Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ համար է Տիգրան Շոխոյանը պաշտոնի առաջխաղացում ստացել. Արմեն Աշոտյանն՝ իր գործով քննիչի մասին

Հունվար 23,2024 18:37

«Այն հանգամանքները, որոնք այսօր այստեղ ներկայացվում են, չորս տարի տեւած նախաքննության ընթացքում կարելի էր պարզել: Երկու քննչական մարմին չի հանդգնել նման տեսակի գործ սարքել, ԱԱԾ-ն եւ հակակոռուպցիոն կոմիտեն չեն մտել այս կեղտոտ գործարքի մեջ, Քննչական կոմիտեն՝ մտել է»,-այսօր դատարանում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ նորմալ երկրում ՔԿ քննչական խմբի ղեկավարը պետք է աշխատանքից ազատվեր, քանի որ գործի նյութերում էլ կա, դատարանում էլ Գալինա Հարությունյանը՝ ենթադրյալ տուժողը, ասում է, որ ինքը տուժող չէ, բայց այդ քննիչը՝ Տիգրան Շոխոյանը առաջխաղացում է ստացել:

«Ինչի՞ համար է ստացել, որ չի՞ կարդացել այդ թղթերը, թե՞ որ լավ է սարքել այս գործը, թե՞ որ պարզապես սարքել է ու բերել է ձեզ: Ակնհայտ է, չէ՞, որ ոչ մի բան այստեղ նոր չի»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Գալինա Հարությունյանը 2011 թվականից խնդիր է ունեցել ԲՈՒՀ-ի բոլոր ղեկավարների հետ, իսկ այդ ընթացքում երեք ղեկավար է փոխվել ու աբսուրդ է, որ այս ամենն իր «գլխին է կոտրվում», մանավանդ, որ առհասարակ, հասկանալի չէ, թե ինքն իբրեւ Կրթության եւ գիտության նախարար կամ ԲՈՒՀ-ի կառավարման խորհրդի նախագահ ի՞նչ կապ ուներ այդ ամենի հետ:

Վիճելի գումարի՝ 180 միլիոնի հետ կապված, Արմեն Աշոտյանը հարցեր ունի. եթե այդ գումարը սեփական միջոց է, ինչո՞ւ չի հայտարարագրվել հարկային մուտքերում եւ ելքերում, ինչո՞ւ լուծարման գործընթացում չի երեւում, որպես դեբիտորական պարտք, ինչո՞ւ է 2011 թվականից հետո կուտակված գումարի հետ կապված պատասխանատվության խնդիրը դրվել է այս համատեքստում, այս գործով ու այս կազմով:

Դատավորը հարցեր ուղղեց Արմեն Աշոտյանին, որոնք, ըստ վերջինիս, քննարկումը տեղափոխում են գործի բովանդակային փուլ, մինչդեռ այժմ նախնական դատալսումներն են, ուստի, հորդորեց դատավորին՝ հիշել իր հարցերը եւ դատավարության համապատասխան փուլում դրանք իրեն տալ:

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նիստը սկսվեց ԵՊԲՀ արհմիության նախկին ղեկավար Գալինա Հարությունյանի՝ տուժողի հատուկ ներկայացուցիչ ճանաչելու հարցի քննարկման շարունակությամբ: Հիշեցնենք, Գալինա Հարությունյանն առհասարակ հրաժարվում է սույն գործով նիստերին մասնակցել, քանի որ վիճելի ժամանակահատվածում ինքը չի հանդիսացել ԵՊԲՀ արհմիության ղեկավար:

Գալինա Հարությունյանի պաշտպանը միջնորդեց դադարեցնել ԵՊԲՀ «Մխիթար Հերացու» անվան արհեստակցական կազմակերպության՝ տուժողի կարգավիճակը, քանի որ կազմակերպությանը տուժող ճանաչելու օրվա դրությամբ արհեստակցական միության գործունեությունը դադարեցված է եղել եւ նախաքննական մարմինը սա ընդունել է:

Պաշտպանը միջնորդեց նաեւ դադարեցնել Գալինա Հարությունյանի՝ տուժողի լիազոր ներկայացուցչի կարգավիճակը: Հարցի մասին որոշման կայացումը դատավորը հետաձգեց:

Այսօր կայացած նիստում դատարանն ուսումնասիրեց կազմակերպության կանոնադրությունը:

Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի դիրքորոշմամբ` ԵՊԲՀ արհմիություն իրավաբանական անձը չի կարող ունենալ տուժողի կարգավիճակ, քանի որ այն լուծարվել է 2017 թվականին՝ օրենքի ուժով եւ գոյություն չունեցող սուբյեկտը չի կարող իբրեւ դատավարական անձ հանդես գալ: Գալինա Հարությունյանի՝ տուժողի օրինական ներկայացուցչի կարգավիճակն, ըստ նրա պետք է դադարեցվի նաեւ այն պատճառով, քանի որ առկա է այդ դատավարական կարգավիճակին խոչընդոտող ժամանակային խզում, քանի որ վիճելի ժամանակահատվածում նա ոչ միայն փաստացի, այլ նաեւ իրավաբանորեն չի կատարել արհմիության ղեկավարի աշխատանքները: Բացի այդ, նաեւ տիկին Հարությունյանն է հայտարարել, որ չի ցանկանում մասնակցել տվյալ դատավարությանը, ուստի, նրա ցանկությունը չի կարող անտեսվել:

Հիշեցնենք, որ Գալինա Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են դեռ 2013 թվականին, այսինքն, կազմակերպության լուծարումից տարիներ առաջ:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը մեղադրվում է իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ փողերի վատնում, փողերի լվացում կատարելու մեջ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031