Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան․ Ով ում չի սիրում, ասում է՝ նա է բերել Նիկոլին: Բայց չէ, այ եղբայր, դուք եք բերել

Հունվար 22,2024 17:18

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով այն հայտարարություններին, որոնք նպատակ ունեն պառակտել առանց այդ էլ թույլ ընդդիմությունը՝ ասաց, որ այսօրվա օրակարգային միակ հարցը այս իշխանություններին հեռացնելն է, այլ ոչ թե անընդհատ անցյալը հիշելը եւ նախկիններին անդադար վերլուծելը:

«Այստեղ հոգեբանական բարդույթ գոյություն ունի: 2018 թվականին ես Հայաստանում չէի՝ Լեհաստանում էի։ Բայց ի պաշտոնե, որպես դեսպան հետեւում էի Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Ես այդ մեծ հեռավորությունից տեսել եմ, որ տասնյակ հազարավոր, գուցե նաեւ, 100 հազարավոր մարդիկ դուրս էին եկել իշխանության դեմ պայքարի՝ այդ իշխանության փոփոխության համար: Դա հո սուտ չէ՞, այդ մարդիկ եղել են, չէ՞: Այդ մարդիկ ուղղակի մասնակցելով դրան, հետո տեսել են, թե ինչ զուլում են բերել իրենք իրենց գլխին ու այդ կատարվածի մեջ հիմա մեղք են տեսնում: Եվ որպեսզի այդ մեղքն իրենց վերաբերելի չլինի, ասում են՝ Նիկոլին Սորոսն է բերել, ամերիկացիներն են բերել, ռուսներն են բերել, Սերժ Սարգսյանն է բերել եւ այլն: Ով ում չի սիրում՝ ասում է նա է բերել: Բայց չէ, այ եղբայր, դուք եք բերել։

Լավ է, որ հիմա հասկացել եք, գիտեք՝ ինչ է եղել: Ու դրա լուծումը ոչ թե այն է, թե ով է բերել, այլ միասնական պայքարով դուրս գալը, որպեսզի ոնց բերել են, այնպես էլ ճամփեն: 2018 թվականին ով դուրս է եկել փողոց, նա էլ պիտի ճամփի: Թեեւ նրանց մի մասն այլեւս չի կարողանա, որովհետեւ զոհվել է այս պատերազմում: Եռաբլուրում հանգչող տղերքի մեծամասնությունը, իմ խորին համոզմամբ, մասնակցել է 2028 թվականի իրադարձություններին, որովհետեւ ուսանողներ, դպրոցի ավարտական դասարանի աշակերտներ են եղել: Իրենք հո դուրս չէի՞ն եկել պայքարի, որ իշխանության բերեն մի մարդու, որն իրենց տանի, զոհի, հետո էլ ասի, թե այն հողը, որի համար զոհվել եք, թուրքի հող է եղել: Այսինքն, ժողովուրդը դարձել էր համընդհանուր խաբեության, խարդավանքի զոհ: Շառլատանների մի խումբ խաբել է ժողովրդին եւ հիմա էլ շարունակում է խաբել ու մարդ է ման գալիս, որ մեղքը բարդեն նրա վրա:

Ասում են՝ Սերժ Սարգսյանը Նիկոլին բերեց իշխանության: Այսինքն, նա իշխանությանը նստած՝ սրան պետք է բերե՞ր, երբ ինքն էր եկել իշխանության: Այդ անմիտ թեզը շրջանառելու իմաստը ո՞րն է:

Մարդը Մհեր Գրիգորյանին հունվարի վերջին ուղարկում է Շահին Մուստաֆաեւի հետ հանդիպման՝ Տավուշի կեսը հանձնելու, իսկ մենք այսօր քննարկում ենք, թե հինգ տարի առաջ ով է Նիկոլին իշխանության բերել:

Մեր կենցաղային հարաբերություններում մեկը որ մեզ խաբում է, ի՞նչ ենք անում: Հասկանում ենք, որ նա մեր վստահությունը չարաշահել, մեզ խաբել է: Հետո գնում՝ պատասխանատվություն ենք պահանջում: Հիմա սա ամբողջ ժողովրդին խաբել է: Ու փոխանակ հասկացող մարդիկ գնան ու բան պահանջեն, անմիտ թեզերով իրար դեմ են պայքարում: Ու ես դա չեմ հասկանում»,-ասաց դիվանագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031