Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ հարցին, որ Բաքուն ավերում է Արցախի պատմամշակութային հուշարձաններն ու գերեզմանները, հայկական կողմն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, փաստագրվո՞ւմ է, որպեսզի միջազգային դատարաններում հնարավոր լինի Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության։
«Այսօր, ցավոք սրտի, մենք չունենք գործիքակազմ՝ հետեւելու կամ հավաստի կերպով տեղեկանալու, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության հետ»,- ասաց Միրզոյանը։
Նա հավելեց․ «Բայց մենք կարող ենք դատողություններ անել նախորդիվ տեսած դեպքերից կամ ամենաբարձր մակարդակով հնչած հայտարարություններից։ Մենք չենք մոռանում, որ Ադրբեջանի նախագահն ուղղակի ցուցում էր տալիս վերացնել եկեղեցիների վրայից հայկական արձանագրությունները կամ վիմագրությունները՝ պնդում անելով, որ այդ հուշարձանները հայկական ժառանգություն չեն։ Մեր մտահոգությունները եւ հրապարակավ ենք բարձրաձայնել, եւ նաեւ ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ ենք աշխատում այս ուղղությամբ։ Մեծ հույս ունեմ, որ հնարավոր կլինի այս ուղղությամբ գործուն քայլեր ունենալ եւ կանխել մշակութային ժառանգության վերացումը։ Սա այն դեպքն է, որ իսկապես պետք է ասենք, որ այստեղ շոշափելի, էական անելիք ունի նաեւ միջազգային հանրությունը, առնվազն այն պատճառով, որ հայկական մշակութային ժառանգությունը համաշխարհային մշակութային ժառանգության շատ կարեւոր բաղկացուցիչ է»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ