Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնկրետ ո՞ւմ ապաշնորհության հետևանքներն են «Ֆլայ Արնա»-ի կառավարման ձախողումները. Թադևոս Ավետիսյան

Հունվար 23,2024 15:19

Պետական ներդրումային հերթական փուչիկն է պայթում

2021 թվականի դեկտեմբերի 10-ին պետական գրանցում ստացավ «Ֆլայ Արնա» ապրանքանիշով հայկական ազգային ավիաընկերությունը։ Օրվա իշխանավորները հնարավոր բոլոր առիթներով, բարձրագոչ և հեռուն գնացող նպատակներով ներկայացրեցին ներդրումային այս ծրագիրը։

Իհարկե, պոպուլիստական այս բեմականացման մեկնարկը տվեցին ամենահարմար պահին՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում։ Առիթը բաց չթողեցին և սովորականի պես այս ծրագրով ևս խոստացան օտարերկրյա նոր ներդրումներ և նոր աշխատատեղեր, ավիափոխադրումների էժանացում, անվտանգային բազում խնդիրների լուծումներ և այլն։

Իրականում, հիմա արդեն առավել պարզ է դառնում.սա իշխանական անսահման պոպուլիզմի հերթական դոզան էր՝ քվեի դիմաց։

Բերեմ ծրագրի որոշ մանրամասներ։

ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 4-ի N 1701-Ն որոշմամբ պետական բյուջեից Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին հատկացվեց չորս միլիարդ յոթ հարյուր երեսուներեք միլիոն յոթ հարյուր քսան հազար ՀՀ դրամ (շուրջ 12 միլիոն ԱՄՆ դոլար)՝ «Ֆլայ Արնա» նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով։

Այսպիսով, ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսի սեփականատեր դարձավ պետությունը, հանձինս՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ):

Հիմա արդեն՝ հիմնադրումից երկու տարի անց, զանգվածային լրատվամիջոցներով տարածվում է չհերքվող տեղեկատվություն, որ «Ֆլայ Արնա» ընկերությունն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ, թռիչքներ չի իրականացնում և կանգնած է գործունեությունը դադարեցնելու եզրին։

Հիմա ժամանակն է, որ այս ծրագրով պարծեցող, ամեն ինչ խոստացած և հերթական անգամ ձախողած պատասխանատուները և իրենց սպասարկող իրավապահ մարմինները տան շուրջ 12 միլիոն ԱՄՆ դոլարի չափով պետական միջոցները փոշիացնելուն ուղղված, առնվազն հետևյալ հարցերի պատասխանները

1.Ինչ ծավալի ֆինանսական չարաշահումներ են առկա պետական ներդրումային այս ծրագրում։

2.Որքա՞ն է գնահատվում պետական բյուջեից հատկացված միջոցների կորուստը։

3.Կոնկրետ ո՞ւմ ապաշնորհության հետևանքներն են ընկերության կառավարման ձախողումները։

4.Ընկերության գործունեության դադարեցումը ի՞նչ բացասական հետևանքներ կունենա ավիափոխադրումների շուկայում՝ ավիափոխադրումների գների թանկացում, մրցակցային իրավիճակի վատացում և այլն։

5.Պետական մասնակցությամբ այս ընկերության հետագա հնարավոր լուծարումը ի՞նչ բացասական հարված կհասցնի պետության ներդրումային վարկանիշին։

6.Ձեր կողմից «բացումն արած» ներդրումային ծրագրերից կա արդյո՞ք գեթ մեկը, որը չի ունեցել կամ չի ունենալու նման ճակատագիր։

Պատասխանատուներից օր առաջ սպասում եմ այս հարցերի համակողմանի և հրապարակային պատասխաններին, որից հետո այս խնդիրներին կանդրադառնամ առավել խորքային։

Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031