Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ-ի՝ Ֆրանսիայի հետ բարեկամության շրջանակը ողջունել է Ֆրանսիայի Սենատի բանաձևը

Հունվար 22,2024 15:38

Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արցախ- Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը և շրջանակի անդամները շնորհակալական նամակով ողջունել են Ֆրանսիայի Սենատի՝ հունվարի 17-ին ընդունած բանաձևը:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգարժան պարոն Սենատոր,

Խորապես զգացված ենք այն ջանքերի համար, որ Դուք և Ֆրանսիայի Սենատի խմբակցության ղեկավարները գործադրել եք 2023թ. սեպտեմբերին իր պատմական հայրենիքից բռնի կերպով տեղահանված Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար՝ վերահաստատելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների եղբայրական բարեկամության և առանձնահատուկ հարաբերությունների բարձր մակարդակը:

Մենք նաև բարձր ենք գնահատում այն հետևողականությունն ու հոգատարությունը, որ Ֆրանսիական Հանրապետության Սենատի ու Ազգային ժողովի պատգամավորներդ ցուցաբերել եք նախորդ տարիներին՝ սատար կանգնելով Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկված արցախցի հայերին, որի կիզակետն, անշուշտ, 2020թ. 44-օրյա աղետալի պատերազմից հետո Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևն էր:

Այն կարևոր շեշտադրումները, որ ներառվել են հունվարի 17-ին Սենատի կողմից ընդունված բանաձևի մեջ՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիան դատապարտելու, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման և ագրեսիայի ցանկացած փորձ կանխելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադառնալու իրավունքի երաշխիքներ պահանջելու, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու, Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալությունները դատապարտելու և նրան անհապաղ ազատ արձակումը պահանջելու և այլ կարևոր դրույթների տեսքով, խիստ արդիական են այսօր և, մենք վստահ ենք, որ ազատություն, հավասարություն և եղբայրություն արժեքների ջահակիր Ֆրանսիան շարունակելու է նոր ցեղասպանության վտանգի տակ հայտնված հայ ժողովրդին աջակցելու իր շարունակական ջանքերը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի բոլոր 20 անդամների անունից Ձեզ եմ փոխանցում մեր ժողովրդի անսահման երախտագիտության հավաստիքը և ստեղծված նոր ու բարդ իրավիճակում համագործակցելու պատրաստակամությունը:

Լիահույս ենք, որ Հայաստան կատարելիք ձեր այցերի ընթացքում մենք առիթ կունենանք հանդիպել Երևանում և քննարկել հետագա փոխգործակցության հարցերը:

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ

«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031