Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2023թ․ տարեկան զեկույցի մասին
2023 թվականը Հայաստանի համար բարդ, տագնապալի իրադարձություններով լի տարի էր։ Հասարակական-քաղաքական իրավիճակի սրացումներ, զանգվածային բողոքի ակցիաներ, Արցախի շրջափակում և սեպտեմբերյան ռազմական ագրեսիա Ադրբեջանի կողմից, ապա՝ 100 հազարից ավելի բռնի տեղահանված արցախցիների բնակեցում Հայաստանում, Երևանի ավագանու ընտրություններ՝ նախընտրական լարված պայքարով ու հետընտրական զարգացումներով. այսպիսին էր միջավայրը, որում գործում էին լրատվամիջոցները և իրականացնում իրադարձությունների լուսաբանումը, և դա մեծագույն ջանքեր է պահանջել:
Այս իրավիճակում գրանցվել են և՛ ֆիզիկական բռնություններ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ, և՛ տարատեսակ այլ ճնշումներ՝ սպառնալիքների, ատելության արտահայտման, ոչ բարեկիրթ վերաբերմունքի տեսքով։ Տարվա ընթացքում ԽԱՊԿ-ը մտահոգիչ պատկեր է արձանագրել նաև տեղեկատվության ազատության սահմանափակումների առումով՝ պետական մարմիններից լրագրողների հարցումների անհիմն մերժման կամ դրանց ոչ ամբողջական, լղոզված պատասխաններ տրամադրելու փաստեր, իշխանությունների մի շարք ռեգրեսիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնցով փորձ է արվել իրավական հիմքեր ստեղծել պաշտոնական տվյալների տրամադրումը սահմանափակելու համար։ Բացի այդ, ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների նոր դատական հայցերի թվի որոշակի աճ է գրանցվել 2022 թվականի համեմատ։
Եթե այս դիտարկումների արդյունքները ներկայացնենք թվերով, ապա կստացվի հետևյալ պատկերը․
Կարդացեք նաև
ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերի թիվը 6-ն է, տարատեսակ այլ ճնշումներինը՝ 60, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները 135-ն են։ Վերջին երկու դեպքում նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել։ Ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների ներկայացված դատական նոր հայցերի թիվը 36 է, որոնցից 34-ը՝ զրպարտության և վիրավորանքի, 2-ը՝ հեղինակային իրավունքի խախտման հիմքով։ Ի դեպ, դրանց գերակշռող մասը՝ 23-ը, ներկայացված են պետական մարմինների, պաշտոնյաների կամ իշխող ուժի կողմից:
ԽԱՊԿ-ն արձանագրում է, որ, որպես կանոն, անտեսվում են տեղեկատվական վեճերը արտադատական մեխանիզմներով լուծելու հնարավորությունները, ավելին՝ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները հաճախ նպատակ են հետապնդում լրացուցիչ ճնշում գործադրել լրատվամիջոցների վրա, «հաշիվ մաքրել» նրանց հետ՝ պահանջելով չափազանց բարձր դրամական փոխհատուցումներ ու նաև միջնորդություն ներկայացնելով՝ հայցագնի չափով պատասխանողների գույքի ու բանկային հաշիվների վրա արգելանք դնելու համար։
2023 թ. լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների քանակական տվյալներն ըստ եռամսյակների
Խախտումների տեսակները | 1-ին եռամսյակ
|
2-րդ եռամսյակ
|
3-րդ եռամսյակ
|
4-րդ եռամսյակ
|
Ընդամենը |
Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ | 0 | 0 | 3 | 3 | 6 |
Ճնշումներ` ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ | 17 | 18 | 13 | 12 | 60 |
Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ | 49 | 24 | 33 | 29 | 135 |
2022-2023 թթ. համեմատական տվյալները
Խախտումների տեսակները | 2022 թ. | 2023 թ. |
Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ | 14 (16 տուժող) |
6 |
Ճնշումներ` ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ | 55 | 60 |
Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ | 115 | 135 |
2022 և 2023 թթ. ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական գործեր
Դատական գործերի տեսակները | 2022թ. | 2023 թ.
|
Վիրավորանքի և զրպարտության հիմքով | 30 | 34 |
Տնտեսական կամ այլ վեճեր | 2 | 2 |
2023-ի ընթացքում հայաստանյան լրագրողական հանրության և միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են եղել նաև մեդիայի գործունեությանը վերաբերող օրենսդրության խնդիրները։ Այսպես, ՀՀ արդարադատության նախարարությունը տարեսկզբին քննարկման դրեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին մի նախագիծ, որն այդ ռեժիմի պայմաններում չարդարացված խիստ սահմանափակումներ էր ենթադրում համացանցի հասանելիության և ԶԼՄ-ների գործունեության համար։ Փորձագիտական հանրության քննադատություններից հետո այս նախաձեռնությունը սառեցվեց: Նույն՝ խիստ քննադատական վերաբերմունքի արժանացավ նաև հունվարի 16-ին ԱԺ ներկայացված՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ի վերջո հետ կանչվեց։
Ի տարբերություն այս դեպքերի, մարտի 1-ին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության առաջարկած օրինագծերի ծավալուն մի փաթեթ, որի հիմքում «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքն էր։ Ի թիվս շատ այլ վիճահարույց փոփոխությունների, փաթեթում ներառված էր նաև լրացում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում։ Համաձայն դրա՝ պաշտոնական տվյալների տրամադրման հարցումները ենթակա են մերժման, եթե պարունակում են «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»։ Այս ձևակերպմամբ լայն հնարավորություններ են ստեղծվում կամայականությունների համար, քանի որ սրա տակ կարող է ընկնել պետական մարմիններում առկա ցանկացած փաստաթուղթ։
Տարեվերջին՝ նոյեմբերի 29-ից, Արդարադատության նախարարությունը պաշտոնական e-draft.am կայքում հրապարակեց ու քննարկման դրեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը մշակվել է լրագրողական կազմակերպությունների, մասնավորապես՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երևանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մասնակցությամբ։ Նախագիծը խրախուսում է որակյալ լրագրության զարգացումը՝ մասնագիտական էթիկայի նորմերի հիման վրա գործող ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների կիրառմամբ։
Տարվա ընթացքում միջազգային կազմակերպությունները՝ Freedom House, Human Rights Watch, «Լրագրողներ առանց սահմանների», ինչպես նաև՝ ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել են իրենց ամենամյա զեկույցները՝ անդրադառնալով նաև Հայաստանում խոսքի ազատությանն ու ԶԼՄ-ների գործունեությանը։ Ընդհանուր առմամբ, այս ոլորտում արձանագրվել է իրավիճակի բարելավում, սակայն մատնանշվել են նաև մի շարք խնդիրներ՝ կապված մեդիաոլորտը կարգավորող օրենսդրության և լրագրողների իրավունքների խախտումների անպատժելիության հետ։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե