«Հայկական կողմը տրամադրված է շարունակել վստահության ամրապնդման միջոցառումները։ Կհիշեք, մենք երկու անգամ ադրբեջանական կողմին ենք փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, թեեւ տարօրինակորեն հետո ադրբեջանական կողմից լսում էինք բողոքներ այն մասին, որ այդ քարտեզներն այնքան էլ արդյունավետ չեն եւ ճշգրիտ չեն արտացոլում ականների տեղակայումը։ Մենք կարողացել ենք ի մի բերել եւ ադրբեջանական կողմին փոխանցել այն տեղեկատվությունը, ինչը մեզ հասանելի էր։ Իմ տեղեկություններով՝ այժմ հայկական համապատասխան մարմիններն աշխատանքներ են տանում՝ հարցումների ճանապարհով վերականգնելու նոր տեղեկատվությունը հնարավոր նոր ականների վերաբերյալ։ Եվ եթե համապատասխան երկուստեք կառուցողական մոտեցումների եւ վստահության քայլերի դեպքում կարողանանք վերականգնել հավաստի տեղեկատվությունը, ես չեմ բացառում, որ նորից փոխանցենք ադրբեջանական կողմին»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ նրա՝ այս անգամ այս գործողությունները պետք է անել միջազգային գործընկերների միջոցով։ «Եվ հույս ունենք, որ եթե դա տեղի ունենա, ապա այդ փոխանցման պահին կամ փոխանցման օղակում հնարավոր կլինի եւս մեկ անգամ հավաստիանալ, որ հայկական կողմը հավաստի տեղեկատվություն է փոխանցում։ Բայց ես մի փոքր առաջ անցա, ես կրկնում եմ, որ հարցումները դեռեւս իրականացվում են»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ