ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադառնալով ադրբեջանական բանտերում գերության մեջ գտնվող Արցախի ղեկավարության՝ համացանցում տարածված լուսանկարներին՝ ասաց. «Զազրելին այն է, որ այդ նկարները տարածվելուց անմիջապես հետո հայտնվեցին իշխանամերձ շրջանակներից հայտնի բլոգերներ, գրչակներ, հակահայ եւ հակաարցախյան գործունեությամբ միշտ աչքի ընկած խանդավառ մարդուկներ: Նրանք սկսեցին նկարագրել, թե ինչ լավ են պահում Բաքվի բանտում, մինչդեռ հայկական Արցախի բանտում այդպես չէին վերաբերվում հայերի հետ: Սա հստակ ուղղորդվում է այս իշխանությունների կողմից եւ հստակ նպատակ ունի: Առաջինը, թե տեսեք, Բաքվի բանտերում, գտնվող մարդկանց ադրբեջանցիները լավ են վերաբերվում, ադրբեջանցիներին ներկայացնել որպես մարդասեր: Իբրեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվի բանտերում պատիվների են արժանացնում, ինչպիսի լավ վերաբերմունք կա, որ անգամ ընթերցանությամբ էլ են զբաղվում: Այնպես որ, մտահոգվելու կարիք չկա:
Երկրորդը կեղծ համեմատությունն է, թե տեսեք՝ այն ժամանակ, երբ Արցախը հայկական էր եւ ազատ ու անկախ հանրապետություն էր, մարդիկ, որոնք այս կամ այն հանցագործության համար պատիժը կրում էին հայկական Արցախի բանտերում, պահվել են սաստիկ վատ պայմաններում եւ Բաքվի բռնապետի ու Արցախի այն ժամանակվա իշխանությունների մոտեցումը բանտարկյալների նկատմամբ անհամեմատելի է:
Նպատակը Բաքվի բռնապետին գովերգելն ու մեծարելն է նրա ցուցաբերած լավ վերաբերմունքի համար: Սա հստակ ուղղորդված է իշխանությունների կողմից, որոնք արդեն անցել են բոլոր չափ ու սահմանները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ