Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիճակագրական կոմիտե՝ կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:
Նշվել է, որ նախորդ տարվա ծրագիրն իրականացվել է ամբողջությամբ՝ նախատեսված 473 միջոցառումը կատարվել է: Տարածվել է 20 վիճակագրական ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց:
2022թ. հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում անկախությունից ի վեր տեղի ունեցած 3-րդ մարդահամարի արդյունքներով, որն առաջին անգամ անցկացվել է համակցված մեթոդով, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2022թ. հոկտեմբերի 13-ի դրությամբ կազմել է 2 932 731 մարդ: Նշվել է նաև, որ 2023թ. հոկտեմբերի 11-31-ն անցկացվել է փորձնական գյուղատնտեսական հաշվառում, իսկ հիմնական համատարած հաշվառումը, որը թվով 2-րդն է ՀՀ-ում, կանցկացվի 2024թ. հոկտեմբերին:
Կարդացեք նաև
Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է գյուղատնտեսության ոլորտում վիճակագրական գործընթացի և կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին և նշել. «Մենք ինչի՞ պետք է համայնքին զանգենք, ասենք՝ դուք որքա՞ն խաղողի այգի ունեք: Արհեստական ինտելեկտով և օրթոֆոտո պատկերներով տվյալը պետք է գեներացվի և դա արտահայտվի մեր վիճակագրության մեջ, որպեսզի մենք իմանանք այս տարի խաղողի մթերման պոտենցիալ թիվն ինչքա՞ն է, որովհետև գիտենք, որ այդ թվերի հետ կապված տասնյակ մանիպուլյացիաներ կան մի քանի տարբեր նպատակադրումներով, հիմա տեխնիկան այնքան է զարգացել: Նույնն էլ մշակվող և չմշակվող, ոռոգվող և չոռոգվող հողերի մասին է, ենթադրում եմ՝ մենք այս ուղղությամբ պետք է գնանք, որովհետև տվյալները հնարավոր է ճշգրտել մինչև հողի խոնավության աստիճանը և այլն:
Հաջորդը՝ օրինակ, մենք ունենք նույն խնդիրը նորմատիվային և գերնորմատիվային հողերի հետ կապված: Սա ինչո՞վ է կարևոր, որ մեզ հնարավորություն կտա պլանավորումը և ռազմավարություններն ավելի հստակեցնել: Օրինակ, գերնորմատիվային հողերի տվյալների վերաբերյալ եթե վստահ լինենք, կարող ենք կաթիլային ոռոգման, սուբսիդավորման այլ մեխանիզմ դնել այն հողերում, որտեղ խոնավությունն ավելի շատ է, և այդպես շարունակ: Եթե դա մենք ձեռքով ենք անելու, մեկ է միշտ չարաշահման տեղ է մնալու: Ընդ որում՝ այդ տեխնոլոգիաները կան: Եվ կարծում եմ՝ հրատապության կարգով այս խնդիրը պետք է լուծենք: Չզանգենք ասենք՝ ինչքան խաղող հավաքեցիք կամ ինչքան այգի ունեք: Այդ ամեն ինչը պետք է արհեստական ինտելեկտի, իհարկե նաև վերլուծությամբ գեներացվի: Զանգով վիճակագրությունը մեզ շատ սխալ տեղեր է տանում»:
Տեղեկացվել է, որ կարողությունների զարգացման և օրթոֆոտո պատկերների ստացման ուղղությամբ Վիճակագրական կոմիտեն սերտորեն համագործակցում է Կադաստրի կոմիտեի հետ:
Նախաձեռնվել են բարեփոխումներ վիճակագրական կարողությունների ամրապնդման ուղղությամբ: Մասնավորապես, Արմստատը, Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության հետ համատեղ հանդիսանալով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Տվյալների տարածման հատուկ ստանդարտի (ՏՏՀՍ) անդամ, նախաձեռնել է ԱՄՀ-ի Տվյալների ստանդարտների նախաձեռնությունների 3-րդ՝ ներկայում ամենախիստ և պարտադիր պահանջներով, մակարդակի՝ «ՏՏՀՍ պլյուս»-ին անդամակցության աշխատանքները, որի շրջանակում հստակեցվել են արդեն իսկ ներկայացվող և հետագայում պահանջվող տվյալները, մեթատվյալները և անդամակցման անհրաժեշտ քայլերը:
ՓՄՁ վիճակագրության կատարելագործման նպատակով 2023թ.-ին կազմվել են 2022թ. հաշվետու տարում ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսավարող սուբյեկտների (գերփոքր, փոքր, միջին, խոշոր) կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հաշվարկված հարկերի, այդ թվում՝ շահութահարկի, ավելացված արժեքի, շրջանառության, ակցիզային և եկամտային հարկերի գծով ամփոփ աղյուսակներն՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի բաժինների ու տնտեսվարողների չափերի, համաձայն Պետական եկամուտների կոմիտեից ստացված համապատասխան անվանական տվյալների:
2023թ.-ին Արմստատը, համագործակցելով Համաշխարհային բանկի և «Էկոսերունդ» բնապահպանական, սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպության հետ, Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացրել է «Տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման և էլեկտրոնային առևտրի մասին» հետազոտություն, որի ամբողջական արդյունքները հրապարակվել են Արմստատի պաշտոնական կայքում:
Ներդրվել են բարձր տեխնոլոգիական մակարդակի և գիտելիքահեն տնտեսական գործունեության տեսակների ու բարձր տեխնոլոգիական ապրանքների դասակարգչային հավաքական խմբավորումներ, որոնց կիրառմամբ ցուցանիշները նախատեսված է հրապարակել փետրվարի 5-ին:
2023թ.-ին իրականացվել են «Էլեկտրոնային հաշվետվությունների հավաքման, պահպանման և մշակման վեբ-հարթակ»-ի ամբողջականացման և թեստավորման-պիլոտային աշխատանքներ 2 ուղղությամբ. ադմինիստրատիվ պորտալում՝ Արմստատի ստորաբաժանումների մասնակցությամբ և հանրային պորտալում՝ ռեսպոնդենտների մասնակցությամբ: Դրա արդյունքում, 2024թ. փետրվարի 1-ից գործարկվելու է Արմստատի «Պաշտոնական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգը»: ՊԵԿ-ի օժանդակությամբ իրազեկումը իրականացվում է նաև ՊԵԿ-ի հարթակով:
Արմստատի պաշտոնական կայքի գլխավոր էջում ստեղծվել է «Ինֆոգրաֆիկա» խորագրով նոր բաժին, որի ներքո ներկայացված ցուցանիշների ինֆոգրաֆիկ պատկերավորումների կազմն ու բովանդակությունը շարունակաբար արդիականացվում են:
Արդիականացվել են 140 վիճակագրական արտադրանքի որակի հռչակագրեր՝ Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի սկզբունքների և Եվրոպական վիճակագրական համակարգի որակի ապահովման շրջանակի և Ընդհանուր վիճակագրական բիզնես-գործընթացի մոդելի (GSBPM, տարբերակ 5.0) հենքով, ինչպես նաև քարտեզագրվել են Արմստատի գործառույթները (վիճակագրական և ոչ վիճակագրական) Վիճակագրական կազմակերպությունների համար ընդհանուր գործունեության մոդելի (GAMSO) համաձայն:
2023թ.-ին ներդրվել է Եվրոստատ (Eurostat) և ՄԱԿ-ի վիճակագրական բաժին (UNSD) ներկայացվող POPSTAT տվյալների հավաքածուի 2022թ. հաշվետու տարվա համար՝ բնակչության թվաքանակի, բնական շարժի և միգրացիայի տվյալների SDMX միջազգային ստանդարտի ձևաչափով փոխանցման գործիքակազմը՝ սահմանված EDAMIS հաշվետվությունների համակարգի միջոցով:
Առաջնորդվելով ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներից 10-րդ՝ «Միջազգային համագործակցություն սկզբունքի պահանջներով՝ ապահովվել է մշտական համագործակցությունը միջազգային վիճակագրական կազմակերպությունների հետ՝ միտված վիճակագրական պրակտիկայում միջազգային չափանիշներին/ստանդարտներին համադրելիությանը և պաշտոնական վիճակագրության շարունակական զարգացմանը:
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող մշտական հիմունքներով իրականացվող հետազոտություններից և դիտարկումներից բացի, 2023թ.-ին նախաձեռնվել է «Ժամանակի օգտագործման միանվագ հետազոտությունը»՝ ՄԱԿ Կանայք-ի մեթոդաբանական ու ֆինանսական աջակցությամբ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ