Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգետիկ ըմպելիքները մեծացնում են երեխաների շրջանում ուշադրության պակասի ու գերակտիվության համախտանիշի, դեպրեսիայի զարգացման վտանգը

Հունվար 23,2024 09:30

Public Health ամսագրում վերջերս հրապարակված հետազոտությունը զգուշացնում է՝ երեխաների և երիտասարդների շրջանում էներգետիկ ըմպելիքների օգտագործումը կապվում է քնի վատ որակի, ցածր առաջադիմության, ինչպես նաև ուշադրության պակասի ու գերակտիվության համախտանիշի զարգացման ավելի մեծ վտանգի, դեպրեսիայի, ինսուլինի նկատմամբ ռեզիստենտության ու ատամների հետ կապված խնդիրների առաջացման հետ։ 

Ընդ որում, այդ հետազոտությունը զուգահեռներ է տանում  էներգետիկ ըմպելիքների և ծխախոտի, ոգելից խմիչքների, այլ հոգեակտիվ նյութերի օգտագործման միջև։ 

Իհարկե, սա այդ թեմային նվիրված առաջին հետազոտությունը չէ, սակայն այն մասնավորապես ներկայացնում է էներգետիկների ազդեցությունը երեխաների ու երիտասարդների վրա։ Նախորդ ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ էներգետիկ ըմպելիքների օգտագործումը մեծահասակների շրջանում կարող է մեծացնել սրտի հիվանդությունների, կաթվածի զարգացման, ճարպակալման, արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման վտանգը։ 

Էներգետիկ ըմպելիքների կազմում սովորաբար լինում է շաքար, կոֆեին և այլ խթանիչներ, ինչպիսիք են գուարանան (ժենշեն) ու տաուրինը։ Այդ ըմպելիքներում կարող է պարունակվել մինչև 316 մգ կոֆեին, ինչը համազոր է 3 բաժակ սուրճին։ 

Հետազոտության հեղինակներն առաջարկում են սահմանափակումներ մտցնել էներգետիկների վաճառքի հետ կապված։ Մինչ այժմ որոշ երկրներ (Մեծ Բրիտանիա, Լիտվա, Լատվիա) փորձել են 18 տարեկանից ցածր անձանց համար էներգետիկ ըմպելիքների վաճառքի արգելք մտցնել, սակայն հետագայում լուրջ օրենսդրական քայլեր չեն ձեռնարկվել այդ ուղղությամբ։ 

Փորձագետների կարծիքով, մինչ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն ողջ աշխարհում, ծնողներն ու խնամակալները պետք է կարողանան բացատրել իրենց խնամքի ներքո գտնվող երեխաներին ու դեռահասներին էներգետիկ ըմպելիքների բացասական ազդեցության, դրանց օգտագործումը սահմանափակելու անհրաժեշտության մասին։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031