Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ հարցին, թե հայկական կողմը կարո՞ղ է նախապայման դնել, որ գերիները վերադառնան, հայկական օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերը հետ քաշվեն, որից հետո միայն բանակցեն այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ։
«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության գործընթացին, եւ մեծ հաշվով հենց այս խնդիրների լուծման նպատակ ու առաքելություն ունի խաղաղության գործընթացը։ Նախապայման կա, թե՞ ոչ։ Ոչ, հենց ի սկզբանե էլ ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմից նախապայմաններ չեն ներկայացվել այս ողջ գործընթացի ընթացքում։ Մենք էլ այս թվարկած պայմանները որպես նախապայման չենք ներկայացնում, որպես նախապայման չենք ձեւակերպել։ Բայց նաեւ մենք կարծում ենք, որ աշխատանքային պրոցեսի ընթացքում հնարավոր կլինի հղկել ու լուծել բոլոր այդ հարցերը։ Հակառակ դեպքում ուղղակի չի ստացվի խաղաղություն կնքել։ Որպես նպատակ ձեւակերպել, կառուցել անկեղծ ջանքեր՝ խաղաղությանն օր առաջ հասնելու համար, սա մեզ համար մնում է ուժի մեջ։ Եթե ուզում եք գնահատական, որ մյուս կողմից դա մի քիչ այդպես չէ, ապա այդ գնահատականը ես արդեն հնչեցրեցի»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ