Լրահոս
Օրվա լրահոսը

«Տասնամյակների ընթացքում առաջին անգամ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացավ այցելել Ղարաբաղ․ մարդու իրավունքների էական խախտումներ են եղել»․ Դունյա Միյատովիչ

Հունվար 23,2024 10:55

«Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտության ընթացքում մարդու իրավունքների էական խախտումներ են եղել»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

Նշենք, որ մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում Դունյա Միյատովիչի վերջին ելույթն էր։ Ելույթում նա հիմնականում անդրադարձավ իր՝ Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ այցերին, որոնք տեղի էին ունեցել 2023-ի հոկտեմբերին։

Նա հայտարարեց․ «Ցավոք, Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում և Ղրիմի անօրինական բռնակցումը միակ հակամարտությունները չէին, որոնք մարդկային տառապանք պատճառեցին Եվրոպայում։ Մարդու իրավունքների խախտումներ նաև արձանագրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտության ընթացքում, և, հուսանք, հակամարտության վերջին փուլում Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շուրջ»։

Նա հիշեցրեց՝ ընդամենը մի քանի օր առաջ հրապարակել է զեկույց Հայաստան և Ադրբեջան, Ղարաբաղ կատարած այցից հետո․ «Տասնամյակների ընթացքում առաջին անգամն էր, որ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացավ այցելել Ղարաբաղի տարածաշրջան: Ես շեշտում եմ, որ ղարաբաղյան տարածաշրջանի շուրջ հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է»։

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը նշեց՝ բացի պատերազմական և հակամարտությունների գոտիներում մարդու իրավունքների պաշտպանությունից, դեռևս կան այլ ուշագրավ մարտահրավերներ, որոնք պետք է լուծվեն։

Նա ամենամտահոգիչը համարեց այսպես կոչված «օրենքի գերակայության էրոզիան» և թվարկեց այն խնդիրները, որոնք կարևոր են եվրոպական ժողովրդավարությունների և ԵԽ-ի ապագայի համար։ Մասնավորապես՝ օրենքի գերակայությունը, եվրոպական դատարանի վճիռների կատարումը, ընտրված պաշտոնյաների անկախության ապահովումը և այլն։

Դունյա Միյատովիչի ելույթին հետևեց ԵԽԽՎ պատվիրակների հետ հարցուպատասխանը, որի ընթացքում բավականին ակտիվ էին հատկապես ադրբեջանական պատվիրակության անդամները։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031