Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատուցողը լրջագույն մասնագիտություններից է․ Գյումրիում աշխատելով՝ նրանք կարող են մեծ գումար վաստակել»․ Կարեն Հարությունյան

Հունվար 22,2024 22:22

Aravot.am-ը Գյումրու պատմական կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանից հետաքրքրվեց, թե զբոսաշրջային քաղաքի սպասարկման ոլորտում աշխատելու համար դժվար չէ՞ արդյոք  համապատասխան կադրեր գտնելը, հատկապես որ  շատ ռեստորանատերեր ու հյուրանոցատերեր դժգոհում են, թե ավանդական այս քաղաքի մենթալիտետը չի թույլատրում, որ մարդիկ  ասենք՝ մատուցող աշխատեն։

Նշենք նաև, որ Գյումրիում ամենաշատ աշխատանքային առաջարկներն արվում են սպասարկման ոլորտում, որը ինչ-որ տեղ  բնական է․ Գյումրիում վերջին տարիներին ավելացել է ռեստորանների, հյուրանոց-հյուրատների քանակը։

Կարեն Հարությունյանն ասաց․ «Հին մենթալիտետը, բնականաբար, կա, կարծում եմ՝ դեռ երկար տարիներ կպահանջվեն, որ այն փոխվի, բայց դրական տենդենց ևս նկատվում է․ աշխատանք փնտրող երիտասարդների մոտ փոփոխություն կա․ երբ առաջ ամոթ էր համարվում սպասարկման ոլորտում աշխատելը, այսօր կարելի է ասել՝ լուրջ են վերաբերում այս ոլորտին ու հասկանում են՝ դա  շատ լուրջ մասնագիտություն է։

Վերջին տարիներին բազմաթիվ ներդրումներ են կատարվել մեր քաղաքի սպասարկման ոլորտում, նաև դա է հնարավորություն տվել երիտասարդներին ընդունելու, որ մատուցողի աշխատանքը սպասարկման ոլորտում շատ կարևոր մասնագիտություն է, և յուրաքանչյուր մասնագիտություն պահանջում է պրոֆեսիոնալիզմ, իսկ պրոֆեսիոնալ մատուցողը լուրջ մասնագետ է իր ոլորտում։

Ինքս, այս ամենը կարևորելով, կառավարման մեջ հատուկ ուշադրություն եմ դարձնում կադրերի ընտրությանը, քանի որ իմ աշխատանքի հաջողությունը պայմանավորված է արհեստավարժ ու պրոֆեսիոնալ աշխատանքին տիրապետող մատուցողների ընտրությամբ։

Այսօր շատ երիտասարդներ, մատուցող աշխատելով ու հմտանալով իրենց աշխատանքի մեջ՝ կարողանում են բավական լուրջ գումար վաստակել։ Կարելի է ասել՝  կարծրացած մտածողությունը տարիների ընթացքում սկսում է փոխվել՝ երևի հենց զբոսաշրջիկների այցերով պայմանավորված․ շատերին է  հետաքրքիր, ուզում են փորձել իրենց ուժերը»։

Նշենք նաև, որ վերջին շրջանում հանրապետության տարբեր տեղանքներից ևս տեղափոխվում են Գյումրի՝  սպասարկման օբյեկտներում աշխատելու համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031