Կառավարությունը ցանկանում է Հայոց պատմություն առարկան դարձնել Հայաստանի պատմություն: Նախագիծը արդեն տեղադրված է e-draft հարթակում: Եվ այս պահին առցանց եղանակով դեմ է քվեարկել 82 տոկոսը:
Նշվում է, որ «Հայրենագիտություն» եւ «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ որպես պարտադիր առարկա` ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան, եւ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմության»` վերանում է անհամապատասխանությունը։
«Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները»,-այսպես է հիմնավորվում փոփոխությունը:
Նաեւ հավելվում է. «Տարբեր երկրներում տվյալ երկրի պատմության ուսուցանմանը նվիրված առարկան կոչվում է այդ երկրի պատմություն, օրինակ՝ Ֆրանսիայում դպրոցներում ուսուցանում են Ֆրանսիայի պատմություն, ոչ թե ֆրանսիացների, Լեհաստանում՝ Լեհաստանի պատմություն և այդպես շարունակ։ Առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը, պատմությունը ներկայացվում է այդ երկրի՝ իբրև հավաքական և կազմակերպված հանրության հանդես գալու պատմություն։
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ այս պարագայում էլ պետության չգոյության ժամանակահատվածների ներկայացումը էապես տարբերվում է մեթոդաբանական մոտեցման տեսանկյունից՝ ի ցույց դնելով պետության գոյության կարևորությունը և սովորողների մոտ ձևավորելով սեփական երկրի շահերի իմացության և դրանց պաշտպանության անհրաժեշտ դիրքորոշումն ու արժեքները։ Մինչդեռ հայոց պատմություն անվանումը, որն, ըստ էության, հղում է առաջին հերթին մարդկանց պատմությանը, հնարավոր է դարձնում այդ պատմությունը նաև առանց պետության և պետականության՝ այսպիսով չնպաստելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը։
Կատարվող փոփոխությունն իրականացվել է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում: Մասնավորապես, Հնդկաստանի, Բրիտանիայի, Իտալիայի, Չինաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի պատմությունը ներկայացվում տվյալ երկրի անվամբ առարկայի շրջանակներում»:
Հիշեցնենք, որ Գավառ քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե վերջերս իմացել է, որ մի խումբ մանկավարժներ, կամ գիտնականներ, մասնագետներ դիմել են ԿԳՄՍ՝ առաջարկելով, որ դպրոցներում դասավանդվող Հայոց պատմություն առարկան վերանվանել Հայաստանի պատմություն․ «Անկեղծ ասած, այս առաջարկն ինձ ցնցեց ուղղակի հետևյալ տրամաբանությամբ։ Ես ինքս ինձ մեղադրեցի, որ ես այս նրբությունը չեմ նկատել։ Կարող է թվալ, թե սա ինչ բանավեճ է՝ Հայ ժողովրդի պատմություն, թե Հայաստանի պատմություն։
Իսկ այդտեղ խորքային, բովանդակային շատ լուրջ տարբերություն կա՝ Հայ ժողովրդի պատմությունը ենթադրում է պետականության բացակայության պատմություն՝ պետականության լինելիության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը ենթադրում է պետականության պատմություն՝ պետականության բացակայության դրվագներով։
Այսինքն՝ առաջին պատմությունը պետության բացակայության մասին է, որը երբեմն ընդհատվել է պետություն ունենալով, իսկ երկրորդը՝ պետության պատմությունն է, որը երբեմն ընդհատվել է պետություն չունենալով։ Այս կարգի հարցեր կան, որը շատ կարևոր են»։
Թեմայի վերաբերյալ մեկնաբանությունները՝ առաջիկայում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ