Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուլսարի շահագործումը չի կարող օրինակելի, նոր ստանդարտների հարթակ լինել, քանի որ ցիան է օգտագործվելու, զարգացած երկրներում արգելված է ցիանի օգտագործումը»․Վարդանյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը

Հունվար 22,2024 22:55

Իրավաբան-բնապահպան Նազելի Վարդանյանն արձագանքելով Փաշինյանի՝ Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգություններ է փարատում» հայտարարությանն, ասում է՝ այդ մտահոգություններն ինչպես փարատվեցին, երբ բոլոր փորձագետները միաձայն, այդ թվում կառավարության հրավիրած Էլարդը, փաստել են՝ ռիսկերն այնքան շատ են ու այնքան անկառավարելի, որ եթե իրենք լինեին՝ չէին թողնի հանքը գործարկվեր,

«Նախ՝ Ամուլսարը հանքի չի դառնալու, իսկ ինչ վերաբերում է նրան, թե Ամուլսարի հանքը հանքարդյունաբերության ոլորտում կլինի նոր ստանդարտների հարթակ կամ օրինակելի հանք, նման բան չի կարող լինել, քանի որ այդտեղ ցիան են օգտագործելու»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանն ի պատասխան վարչապետի հայտարարության։

Կառավարության հունվարի 18-ի նիստում գործադիրը որոշում ընդունեց, ըստ որի՝ «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ»-ից որպես նվիրատվություն ընդունել ընկերությանը պատկանող «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ը։

Նազելի Վարդանյանը հիշեցնում է՝ այս գործարքի մասին դեռ անցյալ տարի փետրվարին էր հուշագիր ստորագրվել, ընդ որում հայտարարվել էր, որ գարնանից պետք է սկսեին աշխատել, էկոնոմիկայի նախարարն էլ հայտարարել էր, թե ՀՀ-ի ՀՆԱ-ն 1%- ով ավելանալու է․«Բայց որեւէ մեկը նախարարին չհարցրեց, թե ո՞ւր է այդ 1%-ը, ինչո՞ւ, ինչպես խոստացել էիք, գարնանից չաշխատեց հանքը, ո՞վ է խանգարել»։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․«Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգություններ է փարատում, նաեւ լրացուցիչ խթան կլինի ՀՀ տնտեսական աճի ու զարգացման համար․ «Հույս ունենք, որ Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ։ Կառավարությունն էլ, արդեն որպես բաժնետեր, կլինի հետեւողական»։

Այս առնչությամբ Վարդանյանն ասում է՝ Ամուլսարի շահագործումը չի կարող օրինակելի լինել, քանի որ այդտեղ ցիան է օգտագործվելու, իսկ ցիանը օգտագործում են, որովհետեւ հանքում, կարելի է ասել՝ ոսկի չկա․«Ամուլսարում 1 տոննա հանքանյութի մեջ 0,75 գրամ է ոսկին, իսկ դա ոչինչ է։ Զարգացած երկրներում 2 գրամից պակաս ոսկի լինելու դեպքում ընդհանրապես հանքին մոտ չեն գնում, քանի որ արդյունավետ չի համարվում, ընդ որում, արգելվում է ցիանի օգտագործումը։ Իսկ ոչ զարգացած երկրներում, Աֆրիկայում ցիանային կորզման եղանակը կիրառվում է, քանի որ հանքանյութում 1 գրամն է նվազագույն չափը կորզելու համար։ Փաստորեն, Հայաստանում ավելի վատ վիճակ է»։

Ինչ վերաբերում է Փաշինյանի նշածին, թե՝ «․․․հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգություններ է փարատում ․․․» , Վարդանյանն ասում է՝ կուզեի իմանալ, թե որոնք էին այդ մտահոգությունները, եւ ինչպես փարատվեցին, այն դեպքում, երբ բոլոր փորձագետները միաձայն, այդ թվում կառավարության հրավիրած Էլարդը, որին բյուջեից 454 հազար դոլար վճարեցին, փաստել են՝ ռիսկերն այնքան շատ են ու այնքան անկառավարելի, որ եթե իրենք լինեին՝ չէին թողնի հանքը գործարկվեր․«Ու ամենամեծ վտանգը մեր ջրերի աղտոտման վտանգ է, եւ եթե աղտոտվի, ըստ այդ փորձագետների, 500 տարի միլիարդներ էլ ծախսենք, չի վերականգնվի։ Հիմա ինչպե՞ս փարատվեցին այդ մտահոգությունները»։

Իրավաբան, բնապահպանը հիշեցնում է՝ ժամանակին վարչապետը խոստացել էր, Էլարդի եզրակացությունը կդնի թեւի տակ ու կգնա ջերմուկցիների հետ հանդիպման եւ այն կներկայացնի․«Բայց հերթական անգամ ոչ ոք ջերմուկցիներին բանի տեղ չդրեց ու այդպես էլ չեն ուզում ջերմուկցիներին լսել՝ այդ մարդիկ ի՞նչ են ուզում, ընդհանրապես ուզո՞ւմ են իրենց տարածքում հանք գործի, ինչպե՞ս են գոյատեւելու այդ պայմաններում»։

Իրավաբանը կասկածի տակ է դնում «Լիդիան Արմենիա»-կառավարություն գործարքը․««Լիդիան Արմենիան» ոչ մի բանի սեփականատեր չէ, 100% բաժնետոմսերը ժամանակին պատկանել են «Լիդիան ինթերնեյշնլ»-ին, որը Օնտարիոյի դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել, եւ վերակազմավորման մասին վճիռ է եղել, բոլոր ակտիվները երկու վարկային կազմակերպություններին են անցել,հիմա ինչպե՞ս է մի կազմակերպություն ուրիշի սեփականությունը նվեր տալիս, անհասկանալի է։ Բացի դրանից, Փաշինյանն ասում է՝ նվիրատվությունը ստանում է ժողովուրդը՝ ի դեմս կառավարության,իսկ ո՞վ է ժողովրդին հարցրել, որ ընդունեն կամ չընդունեն այդ նվիրատվությունը։ Մենք ինչպե՞ս ենք այդքան վատ ֆինանսական վիճակում գտնվող, սնանկացման գործընթացում գտնվող կազմակերպությունից նվերներ, իսկ ավելի ճիշտ՝ պարտավորություններ վերցնում, ու երաշխիք տալիս, ինչի՞ դիմաց, արդյոք աուդիտ արվել է, կառավարությունը գիտի՞, թե մենք ինչ ենք ընդունում»։

Նազելի Վարդանյանն ասում է՝ Ջերմուկն այսօր երկու մեծ վտանգի առջեւ է, մի կողմից անվտանգային, մյուս կողմից՝ ներքին որոշումները։ Վարդանյանն ասում է՝ առանց այդ էլ կառավարությունը Ջերմուկի գործարարներին էական աջակցություն չտրամադրեց՝ ոտքի կանգնելու համար, վերջին շրջանում աստիճանաբար բիզնեսը փորձում է վերականգնվել, զբոսաշրջիկներ ներգրավել․«Հիմա նորից ուզում են վնասել նրանց, ու նրանք վարկեր են վերցրել, ծրագրեր կազմել, ու այս տարիների ստեղծածը կառավարությունը փորձում է զրոյացնել, որովհետեւ այդտեղ հանք չի լինելու, եթե այդտեղ հանք լիներ, 2009 թվականից թույլտվություն ունեին, ՇՄԱԳ-ն էլ ունեին, տասը տարվա լիցենզիան էլ կար, կարող էին սկսել, ավարտել, վերջացնել»։

Արդյոք հասարակությունում, որին ավելի շատ հիմա անվտանգային խնդիրներն են հուզում, բողոքի ալիք կբարձրանա, եթե կառավարությունն իսկապես սկսի հանքը շահագործել, Վարդանյանն ի պատասխան այս հարցի, ասում է՝ ջերմուկցիները, որ հաստատ բողոքի ցույցեր են անելու։ Իրավաբանը Երասխի գործարանի օրինակն է բերում, երբ գործարանը տեղափոխվեց այլ վայր,քանի որ Ադրբեջանը պարբերաբար կրակ էր բացում գործարանի ուղղությամբ․«Ջերմուկը վտանգի տակ է այս առումով նույնպես, կառավարությունն ի՞նչ է անելու, սարը, մարդկանց ո՞ւր է տեղափոխելու, եւ ընդհանրապես, հաշվարկե՞լ են դրա քաղաքական, տնտեսական, բնապահպանական վնասները։ ընդ որում ամենասարսափելին այն է, որ այդ ամենը վերահսկողությունից դուրս է մնում։ Այն ժամանակ բողոքում էինք, ակնկալում էինք, որ ի վերջո պետական ապարատ կա, տեսչական մարմիններ կան, կարող է մի բան անեն, հիմա եթե դու ես բաժնետերը, ինքդ քեզ վերահսկե՞լու ես։ Ես հույս ունեմ, որ սա հերթական փուչիկն է լինելու, ինչպես անցյալ տարի էր։ Իսկ եթե ինչ-որ ճնշումներ են անում մեր կառավարության վրա, թող ասեն, մենք էլ իրենց կողքին կանգնենք, միասին պայքարենք։ Ոչինչ չեն ասում, ոչ հրապարակում են պայմանագրերը, ոչ հուշագիրը, մենք չգիտենք, այդ գործարքի բովանդակությունը կամ հետեւանքը, ժողովուրդը պետք է իմանա հանուն իրեն ինչ գործարք է կատարվում եւ ինչ բեռ է ընկնելու յուրաքանչյուրիս վրա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031