Aravot.am-ը տեղեկացրել է, թե «Օրրան» բարեգործական կազմակերպությունն ինչ թղթաբանական ու դատական քաշքշուկների մեջ է՝ կապված կազմակերպության շենքի հարեւանությամբ ընթացող շինարարության հետ: «Օրրանի» հիմնադիր, տնօրեն Արմինե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ այդքան մարդկանց կյանքը վտանգելով հավելյալ գումար վաստակելը անբարոյական է համարում:
Aravot.am-ը տիկին Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գործը, հատկապես որ այդ տարածքով անցնելիս տեսել էինք, որ «Օրրանի» հարեւանությամբ շինարարությունը շարունակվում է:
«Դատարանի երկու որոշում ունենք. մեկը վարչական դատարանի կողմից՝ կայացված հունվարի 3-ին, մյուսը՝ Երևանի քաղաքացիական դատարանի կողմից՝ կայացված հունվարի 5-ին, որոնք պարտադրում են կասեցնել շինարարությունը: Չնայած այս երկու որոշումներին՝ կառուցապատողը իրեն վեր է դասում օրենքից եւ շարունակում է շինարարությունը: Այդ հարցով դիմել ենք ԴԱՀԿ, որը բացի մեր դիմումից, արդեն կատարողական ակտ պետք է ստացած լիներ դատարաններից, բայց ոչ մի արձագանք չկա»,-ասաց Արմինե Հովհաննիսյանը:
Քանի որ «Հետքը» թեմայի վերաբերյալ հրապարակման մեջ անդրադարձել էր կառուցապառողին՝ տիկին Հովհաննիսյանի ստորագրությամբ տրված մեկ այլ համաձայնության թղթի, «Օրրանի» տնօրենին հարցրինք՝ իսկապե՞ս երկրորդ թուղթ է ստորագրել:
Կարդացեք նաև
«Ես միայն մեկ թուղթ եմ ստորագրել՝ 2021թ. փետրվարի 1-ին, որով համաձայնություն եմ տվել առ այն, որ չունեմ առարկություն քաղաքացի Արգամ Հովհաննիսյանին պատկանող Եկմալյան 6/1 հասցեում երկհարկանի հասարակական նշանակության շինության կառուցմանը: Ի դեպ, ես չեմ ասել՝ ասել անօրինական կառուցմանը:
Սակայն, երբ սկսվում է շինարարությունը, եւ ակնհայտ է դառնում անօրինականությունը, ես բարձրաձայնում եմ այդ մասին, որին ի պատասխան՝ Քաղաքաշինության տեխնիկական եւ հակահրդեհային անվտանգության տեսչական մարմինն ինձ է ուղարկում մի թուղթ՝ 2022թ. մարտի 18-ի տարեթվով, որը պարունակում է նույն բովանդակությունը, ինչ առաջին թուղթը , բայց տարբերվում է շինության էսքիզով եւ հասցեով:
Ընդգծեմ, որ այդտեղ ուղղակի պատճենված են իմ ստորագրությունն ու «Օրրանի» կնիքը: Ես պահանջում եմ այդ փաստաթղթի բնօրինակը, քանի որ նման փաստաթուղթ չեմ ստորագրել»,-ասաց Արմինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ «Օրրանի» հարևանությամբ կառուցվող հասարակական նշանակության շինության կառուցման հարցով պաշտոնապես ՀՀ կառավարությանն էր դիմել ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, իսկ Արմինե Հովհաննիսյանը խախտումների մասին բաց նամակով ահազանգել էր Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որը «Օրրանի» հիմնադրին առաջարկել էր վիճելի կառուցապատման հարցը վիճարկել դատարանում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ