Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով պարեկների հետ, հունվարի 20-ին՝ ուշ երեկոյան, Գյումրու Մազմանյան փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են 22-ամյա երիտասարդի, որին կասկածել են Արցախ թաղամասի դիտահորերի կափարիչները գողանալու մեջ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:
Երիտասարդին իր վարած «Մերսեդես» մակնիշի մեքենայով տարել են բաժին, որտեղ և նա խոստովանել է, որ գողության հեղինակը ինքն է, ավելին՝ հայտնել է` գողոնը «Մերսեդեսի» բեռնախցիկում է ու պատրաստ է ներկայացնել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Կարդացեք նաև
Նշենք, որ Գյումրու տարբեր թաղամասերում հաճախակի են անհետանում դիտահորերի կափարիչները՝ մեծ վտանգ դառնալով թե՛ անցորդների և թե՛ վարորդների համար։
Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ հայտնվել են դիտահորերի մեջ՝ չնկատելով դրանց բաց լինելը, հատկապես, երբ Գյումրու ոչ բոլոր փողոցներն են լուսավորված։
Քիչ չեն նաև դեպքերը, երբ դիտահորերի բաց վիճակը պատճառ է դարձել մեքենաների ջարդուխուրդ լինելու, ավտովթարների։
Ինչպես անդրադարձել ենք, Գյումրիի բնակիչները երբեմն ստիպված են ստեղծագործական մոտեցում ցուցաբերել՝ դիտահորերը փակել աթոռով, արկղերով՝ այսպիսով նախազգուշացնելով անցորդներին ու վարորդներին, որ տվյալ հատվածին մոտենալը վտանգավոր է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ