Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը մտել է դատարան եւ առաջիկայում քննվելու է Սյունիքի մարզում։ «Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ գործը քննվելու է Սիսիանի դատարանում, այն մակագրված է դատավոր Գարիկ Աբելյանին, առաջին նիստը կայանալու է հունվարի 25-ին։ Մեր տեղեկություններով՝ տնային կալանքի մեջ գտնվող Ջալալ Հարությունյանը ներկայանալու է դատական նիստին։
Գեներալ-լեյտենանտին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետեւանքով ունեցած կորուստներին։ Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում, նրա փաստաբան Արսեն Սարդարյանը քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել։
Արցախի ՊԲ նախկին հրամանատարի նկատմամբ նախաձեռնվել էր եւս մեկ քրեական վարույթ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 7-ին Արցախի հարավային թեւի ուղղությամբ հակահարձակում իրականացնելու համար։ Ըստ փաստաբանի՝ Ջալալ Հարությունյանի անմեղությունն այս դրվագով ապացուցվել է, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Զոհված զինծառայողների հարազատների պայքարի արդյունքում «Ցորի գործով» մեղադրանք է առաջադրվել ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գեւորգ Գեւորգյանին։ Նրա գործը դատարանում է, հունվարի 22-ին կայանալիք դատական նիստը հետաձգվել է։ Զոհերի հարազատներից Անահիտ Մանասյանը, որ ակտիվ պայքարողներից է, մեզ հետ զրույցում ասաց՝ ծնողները մասնակցելու են Ջալալ Հարությունյանի դատական նիստին։ Մանասյանը պնդում է՝ Ջալալ Հարությունյանն իր մեղավորությունն ունի եւ պատասխանատվություն է կրում Ցորի տղերքի զոհվելու համար։ Երբ ծնողները բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, հստակ նշել են բոլորի մեղավորությունը։ Որեւէ մեկը չի հերքում, որ մյուս սպաներն անմեղ են եղել, բայց Ջալալ Հարությունյանն էլ իր բաժին մեղավորությունն է ունեցել՝ սխալ հրաման տալու եւ ապակողմնորոշելու համար։
Կարդացեք նաև
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: