Հարցազրույց Լոռու նախկին մարզպետ, ՔՊ-ական Արամ Խաչատրյանի հետ, ով պաշտոնանկ արվեց շաբաթներ առաջ՝ վերանորոգվող դպրոցի կախիչի հայտնի պատմությունից օրեր անց։
– Պարոն Խաչատրյան, հայտնի «կախիչ» օպերացիայից հետո Ձեր պաշտոնանկությունը ներկայացրիք որպես «սեփական դիմումի համաձայն» հեռացում եւ հանդես եկաք Փաշինյանին ուղղված շնորհակալությամբ։ Ինչո՞ւ. վախեցաք, որ Ձեր նկատմամբ իրավական գործընթա՞ց կսկսվի, եթե ասեիք, որ մեղք չունեք կախիչի հարցում, թե՞ Ձեզ դուրս կմղեին ՔՊ շարքերից, եւ որպես ՔՊ–ական, այլեւս չէիք կարող որեւէ պաշտոնի հավակնել։
– Ես պաշտոնի համար չեմ կուսակցություն մտել, այլ գաղափարի համար: Կարեւոր է, թե ովքեր են այդ գաղափարի կրողները, որովհետեւ բոլոր կուսակցություններն էլ գեղեցիկ գաղափարներ ունեն, բայց կարեւոր է, որ դրանք իրականացվեն։ Ես հենց Նիկոլ Փաշինյանի գործոնով պայմանավորված եմ մտել այդ կուսակցություն։ Երբ ասում եք, որ գրել եմ, որ իրավական խնդիրներ չառաջանար, ես ասեմ, որ երբ վարչապետը եկել է մարզ, շրջայց կատարել, այդ օբյեկտների համար ես պատասխանատվություն չեմ կրում։ Իհարկե, իբրեւ մարզպետ, մարզում ինչ կատարվել է, իմ ուշադրության կենտրոնում է նախկինում եղել, եւ թերությունների մասին ես միշտ բարձրաձայնել եմ, բայց կոնկրետ այս հարցի համար՝ ո՛չ գույքի, ո՛չ շինարարության համար ես իրավական պատասխանատվություն չեմ կրում։
– Հետեւաբար, ինչո՞ւ ազատման դիմում գրեցիք: Չէ՞ որ, ինչպես Դուք եք պնդում, ոչ թե Ձեզ ազատել է վարչապետը, այլ Դուք եք դիմում գրել։
Կարդացեք նաև
– Ես դեռ Ամանորից առաջ եմ ուզեցել դիմում գրել, դուրս գալ, դրա համար անձնական պատճառներ եմ ունեցել, բայց ձգվեց եւ համընկավ շրջայցին։ Ինչպես տեսաք, վարչապետն էլ դրա մասին հրապարակավ հայտնեց, որ մենք հանդիպել ենք, ինքը շնորհակալություն է հայտնել իմ աշխատանքի համար, ես էլ իմ հերթին եմ շնորհակալություն հայտնել։
– Որպես նախկին զինվորական՝ պատերազմի վտանգ այժմ տեսնո՞ւմ եք եւ չե՞ք կարծում, որ Ձեր թիմի խոստացած խաղաղության դարաշրջանը չի գալու, որովհետեւ Ալիեւն արդեն Երեւանն էլ է իրենցը համարում, իսկ արտգործնախարարն ասում է, որ նա մերժում է բանակցային բոլոր հարթակները։
– Գիտեք ինչ՝ քաղաքականության մեջ որեւէ բան բացառված չէ, ինչքան որ ես գիտեմ, Ադրբեջանում ընտրություններ են, եւ այդ հռետորաբանությունը, կարծում եմ, Ալիեւը ներքին լսարանի համար է անում։ Մեր խնդիրն այն է, որ իրականացնենք մեր նպատակը, այն է՝ խաղաղության պայմանագիրը, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա։
– Եթե Փաշինյանը Պրահայում, պատմական փաստերը խեղաթյուրելով, 2022-ին Արցախը չհայտարարեր ադրբեջանական տարածք, ապա չհանձներ Ալիեւին՝ հղում անելով Ալմա–Աթայի հռչակագրին, Ալիեւը բլոկադայի չէր ենթարկի Արցախը, հետո հարձակվեր…
– Այդ հռչակագիրը 91 թվականին է ստորագրվել, երբ վարչապետն ուսանող էր։
– Ես դրա համար ասացի՝ պատմական փաստեր են խեղաթյուրվել, այդ հռչակագրում Արցախի հարցում վերապահում կար։ Եթե անգամ ընդունենք ձեր ասածը, ինչո՞ւ 91-ին կամ դրանից հետո Ալիեւը չէր վերցնում Արցախը եւ այդ փորձն արեց ու հաջողության հասավ ձեր իշխանության ժամանակ։
– Ալիեւը ժամանակ էր շահում, եթե նախկին իշխանությունները խնդիրը լուծեին` չլուծեցին, ու մենք ժառանգեցինք վատ վիճակ, իսկ այսօր ունենք այն, ինչ ունենք։ Ես չեմ ուզում մեղավորներ փնտրել, բայց սլաքներն ուղղել մենակ վարչապետի վրա, դա ճիշտ չէ, ինքը մեղավոր չէ։
– Ալիեւը ժամանակ էր շահում, այսինքն՝ սպասում էր, որ Հայաստանը թուլանա, նո՞ր վերցնի։
– Ուժերի բալանսը խախտվել էր, եւ դա խախտվել է վերջին 20 տարում ու շատ մեծ տարբերությամբ, խախտվել է թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական հարթակներում, ու վարչապետը շատ վատ ժառանգություն է ստացել։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: