Նոր Հաճն համայնքի ավագանու այսօրվա նիստում որոշվել է «Վարդան Պապյան» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամներ Վարդան Պապյանի եւ Նարեկ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնել։
Նոր Հաճնի ավագանին 2023 թվականի դեկտեմբերի 28-ին էր օրակարգ բերել Վարդան Պապյանին եւ Նարեկ Ստեփանյանին անվստահություն հայտնելու հարցը։ Քվորում էր տեղի ունեցել, բայց ավագանու անդամների մեծ մասը կողմ չէր քվեարկել այս առաջարկին։ Հարցը դարձյալ օրակարգ էր բերվել այսօրվա նիստում, եւ ավագանու անդամների մեծամասնության կողմ քվեարկության արդյունքում ավագանու անդամներին անվստահություն հայտնվեց։ Վարդան Պապյանին անվստահություն հայտնելու հիմնավորումն այն է, որ նա բացակայել է ավագանու նիստերից։ «Ես նախորդ նիստում ներկայացրեցի իմ չգալու պատճառը, ամենակարեւորը, որ ես կոտրվածք եմ ունեցել, շարժվելու հետ կապված խնդիր եմ ունեցել։ Եթե ավագանին դա կարող է համարել անհարգելի, շատ լավ, թող համարի, բայց ես կարծում եմ, որ դա պետք է հարգելի լինի, որովհետեւ ոչ ոք ապահովագրված չէ այդ ռիսկերից»,- ավագանու նիստում ասաց Վարդան Պապյանը։
«Առավոտի» հետ զրույցում Վարդան Պապյանն ասաց, որ ավագանու այս որոշումն իրավաչափ չէ եւ պետք է բողոքարկվի։ Գործընթացը նախաձեռնել են Նոր Հաճնի համայնքապետ Գագիկ Մաթեւոսյանն ու իր դաշինքի ավագանու անդամները, նրանց է միացել ՔՊ խմբակցության մեկ անդամ։ «Գագիկ Մաթեւոսյան դաշինքից 10 անդամ եւ ՔՊ-ից մեկ հոգի կողմ քվեարկեցին այդ նախագծին, եւ ըստ իրենց կազմակերպած շոույի՝ անվստահություն հայտնվեց մեզ։ Բայց ես կարծում եմ, որ դա իրավաչափ չէր, որովհետեւ մեկ անգամ այդ հարցով նիստ արել են, բայց անվստահություն չի հայտնվել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Վարդան Պապյանը հավելեց, որ ավագանու նիստերի կեսից ավելիին չի հաճախել, որովհետեւ առողջական խնդիրներ է ունեցել, 3-4 ամիս անկողնային ռեժիմում է եղել։ «Բայց ոնց հասկանում եմ, դա մեր ավագանու մեծամասնության համար հարգելի չէ։ Իրենք որոշել են նախագիծը երկրորդ անգամ դնել քվեարկության»,- նշեց նա։
Համայնքի ղեկավար Գագիկ Մաթեւոսյանն ավագանու նիստի ժամանակ, անդրադառնալով Վարդան Պապյանի հայտարարությանը, որ առողջական խնդիրների պատճառով չի ներկայացել նիստերին, ասաց․ «Ձեզ առողջություն եմ ցանկանում, բայց խնդիրն այն է, որ ոչ մի ձեւով հնարավոր չի լինում ապացուցել էս ամենը, հիմա եկել եք, նոր ասում եք»։ «Եթե ես բժշկական թղթերը բերեմ, կհամարե՞ք հարգելի»,- հարցրեց Վարդան Պապյանը։ Ի պատասխան՝ համայնքի ղեկավարն ասաց, որ բժշկական փաստաթղթերը նախօրոք պետք էր ներկայացնել։
Հարցին, թե այս գործընթացում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, Վարդան Պապյանը պատասխանեց․ «Հիմա վաղ է դրա մասին խոսել, բայց, իհարկե, տեսնում եմ»։ Հարցին, թե Նոր Հաճնում փորձում են լռեցնե՞լ ընդդիմության ձայնը, նա պատասխանեց․ «Դա դասական օրինակ է»։
Պապյանը նշեց, Նոր Հաճնի ավագանու այս որոշումը կբողոքարկի Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ դատարան։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը` Վարդան Պապյանի Ֆեյսբուքի էջից: