POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 13-րդ)
2024 թ. հենց սկզբից Նիկոլ Փաշինյանը շարունակեց իր լայնածավալ և բացահայտ պատերազմը հայ ժողովրդի դեմ՝ թիրախավորելով նրա ինքնության հիմնաքարերը, սիմվոլները և էլեմենտները:
Նախ՝ Ամանորի գիշերը Հանրայինի ձեռքերով փորձեց նսեմացնել հոգևոր իշխանության կարևորությունը՝ չհեռարձակելով Վեհափառ Հայրապետի ուղերձը:
Այս ստորության հիմքում ոչ միայն խանդի խնդիրն է (չէ՞ որ հոգևոր իշխանության հեղինակությունը փաշինյանական ռեժիմի վարկանիշից անգամներով բարձր է), ոչ միայն Մայր Աթոռի զգուշավոր, բայց հստակ հակադարձումն է Նիկոլի հակաազգային քայլերին:
Կարդացեք նաև
Հիմնական շարժառիթն ավելի խորքային է. որքան հոգևոր են ժողովուրդները, այնքան ավելի ազգային են նրանք, իսկ Փաշինյանն ազգայինի ոխերիմ ախոյանն է:
Տարեսկզբին նոր լիցք հաղորդվեց նաև «Արարատն ընդդեմ Արագածի» արհեստական, հիմարագույն և վտանգավոր հակադրությանը:
Կռվացնել եղածը կորցրածի հետ՝ անթաքույց անբարո է, քանզի երկուսն էլ քոնն են՝ ինչպես չես կարող մոռանալ պատանդ ընկած ավագ որդուդ, հրաժարվել նրանից, չկախել նրա լուսանկարը պատից և դա հիմնավորել կրտսերին սիրելու ցնորքով: Կարելի է և պետք է սիրել մեկին և չմոռանալ մյուսին, քանզի երկուսն էլ քոնն են: Աջ կուրծքը կորցրած կինը չի կարող մոռանալ այն և կենտրոնանալ միայն ձախ կրծքի վրա, ու մարդամեջ դուրս գալուց անգամ՝ նա փորձում է վերականգնել իր տեսանելի ամբողջականությունը:
Հետո գրպանային պատմաբանների միջոցով քննարկման է նետվում «Հայ ժողովրդի պատմությունն՝ ընդդեմ Հայաստանի պատմության» նույնքան վտանգավոր և հեռահար ծուղակը: Պարզից էլ պարզ է, որ հայ ժողովրդի պատմությունը մարդկանց պատմություն է, իսկ Հայաստանինը՝ տարածքի: Ի դեպ, ո՞ր Հայաստանի պատմությունը՝ 29-800 քկմ-ի՞… Ովքե՞ր են ապրել այդ «Հայաստանում»: Չէ՞ որ նիկոլական թունավոր ընկալման մեջ մենք «կադաստրի վկայական» էլ չունենք: Իսկ կարո՞ղ է սպասեք, դելիմիտացիա-դեմարկացիան վերջացնեք, հետո «Հայաստանի պատմություն» գրեք: Համաձայնեք, զավեշտ է, ցնորք, ուղեղի բորբոքում:
Հայտնի է, որ պատերազմները ժողովուրդներից ազգ են սարքում: Այսպես եղավ հայերիս հետ Արցախյան առաջին պատերազմի հաղթական ավարտից հետո: Սակայն ճիշտ է նաև հակառակը. պատերազմները կործանում են ազգերին, և 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից հետո հայ ազգը կրկին ժողովուրդ դարձավ: Իսկ դրանից հետո մեր դեմ շարունակվող սողացող պատերազմը, Նիկոլի վերարտադրությունը և Արցախի կորուստը մեզ իջեցրին էթնիկ սանդղակի է՛լ ավելի ցածր մակարդակի՝ բնակչության:
Փաշինյանի բոլոր ջանքերը միտված են մեզ՝ որպես էթնիկ խումբ, հենց այս մակարդակում զմռսելուն, թույլ չտալու ինքնության բարձր մակարդակի վերակենդանացում: Ինչո՞ւ՝ կհարցնեն ոմանք, ո՞րն է դրա նպատակը. պատասխանը մակերեսի վրա է: Դեռևս Սեմուել Հանթինգտոնը փաստել էր, որ ազգային շահերը բխում են ազգային ինքնությունից, և որքան ցածր լինի մեր ինքնության մակարդակը, այնքան պրիմիտիվ կլինեն մեր շահերը, իղձերը, նպատակները, և այդքան հեշտ ու էժան կվաճառի նա մեզ համաշխարհային գեոպոլիտիկ շուկայում:
Արդյունքում՝ ունենք վիճակ, երբ 2018-ին հայ ազգի վարչապետ ցնծությամբ դարձած մարդն այդ նույն ազգին 5 տարվա ընթացքում հասցրեց բնակչության մակարդակի և հեռանալու փոխարեն՝ փորձում է փոխել 4500 տարվա պատմություն ունեցող էթնոսի «ես»-ը: Այս հրեշավոր օպերացիան դեռևս չի ավարտվել, և զոհը դեռևս փրկվելու և ռենեգատին պատժելու շանս ունի: Համաշխարհային մակարդակի ողբերգություն կլինի, եթե ազգի «կոդերը» փոխելն ավելի հեշտ լինի, քան Փաշինյանին:
Հուդային՝ դավաճանությամբ, իսկ Հերոստրատին՝ անառողջ փառքի տենչանքով հավասարված Նիկոլը վաղուց անհույս է: Իսկ հայ ժողովո՞ւրդը:
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ, 22.01.2024 թ.
Աղբյուրը՝ 168.am