Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքով և Սահմանադրությամբ հորեղբոր որդին մերձավոր ազգական չէ, բայց եթե ես իմանայի, միանշանակ ինքնաբացարկ կհայտնեի»․ դատավոր Նաիրա Գրիգորյան

Հունվար 22,2024 14:41

«Օրենքով սահմանված կարգով և Սահմանադրությամբ՝ հորեղբոր որդին չի հանդիսանում մերձավոր ազգական, բայց եթե դատարանին կներկայացվեր միջնորդություն հանցանքի վերաբերյալ, դատարանը միանշանակ կանդրադառնար միջնորդությանը և կբավարարեր այն»,- Բարձրագույն դատական խորհրդի դռնբաց նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դուստր Նաիրա Գրիգորյանը։

ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով։

Նաիրա Գրիգորյանը տեղեկացրեց, որ «Վեոլիաջուր ՓԲԸ-ն՝ ընդդեմ Հրանտ Գրիգորյանի» գործը դատարանը վարույթ է ընդունել պարզեցված կարգով, և կողմին պատշաճ կարգով ծանուցվել է նրա պարտականությունների ու իրավունքների վերաբերյալ։ Նա նշեց, որ պարզեցված կարգով գործերով հիմնականում անձնագրեր չեն լինում, քաղվածքներ են լինում՝ անուն, ազգանուն և քաղվածքի տվյալներ։

Հարցին՝ եթե հաստատ իմանայիք՝ այդ անձը՝ Հրանտ Գրիգորյանը Ձեր հորեղբոր որդին է, արդյոք դա Ձեզ համար բացարկի հիմք հանդիսանալո՞ւ էր, թե՞ գործի բնույթն այնպիսին է, որ կարելի է բացարկ չհայտնել, Նաիրա Գրիգորյանը պատասխանեց․ «Իրականացրել եմ արդարադատություն, որևէ մեկի իրավունք չի խախտվել։ Օրենքով սահմանված կարգով արդարադատությունը իրականացվել է։ Դատարանը, երբ ունենար այդ տվյալները, որ նույն անձի վերաբերյալ է, միանշանակ կհայտներ բացարկ»։

Հարցին՝ մինչ այդ նույն անձի հետ կապված քննված գործով և խնդրահարույց այս գործով անձի հասցեն նո՞ւյնն է եղել, Նաիրա Գրիգորյանը պատասխանեց՝ նախորդում եղել է Արշալույս գյուղի հասցե, այս գործով՝ Էջմիածնի։ Նախորդ գործով էլ այլ ազգականից է տեղեկացել, որ իր հորեղբոր որդու գործն է ու ինքնաբացարկ է հայտնել։

Նաիրա Գրիգորյանն ասաց, որ նաև Հրանտ Գրիգորյանի աղջկա՝ Թամարա Գրիգորյանի մասով է պարզեցված ընթացակարգով գործ ունեցել 2023-ին․ «Թամարա Գրիգորյանի գործով դատարանը վարույթ է ընդունել և պատասխան ստացել։ Հետագայում Թամարան իր պարտականությունները կատարել է համապատասխան բանկի հանդեպ, հետևաբար հայցից հրաժարվել է։ Մյուս եղբոր երեխայի հետ կապված նույնպես եղել են գործեր։ Որևէ մեկը բացարկի միջնորդություն չի հայտնել կամ իմ անաչառության հետ կապված կասկած չի դրել»։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հարցրեց՝ ճի՞շտ է սեփական հորեղբոր որդու գործով որոշում կայացնելը դատարանի համար․ բոլորս հասկանում ենք, որ հորեղբոր տղայի գործով դատ անելը ճիշտ չէ և արդյոք այն, որ նրան դեմ որոշում եք կայացրել, դա արդարացնո՞ւմ է Ձեր՝ ինքնաբացարկ չհայտնելը։

Նաիրա Գրիգորյանը պատասխանեց․ «Միանշանակ՝ ոչ։ Եթե ես իմանայի, միանշանակ ինքնաբացարկ կհայտնեի։ Ես իրականացրել եմ արդարադատությունը օրենքով սահմանված կարգով։ Նրա որևէ իրավունք չի խախտվել, կայացվել է արդարադատություն։ Միանշանակ, եթե իմանայի, ինքնաբացարկ կհայտնեի։ Դատարանը չի իմացել, չէր էլ կարող իմանալ պարզեցված վարույթի կարգով, ինչպես նաև նա իր իրավունքները, պարտականությունները ստացել էր, կարող էր իր իրավունքներից օգտվել։ Եթե որևէ կասկած կար իր մոտ անաչառության վերաբերյալ, կարող էր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել»։

Կարեն Անդրեասյանը հետաքրքրվեց՝ Ձեր ազգանունը կրող, Ձեզ համար հայտնի անունը կրող մարդու անուն ազգանունը որևէ փուլում Ձեզ չանհանգստացրե՞ց, որ գործ եք ունենալու Ձեր ազգականի հետ, թեկուզ, եթե ձեր հարաբերությունները սառն են։

Դատավորը պատասխանեց․ «Որևէ բացական և սառը վերաբերմունքի մասին չեմ կարող ասել։ Որպես դատավոր՝ իրականացրել եմ արդարադատություն։ Եթե դատավորին հայտնի լինեին բացարկի տվյալների մասին, միանշանակ դատարանը բացարկ կհայտներ»։

ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի հունվարի 29-ին՝ ժամը 10։50։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031