Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջարկվում է սահմանադրությամբ ստեղծել «փոքրամասնության կառավարություն» ձևավորելու հնարավորություն, վերանայել արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետները

Հունվար 23,2024 12:10

«Ազատության» տրամադրության տակ է Արդարադատության նախարարությունից Կառավարություն ուղարկված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որով առաջարկվում է մայր օրենքում ամրագրել «փոքրամասնության կառավարություն ձևավորելու» հնարավորություն և «արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերանայում»։

Առաջարկվում է «փոքրամասնության կառավարություն» ձևավորելու հնարավորություն

Նախագիծն առաջարկում է հրաժարվել գործող Սահմանադրությամբ ամրագրված խորհրդարանական կայուն մեծամասնության սկզբունքից՝ փաստարկելով, թե «կայունությունն ունակ է առաջացնել քաղաքական ու տնտեսական լճացում»։

Ըստ այդմ, առաջարկվում է Սահմանադրությամբ ստեղծել «փոքրամասնության կառավարություն» ձևավորելու հնարավորություն, որը Հայաստանում երբեք չի կիրառվել։ Դրան հասնելու համար առանձնացվում է երկու տարբերակ՝ մեկով երկրի նախագահը կարող է Ազգային ժողովի առավել մեծ թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին նշանակել վարչապետ, երկրորդ՝ կիրառել Երևանի քաղաքապետի ընտրության մոդելի նման իրավական ռեժիմ և որպես վարչապետ ընտրել առավել շատ ձայներ ստացած թեկնածուին, այլ կերպ ասած՝ «փոքրամասնության կառավարություն» ձևավորել օրենքի ուժով, առանց որևէ միջնորդի։

Նախագիծը դիտարկում է նաև երրորդ տարբերակ, որը բացառում է փոքրամասնության կառավարության հնարավորությունը․ այս դեպքում խորհրդարանը պետք է արձակվի իրավունքի ուժով այնքան, քանի դեռ որևէ մեկը չի ստանա մեծամասնություն կամ չի ձևավորվի կոալիցիա։

Առաջարկվում է վերանայել արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետները

Սահմանադրական բարեփոխումներով առաջարկվում է նաև վերանայել և ավելի երկար ժամանակ տալ արտահերթ ընտրությունների անցկացման համար։ Ըստ այդմ, եթե գործող օրենքով պահանջվում է արտահերթ քվեարկությունը կազմակերպել խորհրդարանը ցրելուց հետո 30-45 օրվա ընթացքում, ապա հիմա առաջարկվում է այդ ժամկետը երկարացնել՝ դարձնելով 50-60 օր։

Ռուզաննա Ստեփանյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031