Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակվում են նոր մոտեցումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մշակույթի և սպորտի ոլորտի մասնագետներին աշխատանքով ապահովելու նպատակով

Հունվար 23,2024 12:01

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի  փորձագետների պատվիրակությանը:

Այն Հայաստանում է Եվրոպայի խորհրդի քարտուղարության նախաձեռնած «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է պատվիրակության անդամներին՝ կարևորելով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության առումով: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է սովորողների կրթական կարիքների քարտեզագրումը և նրանց լիարժեք ինտեգրումը կրթական գործընթացում: Ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության ձեռնարկած քայլերն այս ուղղությամբ՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ շուրջ 17 հազար դպրոցահասակ սովորողներ ընդգրկվել են ՀՀ հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական ուսհաստատություններում իրենց կրթությունը շարունակում են 900, իսկ բուհերում՝ 1800 ուսանողներ: Ըստ փոխնախարարի՝ այս ուղղությամբ աշխատանքը շարունակական է:

Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տարբեր խնդիրներով միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի  նպատակն է զարգացման գործընկերների հետ համատեղել ջանքերը՝ առավել արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:

«Մենք այժմ բարեփոխումների ակտիվ փուլում ենք, և համակարգային փոփոխությունների այս շրջանում մեզ հաջողվեց ճկուն մոտեցումներով ապահովել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության իրավունքը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ փոխնախարարը նշել է նաև, որ ԼՂ-ից բռնի տեղահանված բազմաթիվ ուսուցիչներ իրենց մասնագիտական գործունեությունը շարունակում են ՀՀ դպրոցներում: Այժմ մշակվում են նոր մոտեցումներ՝ մշակույթի և սպորտի ոլորտի մասնագետներին աշխատանքով ապահովելու նպատակով:

ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի  փորձագետները ներկայացրել են իրենց գործունեությունը և աջակցության հնարավորությունները: Հանդիպմանն անդրադարձ է արվել երկկողմ հետարքրքություն ներկայացնող  մի շարք այլ հարցերի:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031