Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանի գործով «Հայէկոնոմբանկից» առերեւույթ կեղծ փաստաթղթեր են ներկայացվել. Փաստաբան Վահագն Դալլաքյան

Հունվար 22,2024 18:10

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր շարունակվեցին ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի անդամների՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործի նախնական լսումները։

Պաշտպան Վահագն Դալլաքյանը միջնորդեց կասեցնել գործի քննությունը: Հիմքը՝ 2023 թվականի դեկտեմբեր ամսին նախաձեռնված քրեական վարույթն է, որի վերջնական արդյունքը, ըստ պաշտպանական կողմի, էական ազդեցություն կունենա սույն գործով քննության եւ դրա ընթացքի վրա: Խոսքը վերաբերում է 1996 թվականին Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի կողմից հիմնադրված RRR ՍՊԸ-ի կողմից՝ 1997 թվականին «Գրանդ տոբակո» ընկերությունում կատարված ներդրումներին: RRR ՍՊԸ-ի հիմնադրումն ամբողջովին համարվում է օրինական եկամուտներով հիմնավորված, սակայն դրանից հետո «Գրանդ տոբակո»-ում կատարված ներդրումները՝ սկզբից 33 տոկոսի ձեռքբերման նպատակով, այնուհետեւ մինչեւ 49 տոկոս, ըստ դատախազության ներկայացրած հայցադիմումի, մեծամասամբ չեն հիմնավորվում: Պաշտպանական կողմն այս պնդումը ոչ իրավաչափ է որակում, քանի որ եթե ներդրումները կատարվել են որեւէ ընկերության կողմից, նշանակում է, որ դրանք տվյալ ընկերության միջոցներն են, բայց դատախազությունը պնդում է, որ «Գրանդ տոբակոյի» բաժնեմասերը ձեռք բերելու համար միջոցները ոչ թե RRR ՍՊԸ-ի միջոցներն են, այլ դրա հիմնադիր Ռուբեն Հայրապետյանի:

Դատախազության նման մոտեցումը պաշտպանական կողմի համար առնվազն տարօրինակ է, բայց հասկանալի, քանի որ հայցադիմումին կից փաստաթղթերում կան RRR ՍՊԸ-ի հաշիվների վերաբերյալ «Հայէկոնոմբանկ» ընկերության կողմից տրամադրված քաղվածքներ՝ 1996 թվականից մինչեւ 2017 թվականն ընկած ժամանակահատվածն ընդգրկող, որոնց համաձայն, այդ ժամանակահատվածում RRR ՍՊԸ-ի հաշիվներով գործարքներ չեն կատարվել, թե սկզբնական, թե վերջնական մնացորդը զրո է: Սա դատախազությանը հիմք է տվել ենթադրելու, որ ներդրումները Ռուբեն Հայրապետյանի անձնական միջոցներից են կատարվել:

«Մինչդեռ մեզ մոտ պահպանվել են հենց «Հայէկոնոմբանկի» կողմից տրամադրված բնօրինակ անդորրագրեր, մի քանիսը, որոնք ապացուցում են հենց այդ հաշվով կատարված գործարքների մասին տեղեկություններ: Այսինքն, այդ տեղեկությունները սխալ են, առայժմ այս որակումը տամ»,- ասաց Վահագն Դալլաքյանը՝ հավելելով, որ «Հայէկոնոմբանկի» տրամադրած քաղվածքների, առերեւույթ կեղծ լինելու վերաբերյալ տեղեկություն են ներկայացրել, որի հիման վրա էլ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔԿ-ում:

Պաշտպանի ներկայացմամբ, այս ամենի արդյունքում, շղթայաբար ապօրինի են որակվել Հայրապետյանների ընտանիքի կողմից «Գրանդ տոբակոյից» ստացված շահաբաժինները՝ 2001-2004 թվականների ընթացքում, ապօրինի է համարվել նաեւ 2004-ին, «Գրանդ տոբակոյի» տվյալ բաժնից օտարումից ստացած գումարը: Բանկի տրամադրած առերեւույթ կեղծ քաղվածքի հիման վրա կատարած դատախազության հաշվարկների արդյունքում՝ այդ գումարները կազմում են ավելի քան 4 միլիարդ դրամ: Դրան հաջորդող տարիների ընթացքում այդ գումարը վերափոխվել է ավելի մեծ արժեքով գույքի եւ դրամական միջոցների, որի հաշվարկն այս պահին պաշտպանական կողմը չունի, սակայն, առնվազն 4 միլիարդի մասով, քրեական գործի արդյունքը, համոզված են, որ ազդեցություն է ունենալու սույն վարույթի ընթացքի եւ արդյունքի վրա:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հանրային մեղադրողն առարկեց՝ կարծիք հայտնելով, որ եթե խնդիրը ճշտված տվյալների ձեռքբերումն է, ապա պաշտպանական կողմը կարող է ինքը ձեռք բերել այդ տվյալները կամ դատարանի միջոցով դրանք ստանալ:

Ռաֆիկ Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ առարկեց հանրային մեղադրողի դիրքորոշման դեմ՝ ասելով, որ պաշտպանական կողմը պարզել է, որ առեւտրային կազմակերպությունը պետությանը կեղծ տվյալներ է ներկայացրել, ինչի հիման վրա դատախազությունը ոչ ճիշտ հաշվարկներ է ներկայացրել դատարան. «Մենք դա առնվազն պարզել ենք եւ վարույթ է հարուցվել»: Նա զարմացավ, որ դատախազությունն ինքը չի միջնորդում գործի կասեցում եւ տարակուսեց՝ արդյոք կատարվածը բանկի ինչ-որ աշխատողի անփութության արդյո՞ւնք է, թե՞ դիտավորություն:

Դատավորը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ քանի որ այն դատավարական այս փուլին չի վերաբերվում. «Դեռ չի որոշվել, թե ո՞ր փաստերն են ապացուցման ենթակա»:

Այլ մանրամասները՝  տեսանյութում

Հանրային մեղադրողն էլ միջնորդություն ուներ՝ մի շարք ընկերությունների՝ երրորդ անձ ներգրավվելու մասին:

Այլ մանրամասները՝ տեսանյութում 

Հիշեցնենք, դատախազությունը պահանջում է Ռուբեն Հայրապետյանից եւ Նարինե Հայրապետյանից՝ հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել ՝ Կոտայքի մարզի Ծաղկաձորում գտնվող հողամասն ամբողջությամբ, Առինջում գտնվող անշարժ գույքն ամբողջությամբ, Սևանում գտնվող հողամասն ամբողջությամբ, ինչպես նաև՝ «Լեքսուս» ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ գույքերի միջին շուկայական արժեքը։

Բացի այդ, դատախազությունը պահանջում է Ռաֆիկ և Մարիամ Հայրապետյաններից բռնագանձել ավտոմեքենան, «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ-ում 2021թ հոկտեմբերին ներդրված 6 մլն․ 897 հազ․ 30 ՀՀ դրամ չափով արժույթն ամբողջությամբ, նույն ՓԲԸ-ում 2020թ սեպտեմբերի 25-ին ներդրված և 2021թ սեպտեմբերի 22-ին ներդրված 6674 ԱՄՆ դոլարի չափով ավանդն ամբողջությամբ, ինչպես նաև՝ Յունիբանկում 2021թ սեպտեմբերի 22-ին ներդրված 1 մլն 523 հազ․ 641 ՀՀ դրամի չափով ավանդն ամբողջությամբ։

Այնուհետև, ըստ դատախազի, Ռաֆիկ Հայրապետյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձման է ենթակա Երևանի Ավան թաղամասի շենքերից մեկում ոչ բնակելի տարածքն ամբողջությամբ, Ավանում բնակելի տունն ամբողջությամբ, Լեքսուս մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև՝ «Սպորտ Ռեզորթ», «Ռոյալ Քլաբ», «Սևան Ռեզորթ», «Հարսնաքար», «Նորալուսին» ընկերությունների մասնակցությունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ միջին արժեքը։

Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ 65181 բաժնետոմսերից 8526 ապօրինի բաժնետոմսերը և 153433 հասարակ բաժնետոմսերից 45430 ապօրինի բաժնետոմսերը, այնուհետև, «Հարսնաքար» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 70 մլն 600 հազ 496 ՀՀ դրամ չվերադարձված մասից 57 մլն 58 հազ 104 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Նորալուսին» ընկերությանը տրամադրված փոխառության 43 մլն 710 հազ․ 903 ՀՀ դրամ չվերադարձված մասից՝ 5 մլն․ 898 հազ․ 520 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Ռոյալ Քլաբ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 3 մլն․ 394 հազ․ 375 ՀՀ դրամ չվերադարձված մասից 96 հազ 375 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Սևան Ռեզորթ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 88 մլն․ 318 հազ․ 393 ՀՀ դրամ չվերադարձված մասից 74 մլն 119 հազ․ 266 դրամի պահանջի իրավունքը, «Բյուրեղ» ՓԲԸ-ին տրամադրված փոխառության 97 մլն 702 հազ 500 դրա չվերադարձված մասից 83 մլն 568 հազ 580 դրամի պահանջի իրավունքը, «Արագած» ԲԿ-ին տրամադրված փոխառության 199 մլն 74 հազ․ 606 չվերադարձված մասից 193 մլն 829 հազ․ 510 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում՝ չվերադարձված ապօրինի մասի չափի գումար։ Դատախազությունը նաև պահանջում է բռնագանձել բաժնետոմսեր։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031