Լրահոս
Օրվա լրահոսը

Ցածր գին՝ չի նշանակում անորակ աշխատանք: Գնման ոլորտում պետք է մեր պահանջները խստացնենք. Ավինյան

Հունվար 22,2024 15:46

2023թ. Երևանի բյուջեի կատարողականը կազմել է շուրջ 90%: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով գրանցած ցուցանիշներին ու կարևորելով կյանքի կոչվող ծրագրերի նկատելի աճը, քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ զուգահեռաբար պետք է խստացվեն պահանջները կատարված աշխատանքների որակի նկատմամբ:

«Մեր նպատակը, ծրագրերի կատարողականներն ապահովելուն զուգահեռ, որակյալ աշխատանքն է: Քաղաքի մշակույթին ծանոթ մարդիկ ու նախագծողներ պետք է աշխատեն: Գնման ոլորտում պետք է մեր պահանջները խստացնենք՝ աշխատանքների, ծառայությունների և ապրանքների որակի հետ կապված:  Ցածր գին՝ չի նշանակում անորակ աշխատանք. կան ոլորտներ, այդ թվում մանկապարտեզներում երեխաների սննդի մատակարարումը, որտեղ մեր պահանջները պետք է խստացվեն: Կան ոլորտներ էլ, որտեղ պետք է դաշտը մրցակցային դարձնենք՝ կարևորելով որակն ու շատ չսահմանափակելով»,- ընդգծել է քաղաքապետը:
***
Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագրով արդեն իսկ էներգախնայող լեդ լուսատուներով է լուսավորվում նաև  Նալբանդյան փողոցը: Երևանյան 28 փողոցների ծրագրով էլ վերգետնյա մալուխներն անցկացվում են ստորգետնյա կապուղիներով. ընդհանուր առմամբ կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացը շուտով կմեկնարկի Վարդանանց և Խորենացի փողոցներում:
***
2024թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ միջազգային, քաղաքային ու երիտասարդական բազմաթիվ միջոցառումներ տեղի կունենան: Համայնքը կարևորել է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ներգրավումը մարզական կյանքին, կլինեն նաև տարբեր նախաձեռնություններ տարեցների ու երևանի փոքրիկ բնակիչների համար:
***
Համայնքը դիտարկում է «Շտապբուժօգնություն» ընկերության առկա 43 շարժակազմին նորերն ավելացնելու հնարավորությունը. նախատեսվում է առաջիկայում ծառայություն մատուցել նաև մոպեդներով: Որակյալ սպասարկում ապահովելու գործում քաղաքապետ Ավինյանը կարևորել է 1-03 հեռախոսահամարին մուտքային զանգերին պարտադիր արձագանքումը:

«Ծառայության որակը էականորեն պետք է բարելավվի, անպատասխան զանգ չպետք է մնա: Մենք պետք է ապահովենք 100% պատասխան քաղաքացիների զանգերին»,- շեշտել է Տիգրան Ավինյանը:
***
Անցած շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 167 արտաքին գովազդ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031