համարժեք հնարավորություններ, այլ նաեւ երաշխավորված իրավունքներ եւ այդ թվում պառլամենտի առնվազն 2 հանձնաժողովներից որեւէ մեկում պետք է նախագահությունը ընդդիմությունը իրականացնի՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողով կամ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողով: Միջազգային փաստաթղթերում հստակ ամրագրված է, որ անվտանգության կամ ֆինանսական հարցով ընդդիմությունը պետք է ունենա գործադիրի նկատմամբ վերահսկողություն իրականացնող պառլամենտական հանձնաժողովի նախագահությունը: ՍԴ-ն ասել է, որ այդ իրավունքը չի կարող քննարկման առարկա դառնալ, դա պիտի լինի: Սա նշանակում է, որ եթե մեծամասնությունը  ուզում է կատարել ՍԴ որոշումը, այս երկու հանձնաժողովներից մեկը առնվազն պետք է տա ընդդիմությանը»:

Սա նշանակում է, որ ՔՊ-ն կա՛մ Գեւորգ Պապոյանին պետք է հանի ու այդ պաշտոնը տա ընդդիմությանը, կա՛մ  Անդրանիկ Քոչարյանին, թե ինչպես կվարվի ՔՊ-ն, կամ ի՞նչ լուծում է ենթադրում ընդդիմությունը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031