Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում քաղաքի գլխավոր փաստաթղթի՝ բյուջեի նախագծի, ինչպես նաև 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի հաստատումն էր։
Մինչ բյուջեի նախագծին հասնելը` քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը ներկայացրեց աշխատանքային պլանի նոր մշակված տարբերակը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ավագանու արտահերթ նիստի ժամանակ թե՛ Գյումրու գլխավոր փաստաթուղթը և թե՛ աշխատանքային պլանը չէին հաստատվել․ ՔՊ-ն խիստ քննադատության էր ենթարկել բյուջեի նախագիծն ՝ այն համարելով ոչ թե համայնքի խնդիրները լուծելու, այլ կոծկելու մասին նախագիծ։
Ընդդիմադիր «Զարթոնք» խմբակցությունը ևս դեմ էր քվեարկել, իսկ «Ապրելու երկիրը»՝ ձեռնպահ։
Կարդացեք նաև
Միակ կողմը ՀՀԿ-ն էր, որի պահվածքը ևս քննադատության էր արժանացել ՔՊ-ի կողմից։ ՔՊ-ականները հիշեցրել էին, որ հին ու բարի ժամանակների պես ՀՀԿ-ն ու «Բալասանյան դաշինքը» շարունակում են կոալիցիոն հարաբերությունները։
Այսօր, սակայն, նախքան բյուջեի նախագծի քննարկումը, ավագանու բոլոր խմբակցությունների ղեկավարները հանդես եկան հայտարարությամբ՝ ասելով, որ կողմ են քվեարկելու Գյումրու բյուջեի նախագծին։
Նկատենք, որ բոլոր քաղաքական ուժերի նկատառումները, առաջարկները ընդգրկվել էին թե՛ տարեկան աշխատանքային պլանում և թե՛ բյուջեի նախագծում։
«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը իր ելույթում մի կարևոր շեշտադրում արեց՝ ամբիոնից հայտարարելով․ «Մեր ցանկացած գործողություն բխելու է Գյումրիի և գյումրեցու շահից և քաղաքի բարօրությունից։ Քաղաքական, կուսակցական անհամաձայնությունների արդյունքում Գյումրին և գյումրեցին չպիտի տուժեն»։
Քաղաքի գլխավոր փաստաթուղթը ընդունվեց 27 կողմ ձայներով։
Մանրամասները` քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հ․ Գ․ Նշենք, որ գյումրեցիները դեկտեմբերի 29-ին բյուջեի նախագծի չհաստատումից հետո նոր սցենարի իրագործման էին սպասում, օրինակ՝ «Բալասանյան դաշինքին» պատժելու, նրա միանձնյա կառավարմանը խոչընդոտելու, ինչու չէ նաև՝ Գյումրիում իշխանափոխության։